Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՈՒՏՈՎ ԿԻՄԱՆԱՆՔ՝ ՈՎ Է ՏԱԿԱՆՔԸ»

Օգոստոս 29,2003 00:00

«ՇՈՒՏՈՎ ԿԻՄԱՆԱՆՔ՝ ՈՎ Է ՏԱԿԱՆՔԸ» Վստահեցնում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը – Ձեր քաղաքական գործունեությունը Դուք հրապարակայնացնում էիք ԱԺ ամբիոնի միջոցով: Այժմ, երբ պատգամավոր չեք, ինչպե՞ս եք գործելու: – Բնականաբար, որպես նվիրյալի, ԱԺ-ում ես ունեցել եմ իմ խոսքի դաշտը. դա ազգային գաղափարախոսության դաշտն էր, եւ իմ կերպը քաղաքական դաշտում բնորոշվում էր ժողովրդով, հայրենիքն ուժեղ պետություն դարձնելու գաղափարով: Եթե այսօր ինչ-ինչ պատճառով մանդատն ինձնից խլեցին եւ տվեցին վարդագույն դեմքով մի օլիգարխի, դա չէ սարսափելին: Ինչպես շատ հայտնի քաղաքական գործիչներ իրենց քաղաքական ակտիվությունը ցուցաբերում են ԶԼՄ-ներով կամ հասարակության հետ ունեցած իրենց ակտիվ քաղաքական գործունեությամբ, բնականաբար, ես նույնպես իմ քաղաքական մտքի եւ դիրքորոշման արտահայտության ռազմավարությունն եմ մշակել: Դժբախտությունը քաղաքական կյանքում ամբիոն կորցնելը չէ, այլ երկրում ուղղորդված այն քաղաքականության կորուստն է, որտեղ թելադրողը օլիգարխն է լինելու: Այդ դեպքում արդեն անդառնալի հետքեր են մնալու պետության ճակատագրի եւ, ինչո՞ւ չէ, սեփական ժողովրդին բնորոշող հոգեկերտվածքի մեջ: – Անդրադառնալով վերջին սպանություններին, այսինքն՝ Նուբարաշենի խճուղում հայտնի դեպքերին, Դուք ասել էիք, թե՝ «գործող տականքները չունեն թեկուզ սովորական հայ մարդու բարոյական կերպար»: Հետո, թե՝ «նրանք իրենց ամենօրյա առօրյայով, թայֆայական ապրելաձեւով ու գործունեությամբ խարխլում են մեր ժողովրդի հավաքականության հիմքերը»: «Գործող տականքներ» ասելով՝ ո՞ւմ եք նկատի ունեցել: – Այո, մենք քաջ գիտենք, որ հայ տականքը անմրցելի է աշխարհում /Նժդեհի մեկնաբանությամբ/: Բայց ներկա ժամանակի հայ տականքին, երեւի, հայ մեծ ազգային գաղափարախոսը խոսք չգտներ ասելու: Առանց տալու, ստանալ հայրենիքից՝ չի լինում: Պետության ու հասարակության համար ամենամեծ չարիքը նմանների տխուր գոյությունն է, որոնք հանցավոր ես-ի մեջ փակված արհամարհում եւ հեգնում են այն, ինչն իրենց չի գոհացնում: Եվ ինչպե՞ս գոհացնի, երբ ամեն ինչ ունեն, ամեն ինչ կարող են փողով գնել, բացի, թեկուզ մեկ տող, ազատագրական շարժման կենսագրությունից: Իսկ այդ միտքն այդքան ունեցվածքի մեջ օլիգարխին հանգիստ չի տալիս: Ուղեղներում չարությունից հոշոտում են մեր տեսակին, քանի որ մենք հոգեւոր արժեքների տեր ենք, մենք առավել հարուստ ենք մեր արժեքներով, եւ հենց դրա համար էլ մեզ սիրում է մեր ժողովուրդը: Չէր սիրի մեզ ժողովուրդը, եթե՝ որպես տականքի արյուն, հայասպանության ու անպատժելիության դաշտում հայտնվեինք, ինչպես ոմն օլիգարխ, որը զարմիկին հաճոյանալու համար կազմակերպեց Նուբարաշենի արյունալից սպանությունը՝ թուրքավարի, դիմակավորված, դարանակալված: Որովհետեւ կյանքը նմանների համար քմահաճույքների դաշտ է, իսկ հայրենիքը՝ օրվա հաշիվների անկյուն: Իսկ թե ո՞ւմ նկատի ունեմ՝ ասելով «տականք», ապա, հուսով եմ, շատ շուտով այդ ամբողջի պատասխանը ողջ հասարակությանը կտան իրավապահ մարմինները, որոնք ՀՀ դատախազության անաչառ մոտեցմամբ՝ հստակ կատարված այդ ոճրագործությունը կհասցնեն լիարժեք բացահայտման: – Խոսակցություններ կան, որ 2-3 օր առաջ Ձեր եւ Սամվել Ալեքսանյանի միջեւ բախում է տեղի ունեցել, կրակոցներ են եղել, որի հետեւանքով, իբրեւ, Ս. Ալեքսանյանի թիմակիցներից 3-ը մահացել են: Որքանո՞վ են այս խոսակցությունները համապատասխանում իրականությանը: – Ես Աստծո տուն կառուցող մարդ եմ: Ես եւ իմ եղբոր որդիները Աստվածաշնչով ապրող մարդիկ ենք: Մենք սպանել ենք սարերում, պատերազմի ժամանակ, երբ մեր առջեւ թուրք թշնամին էր, եւ երբ նման մարդիկ այդ օրերին թիկունքում առեւտրով էին զբաղված: Մեզ համար ամենամեծ արժեքը հայ մարդն է, եւ ոչ ամերիկյան դոլարը: Մեզ համար մեր սարերի կանաչն ավելի վառ է եւ արժեվորված: Հավասարվել մարդկանց եւ մտնել արյան դաշտ, ուր միանգամից պղծվում են բոլոր արժեքները, մեր կողմից ընդունելի չէ, որովհետեւ մենք ունենք կենսագրություն, որն առանձին վերցրած ժամանակի մեջ իր տեղը կգտնի մեր ազգի պատմության էջերում: Ձեր կողմից շոշափված անձին մինչ օրս չեմ ճանաչել եւ հետն ընդհանուր ոչինչ չեմ ունեցել ու՝ չեմ ունենալու: Դեպքի հետ կապված, ինչ խոսք, սպանվել է եղբորս փոքր որդին, մեզ հետ բոլորովին կապ չունեցող 2 ազնվագույն մարդիկ: Դա ցավ է մեզ համար, եւ մեծ վիշտ: Բայց քաղաքական գործչիս եւ ազգիս նվիրյալի համար առավել ծանր կլինի, երբ մեր գործողություններով հանկարծ խարխլած կլինենք այսօրվա մեր պետության հիմքերին դրվող ինչ-որ մի քար: Իրավապահ մարմիններին վստահում ենք՝ գործը կթողնե՞ն կիսատ, հանցագործները կմնա՞ն անպատիժ… Աստծո կամքը ոնց թելադրի: Բոլոր ասեկոսեները, որոնք կան եւ երբեւիցե կլինեն՝ սուտ են: Զրուցեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել