Լրահոս
Օրվա լրահոսը

Անսահմանություն թռչողը

Օգոստոս 27,2003 00:00

Անսահմանություն թռչողը Օրերս Մոսկվայի արեւելքի ժողովուրդների թանգարանում բացվեց ճանաչված նկարիչ եւ դիզայներ Ֆրիդոն Ասլանյանի ցուցահանդեսը։ Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ քաղաքներում՝ Երեւանում, Վաշինգթոնում, Բեռլինում, Լյուքսեմբուրգում, Մոսկվայում եւ այլուր։ Ֆ. Ասլանյանի ջանքերով է Հայաստանում ստեղծվել «Ասլանյան» ստուդիան, ուր իրականացվում են բազմաթիվ հետաքրքիր նախագծեր։ Որպես ճարտարապետ, նա կյանքի է կոչել Երեւանում հանգստի գոտու մեծամասշտաբ նախագիծը, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշահամալիրը Բյուրականում, Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակի քաղաքաշինական նախագիծը Բրյանսկում, «Հայաստան» ռեստորանի եւ «Արարատ» խանութի համալիրները Մորդովայում։ Ֆ. Ասլանյանը ձեւավորել է նաեւ Մոսկվայի Լազարյան ճեմարանը, կատարել Լեռնային Ղարաբաղի Գանձասարի հնագույն համալիրի չափագրումը։ Ի դեպ, առաջինը հենց Ֆրիդոնը Գանձասարում քարե կիսադեմերի մեջ հայտնաբերեց «ջրաշուշանի» դիրքով նստած շինարարներին։ «Արվեստի նպատակը ինքնանվիրումն է»,- համոզված է նկարիչը։ Ցուցահանդեսի իր տպավորությունները ներկայացնելով, ռուս հայտնի արվեստաբան Ա. Պ. Կարանովան պատմում է Ֆրիդոն Ասլանյանի մասին։ «Ֆ. Ասլանյանին միշտ անհանգստացրել է, թե ինչպես կընկալվեն իր աշխատանքները։ Դրանք դիտողներին նա միշտ առաջարկում է ակտիվ համագործակցություն՝ մտածել, վերարտադրել այդ կոմպոզիցիաները, դրանց մեջ մտցնելով սեփական պատկերացումները։ Ծանոթ լինելով Ֆրիդոն Ասլանյանի արվեստին, ես նրան ուզում եմ անվանել «անսահմանություն թռչող»։ Ֆ. Ասլանյանի աշխատանքներով, կարծում եմ, տրանսցենդենտալ նկարչությունը կդառնա 21-րդ դարի արվեստ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել