Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ԱՍԵՍ՝ ԶԲԱՂՎՈՒՄ Է

Օգոստոս 28,2003 00:00

ՈՎ ԱՍԵՍ՝ ԶԲԱՂՎՈՒՄ Է Գյուղացիներն այս տարի խիստ դժգոհ են ցորենի ցածր բերքատվությունից։ Նրանց կարծիքով, «մեղավորը» անորակ սերմացուն է, որը որպես օգնություն տրամադրվել է ցածր գներով։ Գյուղնախարարությունում չհամաձայնեցին այս կարծիքի հետ։ Գյուղնախարարության գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի պարզաբանմամբ, տարբեր կազմակերպություններ են ներկրել այդ ցորենն ու օգնության կարգով տվել գյուղացիներին, իրենք միայն օգնել են բաշխման հարցում։ Վարչության պետի տվյալներով, «զանազան ահազանգեր եղել են, ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ ցանքի ուշացումն է պատճառը»։ Սակայն նա չժխտեց, որ «դեպքեր կան, երբ տեղական սերմնաբույծներից գնված սերմն, իսկապես, շատ անորակ է եղել»։ Բայց այս հարցում կրկին գյուղացին է մեղավոր. «Թող չցաներ, մինչեւ չստուգեր մեր լաբորատորիաներում»։ Պարզվում է, որակի ստուգման լաբորատորիաներ գործում են բոլոր մարզերում, ծառայությունն անվճար է, սակայն, չգիտես ինչու, գյուղացիների 10-15%-ն է ստուգում իր գնած սերմացուի որակը։ Ինչ վերաբերում է սերմնաբուծարանների գործունեության որակին, ապա մեր զրուցակիցն այն գնահատեց «խիստ ցածր», որովհետեւ «մենք չունենք օրենք սերմնաբուծության մասին, գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեությունը չի հարկվում, ուստի սերմնաբուծությամբ զբաղվում է ով ասես»։ Ըստ նրա, «փրկությունը լիցենզիայի մասին օրենքում փոփոխություն մտցնելն ու սերմնաբուծությունը լիցենզավորված գործունեություն դարձնելն է»։ Իսկ հիմա, պարզվում է, գյուղացին չի կարող իր գնած անորակ սերմացուի համար պատասխանատվության ենթարկել սերմնաբույծին, որովհետեւ վերջինիցս չի ստացել որակի հավաստագիր։ Ճիշտ նույն վիճակն է նաեւ թունաքիմիկատների ներկրման եւ իրացման դաշտում։ Կրկին «ով ասես եւ ինչ ասես բերում է, ու չկա որակի վերահսկողության հնարավորություն, որովհետեւ գործունեության այս տեսակը նույնպես լիցենզավորված չէ»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել