Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վտանգավոր նախադեպ

Օգոստոս 28,2003 00:00

Վտանգավոր նախադեպ Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Մանուկյանը հայցադիմում է ներկայացրել Արարատի մարզի 1-ին ատյանի դատարան՝ իր գույքն «Արտեքս» ՍՊԸ-ի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին: «Արտեքսի» տնօրենը հայցվորի եղբայրն է: Դատավոր Թաթուլ Պողոսյանը, որ երկու անգամ պատասխանող կողմի միջնորդությամբ դատաքննությունը հետաձգելու որոշում է կայացրել՝ հուլիսի 30-ին նշանակված նիստում դարձյալ անակնկալի է բերել հայցվորին՝ գործի վարույթը կասեցնելու իր որոշումով: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցվոր Ա. Մանուկյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի վարույթում է գտնվում նրա հոր՝ Գ. Մանուկյանի դիմումը, որով կասկածի տակ է դրվել հայցվորի հոգեկան լիարժեքության հանգամանքը, հետեւաբար դատարանը գտնում է, որ առկա է գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքերից մեկը»: Դատավորը որոշել է, որ անհնար է Արմեն Մանուկյանի հայցադիմումի քննությունը մինչեւ նրան անգործունակ ճանաչելու վերաբերյալ քաղաքացիական գործով վճիռ կայացնելը: Արմեն Մանուկյանի փաստաբան Լուսինե Բակումյանը բացարկ է հայտնել դատավորին: Փաստաբանը պնդում է, որ Ա. Մանուկյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանի վարույթում գտնվելը նրա հայցադիմումը քննության չառնելու պատճառ չի կարող լինել: «Դատավորն առանց հիմքի, խախտելով 105 հ.-ի 4-րդ կետը, համաձայն որի դատարանը պարտավոր էր գործի վարույթը կասեցնել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը կճանաչվեր անգործունակ»: Այսինքն, նրա նկատմամբ կլիներ անգործունակ ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ: Այնուհետեւ փաստաբանը դիմել է դատարանի նախագահին՝ խնդրելով վերանայել «դատավորի ակնհայտ անհիմն որոշումը»: Սակայն դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը դատավորի որոշումը թողել է անփոփոխ՝ իր մերժումը չհիմնավորելով օրենքի որեւէ կետով: Քանի որ դատարանի նախագահի որոշումները բողոքարկման ենթակա չեն, փաստաբանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան դեպքի մասին ահազանգել դատական համակարգի պատասխանատու այրերին՝ Արդարադատության նախարարին, Արդարադատության խորհրդին եւ Վճռաբեկ դատարանի նախագահին: Տեղեկացրել է, որ դատավորներ Թ.Պողոսյանն ու Գ. Սարգսյանը «իրենց ապօրինի որոշումներով» խոչընդոտում են քաղաքացիների դատական պաշտպանության իրավունքի իրականացմանը եւ կարող են վտանգավոր նախադեպ ստեղծել հետագայում քննվող քաղաքացիական գործերի անհիմն կասեցումների եւ հետաձգումների համար: Լ. Բակումյանը դատավորի ու դատարանի նախագահի այդօրինակ որոշումներ կայացնելը բացատրում է կամ՝ օրենքը շրջանցելով, կամ՝ օրենքի չիմացությամբ, որոնք երկուսն էլ անընդունելի են արդարադատություն իրականացնողների համար, եւ խնդրել է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին: Մ. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել