Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ

Օգոստոս 27,2003 00:00

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ Համահայկական խաղերը նաեւ հայրենիքից կարոտն առնելու, վաղեմի ընկերներին հանդիպելու հրաշալի առիթ են։ Ու այս մասին կարելի է բերել բազմաթիվ օրինակներ։ Խաղերին մասնակցելու՝ Երեւան էր եկել նաեւ 80-ականների Հայաստանի լավագույն թիմի՝ Աբովյանի «Հատիս» բասկետբոլային ակումբի առանցքային խաղացող Էլեն Բունիաթյանցը, որը Խաղերում ներկայացնում էր Մոսկվայի թիմը: – Էլեն, ուղիղ 16 տարի չէիր եղել Երեւանում։ Ի՞նչ զգացումներ ունես։ – Երբ երկար ժամանակ բացակայում ես հայրական օջախից ու հետ վերադառնում, ապրումներդ չես կարող խոսքերով արտահայտել։ Այստեղ շատ բան է փոխվել։ Շատ բան էլ մնացել է նույնը։ Ու դա հաճելի հուշեր է արթնացնում։ Անակնկալ ու նաեւ պատվաբեր է, որ ինձ վստահվեց «Հրազդան» ստադիոնում վառել խաղերի կրակը։ Այդ պահի ապրումներս կարելի է համեմատել այն զգացումների հետ, որ ունեցա օլիմպիական խաղերի ոսկե մեդալ ստանալիս։ – Համահայկական խաղերից քո տպավորությունները։ – Մինչեւ նախավերջին օրը ամեն բան լավ էր։ Բայց Երեւանի հետ կիսաեզրափակիչում մրցավարները փչացրին մարզական տոնը, մեր տրամադրությունը։ Մենք պարտվեցինք վատ մրցավարության, կողմնակալության պատճառով։ Դրանում ես կազմկոմիտեին չեմ մեղադրում։ Մեղավորը հենց մրցավարներն էին։ Նրանք իրենց գործողություններով հօդս ցնդեցրին մեր թիմի խաղացողների, մարզիչների, հովանավորների ջանքերը։ Ափսոս։ – Խաղերի բրոնզե մեդալները օլիմպիական «ոսկու» կողքին ի՞նչ արժեք կունենան։ – Յուրաքանչյուր մեդալ ու մարզական պարգեւ իմ կյանքում իր առանձնահատուկ տեղն ու նշանակությունն ունի։ Այն ձեռք է բերվում քրտինքով։ Այս «բրոնզն» էլ կյանքիս տասն օրվա հիշողությունը կլինի։ – Ի՞նչ ես մտածում Հայաստանում բասկետբոլի ներկայիս վիճակի ու հեռանկարների մասին։ – Վարպետության ու տակտիկական պատրաստվածության առումով վատ տպավորություն չթողեցին։ Նրանց խաղային փորձն է պակասում։ Նույնիսկ Ռուսաստանում, որ հարյուրավոր բարձրակարգ թիմեր կան եւ առաջնություններ են անցկացվում, բասկետբոլի հեղինակությունը՝ միջազգային չափանիշներին մոտեցնելու առաջին քայլերն են արվում։ Պակաս կարեւոր չէ նաեւ մարզասերների ակտիվությունը։ Երբ «Հատիսը» խաղում էր, դահլիճում ասեղ գցելու տեղ չէր լինում։ Հիմա էլ դժվարանում եմ տրամադրվել խաղին, որքան էլ այն բարձր մակարդակի լինի, եթե տրիբունաները դատարկ են։ – Հիմա ինչո՞վ ես զբաղվում եւ ի՞նչ ծրագրեր ունես։ – Այս մրցաշրջանում հանդես եմ գալու «Բալթիյսկայա զվեզդայում», որը Ռուսաստանի սուպերլիգայում գրավել է հինգերորդ տեղը։ Պետերբուրգի այդ թիմը պատրաստվում է մասնակցել նաեւ Եվրոպայի մակարդակով մրցումների՝ FIBA-ի գավաթի խաղարկությանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել