Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ կենցաղը ինձ չխանգարի

Օգոստոս 28,2003 00:00

Որ կենցաղը ինձ չխանգարի Ինչպես եւ բոլորս, դրա մասին է երազում երգչուհի Անահիտ Շարյանը Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում երգչուհի, Անդրկովկասյան եւ միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Շարյանի անվան շուրջ, որ իբր նա ընդգրկված է աղանդավորական խմբերից մեկում։ Ըստ շրջանառվող լուրերի, երգչուհու կրոնական խնդիրներն են՝ նրա բեմում եւ եթերում հաճախակի չերեւալու պատճառը։ Ա. Շարյանը, սակայն, հանգիստ է ընդունում այդ կարգի ասեկոսեները։ «Բոլորս էլ քրիստոնյա ենք, հավատացյալ։ Թեպետ լուսահոգի հայրս աթեիստ էր, բայց մորս հետ կարողացանք նրան քրիստոնյա դարձնել,- մեր տարակույսներին ի պատասխան հայտարարեց երգչուհին,- Աստծուն չի կարելի ուրանալ եւ ամեն ինչ պետք է արվի Բարձրյալի փառաբանության համար»։ Ներկայումս Ա. Շարյանը իր կյանքում միակ լուսավորը համարում է Երեւանի կոնսերվատորիայի ջազային-էստրադային բաժնում ուսանելը եւ համագործակցությունը Երվանդ Երզնկյանի նվագախմբի, Մարտին Վարդազարյանի, Արամ Սաթյանի եւ մյուս պրոֆեսիոնալ երաժիշտների հետ։ «Ես անցյալով չեմ ապրում, բայց սիրով եմ հիշում կարճատեւ աշխատանքս Երգի պետական թատրոնում, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Իրանում ունեցած հյուրախաղերս»,- ասում է երգչուհին։ Բեմում վերջին շրջանում հաճախակի չերեւալու համար Ա. Շարյանը ուրիշներին չի մեղադրում. «Երեւի ես եմ մեղավոր։ Նախօրոք պետք է իմանամ՝ ո՞վ է տվյալ համերգի կամ միջոցառման կազմակերպիչը։ Եթե ես հրավիրված եմ՝ ունե՞մ համապատասխան երգ, թե՞ ոչ եւ ո՞ւմ հետ պետք է ելույթ ունենամ»։ Երգչուհուն դուր չի գալիս այն հանգամանքը, որ Հայաստանում պրոֆեսիոնալ կատարողները ստիպված են լինում իրենք լուծել ամենատարրական հարցերը, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում դրանք մենեջերի խնդիրներն են. «Օրինակ, Ռուսաստանի երգիչների միակ հոգսը իրենց իմիջի վրա աշխատելն է, երգը, տեսահոլովակը։ Իրենք գործ չունեն ֆինանսական հարցերի հետ։ Մի խոսքով, ես էլ եմ ուզում միայն արվեստի մասին մտածել ու երազում եմ, որ կենցաղը չխանգարի ինձ»։ Անահիտը չի կարողանում համակերպվել մերօրյա, թեկուզ շնորհալի՝ «երգի փոքրիկ իշխանների» հետ, որոնք պարզապես սերտում են իրենց տարիքին ոչ հարիր երգերը, հաճախ չհասկանալով, թե ինչի մասին են երգում։ Երգչուհին դրական չի վերաբերում այն մրցույթներին, որտեղ հաշվի չեն առնում տվյալ հանգամանքը, չնայած տարբեր տարիների մրցույթների դափնեկիր է. «Քեզ պետք է գնահատի հանդիսատեսը, ոչ թե մի քանի հոգուց բաղկացած ինչ-որ հանձնախումբ, որը պարտադրում է՝ ինչ երգես եւ ինչ չերգես»։ Ի դեպ, Ա. Շարյանը Մարինե Ալեսի «Դարի զավակները» եւ Երվանդ Երզնկյանի «Նոյյան տապանը» երգերով մասնակցել է «Սայաթ-Նովա-2003» մրցանակաբաշխությանը եւ, «Առավոտի» տեղեկություններով, անցել է 2-րդ փուլ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել