Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ՝ ԹՂԹԵ ՇԵՐԵՓ

Օգոստոս 29,2003 00:00

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ՝ ԹՂԹԵ ՇԵՐԵՓ Այսօր տեղի է ունենալու կոալիցիոն կառավարության համակարգող խորհրդի երրորդ նիստը։ Խորհրդի կազմն այսօր, ըստ ամենայնի, ամբողջական կլինի՝ ՀՀԿ-ի կողմից կմասնակցեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը եւ Լեւոն Մկրտչյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանը եւ Սամվել Բալասանյանը։ Ըստ որոշ լուրերի՝ խորհրդի նիստում բացի օրակարգային հարցերից, անդրադարձ կլինի նաեւ ՕԵԿ-ի, մասնավորապես՝ այս կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի պահվածքին, որն, ակնհայտորեն, դաշնակցականների եւ հանրապետականների սրտով չէ։ Երեկ լրացավ կոալիցիայի անդամ կուսակցություններին տրված վերջին ժամկետը՝ հակակոռուպցիոն ծրագիր ներկայացնելու համար։ Այս հարցում եւս կոալիցիայի ներսում որոշակի խնդիրներ կան։ Փաստորեն, մինչ կոալիցիայի ձեւավորումը կառավարությանն առընթեր արդեն գործում էր հակակոռուպցիոն հանձնաժողով, եւ հիմա ակնհայտ տարաձայնություններ են առաջանում այս իմաստով։ Վերոհիշյալ հանձնաժողովն ստեղծվել է ՀԲ-ի դրամամուտքի շրջանակներում, եւ սրա կազմում, ըստ կոալիցիայի անդամներից մեկի, ընդգրկված են «հենց այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, որոնք ամենից շատն են մխրճված կոռուպցիայի մեջ, հիմա սրանք ո՞նց են պայքարելու իրենք իրենց դեմ»։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում ընդգրկված են գլխավոր դատախազությունը, ՆԳ-ն, արդարադատության նախարարությունը, մի խոսքով՝ պարզ է, թե ովքեր։ Կոռուպցիայի դեմ նոր՝ «կոալիցիոն» պայքարողներից Դաշնակցությունը կարեւոր է համարում նախ՝ գտնել կոռուպցիայի սահմանումը եւ հետո՝ պատճառները։ ՕԵԿ-ն կարծես թե ակտիվ չէ հակակոռուպցիոն առաջարկների տեսակետից։ ՀՀԿ-ն էլ, ըստ ամենայնի, իր առաջարկությունների փաթեթում կընդգրկի կառավարությանն առընթեր հիշյալ հանձնաժողովի աշխատանքը։ Հայտնի է, որ «Արդարություն» խմբակցությունը եւս ունի կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնություն, արդյո՞ք կոալիցիայի անդամները մտադիր են այդ առաջարկները եւս հաշվի առնել։ Ըստ ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանի. «Եթե առաջարկություններ կան, մենք պատրաստ ենք այդ առաջարկությունները դիտարկել, անկախ նրանից, թե ո՞ր կողմից են դրանք արվում, եւ եթե դրանք խնդիրների լուծման ավելի լավ ճանապարհներ կնշեն, մենք պատրաստ ենք այդ առաջարկները պաշտպանել հենց կոալիցիայի նիստերի ժամանակ»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել