Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԾՆՎԱԾ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ

Օգոստոս 28,2003 00:00

ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԾՆՎԱԾ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ «Մարզահամալիրը հոյակերտ կառույց է՝ փոշոտ ապակիներով եւ կեղտոտ զուգարաններով»,- նկատել է Արմեն Սիրույանը՝ Բարսելոնից: Համահայկական խաղերի սփյուռքահայ մասնակիցները վերադարձան իրենց երկրները: Այդ երիտասարդներից շատերը, շնորհիվ Խաղերի, առաջին անգամ են նախնիների երկիր այցելելու հնարավորություն ունենում։ Նրանց դրական կամ բացասական տպավորությունները կախված են ոչ միայն կազմակերպիչների ճիշտ աշխատանքից, այլեւ ընդհանրապես մեզանից՝ հայաստանաբնակներից։ Խաղերի օրերին տարբեր թեմաներով զրուցել ենք մասնակիցներից եւ հյուրերից շատերի հետ։ Նրանք ընդհանուր առմամբ գոհ էին հայրենիքում անցկացրած օրերից։ Բայց նաեւ որոշ բաներից տարակուսած, հիասթափված ու զարմացած էին, որովհետեւ անկախ կենսամակարդակի, գաղափարախոսությունների, համոզմունքների տարբերություններից, ամբողջ աշխարհում կան ու գործում են որոշակի ընդունված հարաբերություններ, որոնց գոնե նվազագույն մակարդակի պահպանումը պարտադիր է։ Բարսելոնում բնակվող Արմեն Սիրույանը, որ արդեն 13-րդ անգամ էր Հայաստանում ու ցանկություն ունի ամեն մի առիթ ներկայանալու դեպքում կրկին գալ, ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել այստեղի սպասարկման ոլորտում տիրող անտարբեր վերաբերմունքը հաճախորդների հանդեպ։ Արմենը մասնագիտությամբ ճարտարապետ է, ունի սեփական գրասենյակ, զբաղվում է բիզնեսի այլ ճյուղերով։ Որպես ճարտարապետ, նա հիացած է մարզահամերգային համալիրով։ «Աշխարհում ամեն երկիր չէ, որ նման հոյակերտ կառույց ունի,- ասում էր նա։- Դա պարզապես գանձ է, որ պետք է ամեն օր խնամել ու փայփայել, որպեսզի չփչանա, շարքից դուրս չգա։ Բայց արի ու տես, որ համալիրի ապակիները, մարմարե հատակը փոշու մեջ կորած են։ Իսկ ի՜նչ սարսափելի վիճակում են զուգարանները։ Այս օրերին մի քանի անգամ գնացի այնտեղ՝ բասկետբոլի խաղեր նայելու։ Փակման օրն անգամ զուգարաններում լվացարանները կոտրված էին, գործում էր միայն մեկը, այն էլ խցանված էր։ Չեմ հասկանում, այդ հաստատությունում հավաքարար կամ սպասարկման ոլորտի այլ աշխատող չկա՞։ Կամ դեպի համալիր տանող աստիճաններն ու դրանց կողքի կանաչ տարածքը։ Մի՞թե հնարավոր չէ խոտերը կտրել, ծառերը խնամել, իսկ աստիճանների կոտրված սալիկները կպցնել կամ փոխել։ Իմ ասածները մեծ ծախսերի հետ կապված չեն։ Գիտեմ, Հայաստանը տնտեսական բարվոք վիճակում չէ։ Պարզապես, հոգատարությունն ու սրտացավությունն է բացակայում ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը։ Կամ, ասենք, թենիսի մարզադպրոցի դահլիճը, որտեղ անցկացվում էին ֆուտզալի խաղերը։ Ես ինքս Բուենոս Այրեսի թիմի խաղացող եմ։ Մենք այս անգամ անհաջող հանդես եկանք։ Բայց ամբողջ թիմով ուզում էինք դիտել Երեւան-Վանաձոր եզրափակիչ խաղը։ Կասկած չկար, որ այդ օրը շատ հանդիսատես է լինելու ու տրիբունայում նստելատեղերը չեն բավարարելու։ Ուրեմն դպրոցի տնօրինությունը կարող էր լրացուցիչ աթոռներ դնել։ Բայց, ավաղ։ Մենք ու շատ- շատերը ստիպված էինք ծվարել դահլիճի անկյուններում ու մեկս մյուսի թեւի տակից, մեր առջեւում կանգնածների ոտքերի արանքից հետեւել հանդիպմանը»։ Շատերն էլ, որ առաջին անգամ չէին լինում Հայաստանում, զարմացած ու զայրացած էին հատկապես Երեւանի այն տաքսիստներից, ովքեր իրենց անձնական մեքենաներով են այդ ծառայությունը ապահովում։ «Եղբայր,- ասում էին,- առաջին անգամ չենք Երեւանում։ Որոշ բաներ գիտենք։ Օրինակ, թե որքան է «Դինամոն» հեռու օպերայից։ Բայց այդ վարորդները, տեսնելով, որ արտասահմանից ենք, կրկնակի, եռակի վարձ են պահանջում»։ Իսկ արգենտինահայերը պատմում էին մեր հեղինակություն վայելող սրճարաններից մեկի՝ «Մարկո Պոլոյի» սպասարկման մասին։ Նրանք ուշ գիշերը մեծ խմբով դուրս էին եկել զբոսնելու եւ որոշել ընթրել այնտեղ։ Աշխատակցին հարցրել են, թե խոհանոցն այս ժամին բա՞ց է։ «Այո»,- եղել է պատասխանը։ Նստել են։ Մոտ 15 րոպե ոչ ոք չի մոտեցել։ Երբ իրենք են մատուցողին հրավիրել ու ցանկացել պատվիրել, պատասխանել են, թե միայն սենդվիչ կա։ Դե, նրանք էլ վիրավորված ու զայրացած հեռացել են։ «Այլեւս երբեք այդ սրճարան չենք գնա,- ասում էին արգենտինահայերը։- Զարմանում ենք, թե ինչպե՞ս կարելի է սպասարկման այս ոլորտում լինել այդքան անտարբեր։ Այդպես հաճախորդ են կորցնում։ Բայց դա նրանց պետքը չէ։ Մեզ մոտ լիներ, սրճարանատերը աշխատողին տնից կկանչեր, կամ էլ նախօրոք կասեր, որ խոհանոցը չի աշխատում եւ միայն այս կամ այն խորտիկը կարող է մատուցել։ Մեր զրուցակիցներից շատերը մտքեր արտահայտեցին, որոնք պետք է որ հետաքրքրեն նաեւ մեր իշխանություններին։ Նրանց համոզմամբ, Երեւանը գերհագեցած է հյուրանոցներով, իսկ հանրապետության մարզերում նորմալ հյուրանոց կամ չկա, կամ քիչ է։ Արտասահմանցին, լինի հայ կամ այլազգի, գալով Հայաստան, ուզում է լինել տարբեր շրջաններում։ Ասենք, մարդը կամ խումբը ցանկություն ունի այցելել Գորիս, Կապան, Ալավերդի կամ Իջեւան ու մի քանի օր մնալ։ Բայց հազիվ թե նա այդպես վարվի, եթե տեղերում նորմալ հյուրանոցներ չկան։ Լավագույն դեպքում կհամաձայնի վաղ առավոտյան մեկնել, հիմնական ժամանակը ծախսել ճանապարհի վրա եւ տեղում մի քանի ժամ կիսատ-պռատ անցկացնելով, նույն օրը հոգնած ու տանջված վերադառնալ Երեւան։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու Հայաստանում զբոսաշրջությունը չի զարգանում։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել