«Արմավիան» կփրկի՞ իր իմիջը Ինչպես պատահեց, որ մեր լուսավոր շուկայական դարում «ինքնաթիռի տեղերը վերջանում են»: «Մնում է օդանավի դռներից կախված թռչենք»,- կատակեց զրուցակիցներիցս մեկը: Կատակները ժամանակի ընթացքում վեր են ածվել լուրջ ու կոնկրետ դժգոհությունների։ Մասնավորապես, վերջին շրջանում բուռն դժգոհություններ են արտահայտվում «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Մոսկվա չվերթներից։ Մոսկվաբնակ մեր հայրենակիցները դժգոհում են, որ ունենալով բաց ամսաթվով տոմսեր (մեկնելու եւ հետդարձի), ստիպված են իրենց նախատեսած ժամանակից ավելի մնալ Հայաստանում։ Մարդիկ արդարացիորեն ըմբոստանում են, որ «երեխաների դպրոց հաճախելու ժամանակն է, մեր արձակուրդն է լրացել: Եթե չեն կարողանում՝ թող չաշխատեն, թե չէ ստացվում է քցոցի»,- կարծիք հայտնեց մեր զրուցակից Հրաչուհի Երանոսյանը։ Այս առիթով «Արմավիա» ընկերության վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Աստղիկ Չապլինը հետեւյալ նկատառումներն արտահայտեց. «Բաց ամսաթվով տոմսեր գնելիս ուղեւորը երաշխիք ունի, որ անպայմանորեն ետ կթռչի, սակայն երաշխիք չկա, որ իր ուզած օրը կթռչի։ Մանավանդ այս ամիսներին, երբ ծանրաբեռնված շրջան է։ Ուստի խնդիրները գրեթե անխուսափելի են»։ Սա, սակայն, միակ խնդիրը չէ։ Վերջերս մեր ուղեւորները նաեւ «պատիվ» են ունեցել ինքնաթիռի տոմսը ձեռքներին մնալ օդանավակայանում։ Հաշվառման ընթացքում պարզվել է, որ ինքնաթիռի «տեղերը վերջացել են»։ Այս զավեշտական իրավիճակի առկայությունը Աստղիկ Չապլինը հաստատեց եւ հավելեց, որ դեպքեր են եղել, երբ, այսպես կոչված, «դուրս մնացած» մարդկանց թիվը հասել է 10-ի։ Ա. Չապլինը հետեւյալ բացատրությունները տվեց. «Վերջին շրջանում եղան դեպքեր, երբ տոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունները նախատեսվածից ավելի տոմսեր էին վաճառել։ Դա հիմնականում այն դեպքերին էր առնչվում, երբ ուղեւորները ցանկանում էին հետաձգել թռիչքը։ Ծանրաբեռնվածության պատճառով գործակալությունները պարտավոր էին ուղեւորին գրանցել հերթագրման ցուցակում, ինչը եւ արել են, սակայն նրանց միաժամանակ տոմս են վաճառել՝ թռիչքի կոնկրետ օրով եւ ժամով։ Հաշվառման ընթացքում, երբ մարդը կարծել է, թե ինքը պետք է թռչի, պարզվել է, որ հաշվառման ցուցակներում նրա անունը չկա, ուստիեւ չեն կարողացել մեկնել։ Տպավորություն է ստեղծվում, թե ընկերությունն է տոմս վաճառել եւ մարդկանց թյուրիմացության մեջ գցել։ Իրականում ավիագործակալություններն են չարաշահումներ թույլ տվել։ Մենք այդ խնդրով զբաղվում ենք լրջորեն եւ այն վերջնական լուծում կստանա։ Ուղեւորը չպետք է տուժի. դա մեր իմիջի խնդիրն է»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ