Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ Է

Օգոստոս 29,2003 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ Է Արդարադատության նախարարությունը պատրաստվում է սահմանափակել նրա իրավունքները: ՀՀ կառավարությունը (արդարադատության նախարարությունը) նախատեսում եւ աշխատում է բաց ժողովի արդյունքում ընդունել տալ մի եզրակացություն, որով հնարավորություն կստանա թիվ 60 լիցենզիայով «ԱրմենՏելին» տրված բոլոր բացառիկ իրավունքները ձեւակերպել որպես ոչ բացառիկ եւ իրավունք ստանալ նոր լիցենզիաներ տրամադրել այլ ընկերությունների: Մոտավորապես այսպիսի ձեւակերպում են ստացել «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու վերաբերյալ կառավարության ոչ պաշտոնական խոստումները: Կառավարությունը մտադիր է նաեւ ծառայություններ մատուցող ընկերության («ԱրմենՏել» կամ հետագայում մի ուրիշ ընկերության) կողմից լիցենզիայի դրույթների խախտման դեպքում դրամական տուգանքներ նշանակելու իրավունք ստանալ: «ԱրմենՏելում» ունեցած «Առավոտի» հավաստի աղբյուրի հաղորդմամբ, «ԱրմենՏելը» ՀՀ արդարադատության նախարարությունից նշվածը բովանդակող մի փաստաթուղթ է ստացել, որն էլ նյարդայնացրել է ընկերության ղեկավարությանը: Հարկ է արձանագրել, որ նման որոշումը (եզրակացությունը) թիվ 60 լիցենզիայում փոփոխություն է ենթադրում եւ, իրոք, նշանակում է զրկվել «ԱրմենՏելին» մենաշնորհային դիրքից: Մեր տվյալներով, սա է դարձել «ԱրմենՏելի» ղեկավարության նյարդայնանալու պատճառը, որովհետեւ վերջիններս պարզորոշ պատկերացնում են նման որոշման հետեւանքները: Այս փաստաթուղթն ստանալուն էլ հետեւել են երկուշաբթի, երեքշաբթի մինչեւ ուշ երեկո տեւող ինտենսիվ քննարկումները, որ անցկացվել են «ԱրմենՏելում»՝ ընկերության բարձրագույն ղեկավարության մակարդակով: Այդ օրերին քննարկվում էր բաց ժողովին մասնակցել-չմասնակցելու, ընդհուպ մինչեւ բոյկոտելու հարցը: Մեր աղբյուրների հաղորդմամբ, արդյունքում որոշվել է, այնուամենայնիվ, մասնակցել բաց ժողովին, նախորդ բաց ժողովի նման սկսել հին Հունաստանի պատմությունից, հայ-հունական բարեկամությունից խոսել, եւ անպայման ասել, թե Հայաստանի կառավարությունն ինչքան է խանգարում այս ընկերությանը՝ բիզնեսը ծավալելիս: Ընկերությունը կներկայանա նեղացածի կեցվածքով, ընթացքից ամենայն հավանականությամբ կլքի բաց ժողովը: Մեր հիշատակած եզրակացությունն ընդունվելու պարագայում ամենայն հավանականությամբ միջազգային դատարան կդիմի: Իհարկե, չենք բացառում, որ ինֆորմացիայի արտահոսքի պատճառով «ԱրմենՏելը» փոխի իր մտադրությունները, բայց երեկ օրվա առաջին կեսի դրությամբ այս որոշումն էր ուժի մեջ: Բաց ժողովին սա «ԱրմենՏելի» միակ նախապատրաստությունը չէր: Գործին առնչություն ունեցող մեր բոլոր աղբյուրները հաստատեցին «Առավոտի» այն դիտարկումը, որ որոշ շահագրգիռներ ջանում էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հեռու պահել բաց ժողովից եւ դրա շուրջն ընթացող գործընթացներից, որովհետեւ ընկերությունը խիստ դժգոհ էր մնացել Դ. Հարությունյանից, որը փաստացի համակարգում էր նախորդ բաց ժողովի շուրջ ընթացող գործընթացները: «ԱրմենՏելն» արդարադատության նախարարին բաց ժողովից հեռու պահելու գրեթե պահանջով էլ է հանդես եկել, ինչին, մեր աղբյուրների տվյալներով, հետեւել է նախարարի կոպիտ արձագանքը: Այս ընկերությունը ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված իր մի նամակում նաեւ իմիջիայլոց տարակուսանք է հայտնել բաց ժողովին արդարադատության նախարարի մասնակցության կապակցությամբ: Սակայն «ԱրմենՏելին» չհաջողվեց արդարադատության նախարարին խաղից դուրս թողնել: Հատուկ նշենք, որ «ԱրմենՏելը» միակը չէ, որ այս ցանկությամբ հանդես է եկել: Իսկ մեր դիտարկման համար հիմք է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ վերջերս «կոմպրոմատներ» էին տարածվում արդարադատության նախարարի մասին: Սակայն այդ «կոմպրոմատների» հիմնավորվածությունն այն մակարդակի էր, որ չտպագրեցինք: Բաց ժողովի մանրամասները՝ վաղվա համարում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել