Լրահոս
Օրվա լրահոսը

Չսպասելով ամերիկացիներին

Օգոստոս 29,2003 00:00

Չսպասելով ամերիկացիներին «Արդարություն» խմբակցությունն առաջարկում է, որ ընտրական հանձնաժողովներում մեծամասնություն կազմեն ընդդիմադիրները: ԱԺ «Արդարություն» խմբակցությունն իր երեկվա նիստում քննարկել է խորհրդարանի աշնանային նստաշրջանում ներկայացնելիք օրինագծերին վերաբերող հարցեր: Նիստից հետո խմբակցության պատգամավոր Արշակ Սադոյանն է լրագրողներին տեղեկացրել, որ «Արդարությունը» պատրաստվում է շրջանառության մեջ դնել մի քանի, այդ թվում՝ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում եւ «Ընտրական օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, օրինագծերը: Քանի որ մասնավորապես «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանն արդեն այսօր մեր թերթում պարզաբանումներ է տվել, անդրադառնանք միայն «Ընտրական օրենսգրքի» այն փոփոխություններին, որոնք առաջարկում է անել «Արդարություն» խմբակցությունը: Ինչպես հայտնի է եվրոպական կառույցները ամենատարբեր մակարդակներով շեշտը դնում են այդ օրենսգրքում մասնավորապես ընտրական հանձնաժողովների ձեւավորման վրա: Այս իմաստով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ԱԺ ընտրությունները դարձնել 100 տոկոսով համամասնական ընտրակարգով: Բացի այդ, ըստ խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի, «Արդարության» օրինագծում նախատեսում են ընտրական հանձնաժողովները ձեւավորել ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մեջ ընդգրկված կուսակցություններից: Ասել է թե, այդ տրամաբանությամբ «Արդարություն» խմբակցությունը, որ բաղկացած է 9 տարբեր կուսակցություններից ընտրական հանձնաժողովներում ստանալու է 9 տեղ, իսկ մյուս խմբակցությունները միասին՝ 4 տեղ: «Տրամաբանությունն այն է, որ 1990 թ. ընտրություններից հետո մնացած բոլոր ընտրությունները կեղծել են իշխանությունները, ուստի հիմա մենք ասում ենք հնարավորություն տվեք ընդդիմությանը ընտրությունները կազմակեպելու պատասխանատվություն ստանձնել, ինչպես Վրաստանում է: Այնտեղ էլ ընտրական հանձնաժողովների մեծամասնությունն ընդդիմության ներկայացուցիչներ են: Ընդ որում, Վրաստանում այդ սկզբունքը ամրագրվել է ամերիկացիների միջամտությամբ: Հիմա մենք չենք ուզում սպասել, որ ամերիկացիները հանդես գան նման առաջարկությամբ, այլ՝ ինքներս ենք առաջարկում»,- պարզաբանեց Վ.Դալլաքյանը: «Արդարության» առաջարկներից մեկն էլ վերաբերում է բանակի մասնակցությանն ընտրություններին: Ըստ այդմ, բանակը դրանց չի մասնակցելու, ընդ որում, խոսքը վերաբերում է որեւէ մակարդակի ընտրություններին: Խմբակցության քարտուղարի պնդմամբ, ՀՀ Սահմանադրության 44 եւ 45 հոդվածներն այդ հնարավորությունը տալիս են: Ընդդիմությունն առաջարկում է նաեւ վստահված անձանց տալ ընտրական հանձնաժողովների անդամներին հավասար լիազորություններ՝ բացառությամբ քվեարկելու իրավունքից: Ինչ վերաբերում ԵԽ ԽՎ առաջարկին՝ բարելավել ձայների հաշվառման կարգը, ապա «Արդարությունը» նաեւ դրան վերաբերող փոփոխություն է առաջարկում. «Քվեաթերթիկները տպագրել ՀՀ սահմաններից դուրս, օրինակ՝ ԵԽ անդամ որեւէ երկրում: Միաժամանակ ըստ տեղամասերի համարակալել քվեաթերթիկները եւ այլն»: Վ.Դալլաքյանի ասելով, «Արդարության» ներկայացրած օրինագծում նախատեսված են ընտրությունների արդյունքների հաշվառման վերահսկողության բազմաթիվ եւ վստահելի մեխանիզմներ: Բաց մնացած միակ հարցը, թերեւս, այն է, թե արդյո՞ք ընդդիմության այս օրինագիծը ԱԺ-ում իշխանական մեծամասնության կողմից ընդունելի կլինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել