Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱԽ ՉԱՓԵԼ, ՄՈՄ ԹԱՓԵԼ, ԹՈՒՂԹՈՒԳԻՐ

Օգոստոս 28,2003 00:00

ՎԱԽ ՉԱՓԵԼ, ՄՈՄ ԹԱՓԵԼ, ԹՈՒՂԹՈՒԳԻՐ Իշխանությունները հերթական անգամ վախեցած են: Առաջին հայացքից կարծես թե էդքան շատ վախենալու պատճառներ չկան: Հա, ի՞նչ: Ընդամենը հացը թանկացավ: Գազն էլ կթանկանա: Ջուրն էլ: Էլեկտրաէներգիան էլ: Մնացած առաջին անհրաժեշտության ապրանքներն էլ: Ծառայություններն էլ: Հա, ի՞նչ: Ընդամենը երկու (երեւացող) պետպատվերով դատավարություն է ընթանում: Բոլորն էլ գիտեն, թե որում ինչ է անհրաժեշտ ապացուցել: Ու ոնց պիտի ապացուցվի: Հա, ի՞նչ։ Մեկ է, ոչ մեկն էլ չի ընդվզելու, փողոց դուրս չի գալու, իշխանափոխության պահանջ չի դնելու: Բայց հո իշխանություններ կոչվածներն իրենք գիտեն իրենց արածները եւ անելիքները, ու հենց դրա համար էլ վախենում են: Վախենում են, որովհետեւ գիտեն, թե իրենք ինչ կանեին: Թե ինչի են իրականում իրենք արժանի: Ինչի համար: Ինչու: Իշխանություններն իրենց արածները լավ գիտեն ու վախեցած են նաեւ այն պատճառով, որ շատ դժվար է պահել իշխանությունը, որովհետեւ թիվ նկարելը եւ իրավիճակ նկարելը տարբեր բաներ են: Նկարած թվերը ընտրությունների ժամանակ նշանակություն ունեն, մնացած ժամանակներում թիվ նկարելը ոչինչ է: Մարդկանց աշխատանք է պետք, մարդկանց հայրենիք է պետք: Ապահովվածություն: Եվ՝ որոշակիություն: Ոչ թե միայն թանկացումներ: Վերջին հաշվով երկրին ուժեղ, գործուն ու լեգիտիմ իշխանություն է պետք իր ներքին ու արտաքին խնդիրները լուծելու համար՝ եւ այս փաստը ոչ ոք չի կարող շրջանցել: Գոնե երկար ժամանակի համար: Իսկ մենք ունենք ոսկե օրենք: Երրորդ հանրապետության ամենաանխախտ օրենքը՝ երկրում ոչ մի լավ քայլ անպատիժ չի մնում: Եվ՝ հակառակը նույնպես օրենք է, չգրված, ուրեմն՝ գործող: Եվ երրորդ օրենքը՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը ընդմիշտ մնալու է անցման փուլում, ու ոչ ոք երբեք չի իմանալու՝ որտեղից, ուր, ինչպես, երբ ու ինչու ենք անցնելու: Մի քանի սերունդ ու նրանց ժառանգները լինելու են անցման փուլի ժամանակակիցները ու անցնելու են՝ չիմանալով՝ ուր, ինչպես ու ինչի համար: Երբ եւ ինչու: Ու բոլորի համար գաղտնիք, խոր գաղտնիք է մնում, թե էդ ոնց եղավ, որ Եվրախորհրդի բոլոր պահանջներից հայերի սրտով ամենաշատը միասեռականության, աղանդավորության ընդունումն ու մահապատժի վերացումը եղավ: Ամենավերջին խնդիրն այսօր ամենահրատապն է: Բայց ինչպես միշտ՝ իզուր եւ անիմաստ: Աղմկահարույց սպանությունները ինքնին պատասխան են տալիս այն խնդրին՝ պե՞տք է մահապատիժը վերացնել, թե՞ ոչ: Եվ պատասխանը միանշանակ է՝ միեւնույն է. «Երկրում ո՞վ է ապրելու ու ո՞վ է կյանքով հատուցելու իր արարքների համար» խնդիրը՝ բոլորովին էլ պետությունը չի տնօրինում (մի քանի հոգի ընդամենը) իր պաշտոնական ու այդ խնդիրները լուծելու կոչված կառույցներով, այլ՝ հարցերը լուծվում են փողոցներում ու աղբանոցներում սպանություններով ու այդ սպանությունների հրահանգները իջեցնելով: Այսինքն՝ լիովին ապրիորի խնդիր է՝ կա, թե չկա այդ վիրտուալ մահապատիժը. ով խանգարում է՝ վերացնում են, ով պետք չէ՝ հայտնվում է արտասահմանում, ով պետք է՝ խրախուսվում է, ով ամառը Սեւանում է, ով՝ Նիցցայում, ով՝ Մադրիդում, ով՝ Երեւանում, ոչ մի նշանակություն. մեծ քաղաքականությունը հայ իրականության փոքրիկ ասպարեզում ինքն իր համար իր իլիկն է պտտում: Ի վերջո ժամանակն է նաեւ հստակ հասկանալ ու գիտակցել, որ մահն ինքնին պատիժ չէ: Եվ չի էլ կարող լինել: Հակառակ դեպքում ֆիզիկապես անմահների թիվը գրեթե ամեն օր կավելանար Երկիր մոլորակի վրա գոնե, ու ոչ թե սերնդափոխություն կլիներ, այլ հայտնի չէ, թե ինչ: Մահապատիժը, պարզապես, տվյալ անձնավորությանը ավելի շուտ դժոխք հասցնելու միջոց է: Ուր նրան, համապատասխան պարունակում, սպասում են: Եվ եթե տվյալ անձին իր ժամանակին մահապատժի միջոցով «չեն հասցնում» դժոխք, դա դեռեւս չի նշանակում, որ այնտեղ շարունակելու են հանգիստ ու անվրդով սպասել: «Ընդունելության» «ելակետային պայմանները» փոխվում են, անշուշտ՝ ավելի խստանալու եւ առավել անտանելի դառնալու ուղղությամբ: Այսինքն՝ ուշանալու դեպքում ավելի շատ ու մեծ տանջանքներով է «նշանավորվելու» նրա մուտքը եւ հետագա իրավիճակներն էլ, համապատասխանաբար, ավելի ու ավելի անտանելի են դառնալու: Ու, բացի այդ: Եթե հիշում եք, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդուն սպանելու մեղավոր նշանակվեց Լի Հարվի Օսվալդը, որին հենց բանտում, ուղիղ եթերի ժամանակ սպանեց Ջեկ Ռուբին: Այնուհետեւ սպանեցին նրան, հետո՝ նաեւ սպանողին, եւ այդպես շարունակ։ Այն, որ մահապատիժը շատ ավելի մարդասիրական ձեռնարկ է՝ ապացուցում են նաեւ դրան դատապարտվածների ու նրանց ծնողների այսօրվա դիրքորոշումները: Իսկ հիմա ո՞վ կասի, թե 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանում ի՞նչ է եղել: Բացի կաթողիկոսական ընտրություններից: Դատավարությունն էլ արագ-արագ կավարտենք, կհանձնենք պատմության փոշոտ դարակներին մի քանի հարյուր հատոր կիսաճշմարտությունների ու կիսաբացահայտումների էջեր, անջատված մասը կկասեցնենք՝ հանցակազմի բացակայության կամ նույնքան անհեթեթ որեւէ պատճառաբանությամբ ու կսլանանք դեպի պայծառ ապագա՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ կոմպլեմենտար ծեքծեքումների մեր քաղաքականությամբ, որի բռնկումների մեջ կմեռնի թե անկախությունը, թե երկրի ապագան, թե Արցախի հարցը: Իսկ, ընդհանրապես, 27-ի կատարողները իրենք պիտի շահագրգիռ լինեն, որ մահապատիժ լինի, որ արագ իմանան այդ ամենի օրն ու ժամը գոնե մոտավորապես, թե չէ ամեն օր նրանք վախենալու են իրենց կերածից էլ, խմածից էլ, բացվող ու փակվող դռան ճռռոցից էլ: Մնաց իշխանությունների վախը չափելը: Մոմ թափելո՞վ: Թե՞ թուղթուգիր անելով: «Ըդիկ կարեւոր չէ»: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել