Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ՝ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Օգոստոս 29,2003 00:00

ԴԱՐՁՅԱԼ՝ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ «Ակնհայտ է, որ բռնազավթված է իշխանությունը եւ եթե իշխանությունը բռնազավթված է, ապա ցանկացած ճանապարհով կարելի է տապալել այդ իշխանությունը»,- վստահեցնում է ԱԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը։ Իսկ այդ նպատակին, ըստ Շավարշ Քոչարյանի, հնարավոր է հասնել ոչ միայն բռնի տապալումով՝ «հեռացի՛ր, հեռացի՛ր վանկարկելով, այլեւ դիմում ես որոշակի Սահմանադրական եւ օրենսդրական գործընթացի»։ Ըստ Շավարշ Քոչարյանի՝ «Արդարություն» դաշինքն այդ հնարավորությունն ունի եւ «այդ հնարավորությունը տվեց նաեւ Սահմանադրական դատարանը», պրն Քոչարյանը նկատի ունի վստահության հանրաքվեի անցկացումը։ Այսօր «Արդարություն» դաշինքը կներկայացնի «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը. «Արդեն մեկ ամիս է, նախագիծը քննարկվում էր, վերջնական տեսքով ներկայացվելու է։ Իսկ այդ փոփոխությունները ենթադրում են շատ կարեւոր հանգամանք՝ գործող Սահմանադրության 2-րդ հոդվածը հռչակում է (իսկ դա անփոփոխ է), որ իշխանության միակ տերը եւ աղբյուրը ժողովուրդն է, որն էլ իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների միջոցով։ Բայց իրականում պարզվում է, որ «Հանրաքվեի մասին» օրենքն այդ հնարավորությունը չի տվել։ Բնական է, որ մեր ներկայացվելիք նախագծի հետ սերտորեն կապված է նաեւ «Ընտրական օրենսգիրքը»։ «Արդարությունը» մտադի՞ր է միանալ «Ազգային միաբանության» նախաձեռնած ստորագրահավաքին, չէ՞ որ, ի վերջո, երկուսի նպատակն էլ մեկն է՝ իշխանափոխությունը։ Պրն Քոչարյանը հստակեցրեց. «Ստորագրահավաքն ի՞նչ է տալիս, ոչ մի բան, դա որեւէ իրավական հետեւանք չի ունենալու։ Ամբողջ խնդիրն այն է, որ օրենքը պետք է ընդունվի, սրա համար է հարկավոր պայքարել, որ հետո մենք կարողանանք օրինական կարգով իշխանափոխություն իրականացնել»։ Շավարշ Քոչարյանը հնարավոր զարգացումների մասին նկատեց հետեւյալը. «գործընթացներն, իհարկե, էապես կախված են «Արդարություն» դաշինքից, բայց՝ ոչ միայն, դա կախված է նաեւ հասարակությունից, դա կախված է ժողովրդից։ Որովհետեւ ամենավտանգավորը հիասթափությունն է, իսկ այդ հիասթափությունն իշխանություններից ժողովուրդն ապրում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել