Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ ՉԿԱՆ

Օգոստոս 28,2003 00:00

ԱԶԱՏ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ ՉԿԱՆ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պնդել էր, թե շուրջ 30 ազատ կապուղի կա, որոնք տրանսպորտի եւ կապի նախարարը չի ներկայացնում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Նախարար Անդրանիկ Մանուկյանը, սակայն, հայտնեց. «Այդ տեղեկատվությունն իրականության հետ չունի որեւէ կապ: Այսօր արդեն բաշխված են շուրջ 68 հաճախություններ եւ Երեւանում որեւէ ազատ կապուղի չկա: Իհարկե, մարզերում կան ազատ կապուղիներ, բայց, ինձ թվում է՝ «Ա1+»-ի համար դրանք հետաքրքիր չեն՝ հեռուստաընկերությունը թերեւս ցանկանար ունենալ մետրային կամ դեցիմետրային հաճախություն»: Ազատ կապուղիների բացակայության մասին հավաստիացումներ հնչում էին նաեւ 1,5 տարի առաջ, սակայն այդ ընթացքում հանկարծ ի հայտ եկավ 48-րդ դեցիմետրային կապուղին, որը ՀՌԱՀ-ն անմիջապես հանձնեց Հանրային հեռուստաընկերության Ազգային երաժշտական ալիքին: «Այո, եղել է նման դեպք,- համաձայնեց պրն Մանուկյանը:- 48-րդ կապուղին մինչ այդ զբաղված էր (նախարարը նպատակահարմար չհամարեց բացահայտել, թե ով էր զբաղեցրել այդ կապուղին: Համենայն դեպս՝ որեւէ հեռուստաընկերության այդ կապուղին մինչ այդ չէր տրամադրվել.- Ա. Ի.), եւ քանի որ ազատվեց՝ հատկացրինք ՀՌԱՀ-ին»: Անդրանիկ Մանուկյանը ներկայացրեց նաեւ եթերային հեռարձակման համար նախատեսված կապուղիների ցանկը՝ ապացուցելու համար, թե իսկապես չկան ազատ հաճախություններ: Մեր դիտարկմանը, թե այդ ցանկում նշված չեն դեցիմետրային 29, 33, 43 եւ 53 կապուղիները՝ տրանսպորտի եւ կապի նախարարն այսպես արձագանքեց. «Հեռարձակման համար տրամադրվում է ամեն 3-րդ կապուղին: Տեխնիկապես հնարավոր չէ, ենթադրենք, 21, 22, 23, 24 եւ դրան հաջորդող այլ կապուղիները տրամադրել հեռարձակման համար, քանի որ առաջանում է հայելային արտացոլման երեւույթ, որն առաջացնում է եթերային խանգարումներ»: Նշելով վերոհիշյալ 4 կապուղիները՝ հաշվի էինք առել նաեւ նախարարի մատնանշած հանգամանքը: Մնում է ենթադրել, որ կա մեկ այլ պատճառ եւս, որի մասին Անդրանիկ Մանուկյանը գերադասում է լռել. թերեւս այդ կապուղիները հատկացված են Ազգային անվտանգության ծառայությա՞նը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել