Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Օգոստոս 28,2003 00:00

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայ-թուրքական սահմանի բացման կողմնակից է: – Կոալիցիայում ՀՀԿ-ի գործընկերները՝ դաշնակցականները, բազմաթիվ փաստարկներ են ներկայացնում հայ-թուրքական սահմանի բացման աննպատակահարմարության մասին: Իսկ ինչպե՞ս եք հիմնավորում սահմանի բացման հեռանկարի վերաբերյալ Ձեր դրական վերաբերմունքը: – Աստծո կամոք՝ Հայաստանն ու Թուրքիան հարեւաններ են: Եվ մենք պետք է կարողանանք նաեւ մեր այդ հարեւանի հետ, ունենալով շատ բարդ մի խնդիր՝ գոնե խաղաղ ապրել եւ կարգավորել տնտեսական հարաբերությունները: Քաղաքական հարաբերությունների հաստատումն այլ խնդիր է: Որեւէ հայ չի կարող հրաժարվել Ցեղասպանության ճանաչման եւ Հայ Դատի գաղափարներից, բայց չենք կարող այդ հարցերը լուծել թույլ տնտեսությամբ: Ինձ թվում է՝ Հայաստանում ապրող ցանկացած մարդ, որը փոքրիշատե պատկերացնում է երկրի տնտեսության վիճակը՝ կողմ կլինի, որ բացվի հայ-թուրքական սահմանը: Արդեն 11 տարի է, ինչ Հայաստանը շրջափակման մեջ է: Ցավոք, այսօր Հայաստանը դեպի Ռուսաստան եւ Եվրոպա ճանապարհ ունի միայն Վրաստանի միջոցով, իսկ դեպի հարավ՝ Իրանի միջոցով: Բայց մեր հիմնական բեռնաշրջանառությունը կատարվում է Վրաստանի միջոցով: Եվ Վրաստանի տարածքում, ցավոք, ականատեսն ենք բազմաթիվ բացասական երեւույթների՝ բարձր սակագներ, բեռնափոխադրողների կամ ուղեւորափոխադրողների համար հսկայական խոչընդոտներ եւ ֆինանսական ծախսեր: Իսկ մենք ճարահատյալ պիտի համակերպվենք այդ ամենին, քանի որ չունենք երկաթուղային կամ ավտոմոբիլային այլ ճանապարհներ: – Իրակա՞ն են այն տվյալները, որ բարձրացել են տրանսպորտային փոխադրումների գները: 20 տոննայանոց բեռնարկղերի փոխադրման արժեքն այժմ շուրջ 4 հազար դոլար է՝ նախկին 3,2-3,5 հազարի փոխարեն: Որպես համեմատություն նշվում է, թե նույն տարողությամբ բեռնարկղերն ԱՄՆ-ից Չինաստան փոխադրելու համար պահանջվում է ընդամենը 800 դոլար: – Տեղյակ ենք այդ փաստերին: Սակայն հայկական երկաթուղու սակագները չեն ենթարկվել որեւէ փոփոխության վերջին 2 տարիների ընթացքում: Ռուսաստանն է 15%-ով թանկացրել բեռնափոխադրումների երկաթուղային սակագները, թանկացրել է նաեւ Ուկրաինան: Չի թանկացրել միայն Վրաստանը՝ բեռնափոխադրումների արժեքն այնտեղ առանց այդ էլ բարձր էր՝ թանկանալու տեղ էլ չկա: Վրացական կողմն այսօր հայկական երկաթուղուն թելադրում է իր ցանկացած սակագինը: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ՏՐԱՍԵԿԱ-յի անդամ երկրներ են. կա ՏՐԱՍԵԿԱ-յի որոշում, որի համաձայն՝ Վրաստանը պետք է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրի 50% զեղչ: Վրաստանն Ադրբեջանին տրամադրել է այդ զեղչը: Իսկ Հայաստանին ընդամենը տրամադրել է նավթամթերքների համար 24%, իսկ մյուս բեռների համար՝ 17% զեղչ: Ադրբեջանին նման զեղչեր տրամադրելը վրացական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ երկրի տարածքով էլ Վրաստանն է բեռներ ստանում, եւ Ադրբեջանն էլ իրենց է տրամադրում զեղչեր: Իսկ Հայաստանը միայն բեռներ է ստանում Վրաստանի տարածքով: Եթե վաղը բացվի թուրքական սահմանը եւ Ախուրյանի երկաթգիծը, ապա պարզ է, որ Թուրքիայից դեպի Վրաստան եկող բեռները պիտի անցնեն Հայաստանի տարածքով: Վրաստանն ինչ-որ չափով կախվածության մեջ կհայտնվի Հայաստանից, քանի որ կօգտագործվի մեր երկրի տարածքը տարանցիկ փոխադրումների համար: Եվ կկարողանանք թելադրել մեր պայմանները: – Հայ-թուրքական սահմանի բացման հակառակորդների փաստարկներից մեկն է, թե այդ պարագայում ապահովագրված չենք տնտեսական ներխուժման (էքսպանսիայի) վտանգից: Մեր շուկան կարող է հեղեղվել թուրքական ապրանքներով, որ կործանարար կլինի տեղական արտադրողի համար: – Դա տեսականորեն հնարավոր տարբերակներից մեկն է: Ցանկացած երկրի համար կարող է լինել տնտեսական ներխուժման վտանգ: Բայց հայկական շուկայում թուրքական ապրանքներն այսօր էլ ցածր տոկոս չեն կազմում: Մեր շուկան ոչ օրինական ճանապարհով հեղեղվել է թուրքական ապրանքներով: Ներքին առեւտուր կա ոչ միայն հայերի եւ թուրքերի, այլ անգամ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ՝ սա որեւէ մեկը չի կարող ժխտել: Չմոռանանք նաեւ շուկայական հարաբերությունների մասին: Շուկան ինքնուրույն կկարգավորի ամեն ինչ: Պետք չէ ֆետիշացնել, թե հենց սահմանը բացվեց՝ Թուրքիան տնտեսական էքսպանսիայի կենթարկի Հայաստանը, մեր արտադրողները չեն կարողանա դիմանալ մրցակցությանը եւ կսնանկանան: – Իսկ հնարավո՞ր չէ այդ վտանգի դեմն առնել օրենսդրական կարգավորմամբ, ասենք՝ ներմուծվելիք որոշ ապրանքների համար սահմանվելիք բարձր մաքսատուրքերի, որոնց միջոցով կարելի է պաշտպանել մեր արտադրողին: – Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է կարգավորել օրենսդրական դաշտում: Ակցիզային հարկը նախատեսված է հենց տեղական արտադրողի շահերը պաշտպանելու համար, որպեսզի ներկրվող ապրանքի վրա ակցիզային հարկ դնելով՝ գինը բարձրանա: Այլ մեթոդներ էլ է հնարավոր կիրառել, որ չտուժի տեղական արտադրողը: – Թեեւ ամիսներ առաջ արդեն նույնիսկ մոտալուտ էր թվում սահմանի բացումը՝ Թուրքիան դարձյալ կոշտացրեց դիրքորոշումը՝ վերստին առաջ քաշելով քաղաքական նախապայմաններ: Այնուամենայնիվ, հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում սահմանի բացումը: – Թուրքիան սահմանի բացման դիմաց նախ պահանջում էր, որ Հայաստանը վերադարձնի Ադրբեջանի «գրավյալ» տարածքները: Վերջին տարիներին սկսեց պահանջել, որ Հայաստանը հրաժարվի նաեւ Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից: Բայց զուտ քաղաքական մանեւրներին զուգընթաց՝ որոշակի նախանշաններ կան, որ Թուրքիան նախապատրաստական աշխատանքներ է տանում երկաթուղու վերագործարկման ուղղությամբ (նախարարը չցանկացավ որոշակիացնել.- Ա. Ի.): Ակնհայտ է, որ նաեւ Թուրքիային է ձեռնտու սահմանի բացումը, քանի որ Հայաստանին սահմանամերձ շրջանները, օրինակ՝ Կարսի նահանգը տնտեսապես ավելի թույլ է զարգացած, քան, ասենք՝ Թուրքիայի արեւմտյան նահանգները: Սահմանի բացումը ձեռնտու է նաեւ թուրք գործարարներին, որոնք այդ մասին անընդհատ խոսում եւ անհանգստացնում են իրենց կառավարությանը: Փաստորեն՝ զուտ քաղաքական կամքի դրսեւորում է հարկավոր Թուրքիային՝ Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել