Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

WWW.BOMZH.AM

Օգոստոս 28,2003 00:00

WWW.BOMZH.AM Այսուհետեւ հայաստանցի գործազուրկները կարող են աշխատանք փնտրել ինտերնետի միջոցով։ Երեկ սոցիալական ապահովության նախարարությունում ներկայացվեց զբաղվածության ոլորտի աշխատանքների համակարգման, տեղեկատվական բազայի ստեղծման «Գործ» համակարգչային ծրագրի փորձնական ներդրումը։ Ծրագրի՝ ինտերնետային միջավայրում շահագործվելու հանգամանքը, ըստ հեղինակների, «հնարավորություն կտա աշխատանք փնտրողներին եւ գործարարներին խնայել ժամանակն ու միջոցները եւ ցանկացած տեղից՝ տնից, աշխատավայրից, ինտերնետ-ակումբներից, իրենց տվյալները մուտքագրել «Գործ» համակարգ»։ Հաշվի առնենք, որ ՀՀ-ում տանը եւ աշխատավայրում ինտերնետից օգտվում է բնակչության 3%-ից ոչ ավելին: Շատ հիմնարկ-ձեռնարկություններում ինտերնետ կապին միացված է միայն ղեկավարի համակարգիչը, իսկ ինտերնետ-ակումբներից էլ օգտվում են քիչ թե շատ ապահովված քաղաքացիները։ Նման պարագայում դժվար է պատկերացնել որեւէ «Սաքոի ձյաձյայի» ինտերնետով պահակի աշխատատեղ փնտրելը։ Գործարարներն էլ կարգին վարձատրվող աշխատատեղը լրացնելու համար մամուլում հայտարարություն տալիս են, միայն եթե պարտավորված են դա անել։ Ուր մնաց թե ինտերնետով աղմուկ բարձրացնեն, թե «լավ գործ ունեմ»։ Լավագույն դեպքում սա կարվի նրանց բոլոր ծանոթ-հարազատների ինտելեկտուալ հնարավորությունները ճշտելուց հետո։ Սա՝ ոչ միայն մեր սուբյեկտիվ դիտարկմամբ։ Փոխնախարար Աշոտ Եսայանը նկատեց, որ պրոբլեմ կա. «Գործատուն չի դիմում մեզ (նկատի ունի «ՀՀ զբաղվածության ծառայության» գործակալությունը- Ա. Գ.) իր ձեռնարկությունում ազատ աշխատատեղերը հաշվառելու համար»։ Ըստ նրա, գործազուրկների միայն մի կայուն զանգված է հաշվառվում եւ վերահաշվառվում զբաղվածության ծառայությունում։ Ավելի գլոբալ խնդրի վրա ուշադրություն հրավիրեցին գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանը եւ սոցապ նախկին նախարար Նարինե Բալայանը։ Բացակայում են մասնագիտությունների վերաբերյալ դասակարգիչները։ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Սարատիկյանն ասաց, որ այդ պատճառով առայժմ հիմք են ընդունում հանրապետությունում ուսուցանվող մասնագիտությունների ցանկը։ Պրն Սարատիկյանը բերելով «տիեզերագնաց» մասնագիտությունը նշելու հնարավոր օրինակը, հայտնեց, որ առաջարկի եւ պահանջարկի համադրում (համընկնում) չլինելու դեպքում, եթե տվյալները «Գործ» ներմուծել է ինքը՝ աշխատանք փնտրողը, դրանք ավտոմատ կերպով կջնջվեն էջից։ Այսպիսի տվյալները չեն կարող օգտագործվել նաեւ վերլուծությունների, վիճակագրության համար, քանի որ դրանց հավաստիությունը ստուգվելու է միայն վերը նշված համադրման առկայության դեպքում։ Նման տվյալները կլինեն, տնօրենի կարծիքով, կողմնորոշիչ։ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի եւ «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության «Գործ» ծրագրի մշակմանն ու ներդրմանը տեխնիկական ու մասնագիտական աջակցություն ցույց է տվել Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագիրը։ Հաջող փորձի դեպքում հետագայում դրա շահագործման համար պետբյուջեի «աջակցության» կարիքն էլ կլինի։ Այսօր արդեն համակարգիչներով ապահովվել են Երեւանի եւ Վանաձորի զբաղվածության տարածքային բոլոր կենտրոնները, ինտերնետային կապով՝ բոլորը, բացի երեքից: Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի եւ Ավանի կենտրոններում ինտերնետային կապը փոխարինվել է ծրագրի տեղային (լոկալ) տարբերակով՝ հեռախոսակայանի տեխնիկական հնարավորությունների պատճառով։ Արեւմտյան երկրների եւ հեռավոր ապագայի համար նախատեսված նման ծրագիրը մեզ մոտ այսօր, այնուամենայնիվ, մի արդյունք տվել է. ուրիշ էլ ի՞նչ կերպ կարելի էր կենտրոններն ապահովել համակարգիչներով։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել