Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԻՆ ԷԼԻ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Օգոստոս 29,2003 00:00

ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԻՆ ԷԼԻ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Թեեւ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «Քրեական օրենսգրքում» չկա նման հոդված Գլխավոր դատախազության կազմակերպչական-վերահսկողական բաժնի պետ, «27»-ի դատավարությունում մեղադրողների խմբի համակարգող Գագիկ Ավետիսյանն «Առավոտին» իր զարմանքն էր արտահայտել օրենսդիրների վերաբերմունքի նկատմամբ, որոնց գործողությունների հետեւանքով՝ «27»-ի գործով մեղադրողները զրկվել են Նաիրի Հունանյանին եւ մյուս ահաբեկիչներին առաջադրված «Հայրենիքի դավաճանության» մեղադրանքը պաշտպանելու հնարավորությունից»։ Նա մասնավորապես հիշեցրել էր, թե նախկին «Քրեական օրենսգրքի» 59 հոդվածը սահմանել էր, որ թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը ռազմական գաղտնիք հայտնելը, իշխանությունը զավթելու նպատակով դավադրությունը հայրենիքի դավաճանություն է։ Գագիկ Ավետիսյանը գտնում է, թե նոր «Քրեական օրենսգրքում» ճիշտ կլիներ, որ տեղ գտներ «դավադրությամբ իշխանությունը զավթելու նպատակ» հատկանիշը։ Սակայն տվյալ հատկանիշը վերացնելով՝ Հունանյաններին առաջադրված մեղադրանքներից մեկը վերաորակելու հնարավորություն տվեց այն ԱԺ-ն, որի նկատմամբ գործվել էր այդ ահաբեկչությունը: Մեկնաբանությունների համար դիմեցինք «Քրեական օրենսգրքի» համահեղինակ եւ աշխատանքային խմբի ղեկավար Միքայել Գրիգորյանին: «Հայրենիքին դավաճանելու հոդվածը ոչ թե հանվել է ՀՀ նոր «Քրեական օրենսգրքից», այլ այդ արարքը վերանվանվել է «պետական դավաճանություն»,- պարզաբանեց պրն Գրիգորյանը:- Իրերի վիճակն այդպիսին է նաեւ այլ երկրներում, օրինակ՝ ՌԴ-ի (հոդված 275), Բելառուսի (հոդված 356), Ուկրաինայի (հոդված 111), Գերմանիայի (81 եւ 82), Շվեդիայի (19-րդ գլխի 1-ին հոդված) եւ այլ երկրների քրեական օրենսգրքերում: Օրենսդիրի նման վարվելակերպի չափանիշն այն է, որ պետական դավաճանությունը երկրի արտաքին անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է, իսկ դավադրությունը ոտնձգում է երկրի իշխանության համակարգի եւ սահմանադրական կարգի դեմ: Ըստ էության՝ տվյալ հանցագործությունը նոր «Քրեական օրենսգրքում» պահպանել է իր հիմնական բնութագրիչները: Ինչ վերաբերում է «դավադրությանը՝ իշխանությունը զավթելու նպատակով», ապա այդ հատկանիշը թեեւ դուրս է հանվել դավաճանության հանցակազմի կոնստրուկցիայից (իհարկե՝ ոչ ինչ-որ մեկին «արջի ծառայություն» մատուցելու, այլ «Քրեական օրենսգիրքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով), բայց տեղ է գտել հաջորդ՝ 300-րդ հոդվածում, որը պատասխանատվություն է սահմանում պետական իշխանությունը յուրացնելու համար»: Կարելի էր ենթադրել, թե «27»-ի ահաբեկիչներին առաջադրված այդ մեղադրանքը վերաորակվելու եւ նրանց առաջադրվելու է նոր՝ «պետական իշխանությունը յուրացնելու համար» մեղադրանք, սակայն Միքայել Գրիգորյանը մատնանշեց հետեւյալ հանգամանքը. «Հանրահայտ ճշմարտություն է, որ «Արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում են այդ արարքը կատարելու պահին գործող օրենքով» (ՀՀ 1961թ. «Քրեական օրենսգրքի» 6-րդ հոդվածի 1-ին մաս: Նույնաբովանդակ դրույթ է պարունակում նաեւ ՀՀ 2003թ. «Քրեական օրենսգրքի» 12-րդ հոդվածի 1-ին մասը): Դա նշանակում է, որ եթե հանցանքը կատարվել է «հին» քրեական օրենքի գործողության ժամանակ, ապա պետք է գործի «հին» օրենքը, եթե անգամ քրեական գործ հարուցելու, մեղադրանք առաջադրելու կամ դատավճիռ կայացնելու պահին այդ օրենքն արդեն կորցրել է իր ուժը: Հին օրենքը կարծես թե գերապրում է իրեն հատկացված ժամանակը եւ շարունակում գործել ու կիրառվել: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հանցագործությունը որոշ ժամանակ կարող է մնալ չբացահայտված կամ դրա կատարման փաստն ընդհանրապես կարող է հայտնի չլինել քննչական մարմիններին: Ավելի՛ն, անգամ հանցանքը կատարելու մեջ մեղավոր անձին հավաստելու դեպքում՝ նախաքննությունն ու դատական քննությունը կարող են տեւել տարիներ: Այնուամենայնիվ՝ ինչ ժամանակահատված էլ անցնի, որքան քրեական օրենքներ էլ փոխվեն՝ պետք է կիրառվի հանցանք կատարելու ժամանակ գործող «Քրեական օրենսգիրքը»: Ոստիկանապետի խորհրդական Միքայել Գրիգորյանն ամփոփեց ասելիքը. «27»-ի գործով արարքների որակման եւ մեղադրանքը պաշտպանելու տեսակետից ՀՀ նոր «Քրեական օրենսգիրքը» որեւէ խոչընդոտ չի՛ հարուցում եւ չի՛ կարող հարուցել: Հակառակ պնդումները կա՛մ չիմացության դրսեւորում են, կա՛մ միտումնավորություն, հասարակական կարծիքը շեղելու փորձ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել