Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁԱՌՈՒ Է ԱՂՋԻԿՆԵՐԻ ԳԾՈՎ

Օգոստոս 27,2003 00:00

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁԱՌՈՒ Է ԱՂՋԻԿՆԵՐԻ ԳԾՈՎ Նա արդեն սերտել է գեղեցիկ մարմնամասերի չափորոշիչները Երեկ «Արարատ» հյուրանոցում «Միսս Հայաստան» գեղեցկության, նրբագեղության մրցույթից ժամեր առաջ կազմակերպիչները ասուլիս էին հրավիրել։ «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ, մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը մանրամասն ներկայացրեց այն չափանիշները (1մ 70 սմ եւ ավելի հասակ, կրծքագիծ-գոտկատեղ-կոնք՝ 90-60-90սմ համաչափություն, ինտելեկտ, հմայք, գեղեցիկ ատամնաշար եւ այլն), որոնք հաշվի առնելով՝ ընտրել են մրցույթի մասնակիցներին։ Այնուհետեւ խոստովանեց, որ շատ դժվար է «կանացի գիտությունը»։ «Մանավանդ նախկինում ես աղջիկների մոտ պակաս փորձառություն ունեի, չէի տեսնում շատ բաներ, ինչը նկատում էր միջազգային ժյուրին»,- անկեղծացավ նա։ Կ. Արիստակեսյանի կարծիքով, արտասահմանցի բազմաթիվ հյուրերի ներկայությունը մրցույթին՝ խոսում է այն մասին, որ «վերջապես Հայաստանը միջազգային ճանաչման է հասել եւ «Միսս Հայաստան-2003»-ի հաղթողը առաջին անգամ կմասնակցի «Միսս աշխարհ» մրցույթին»։ Դժգոհեց միայն հովանավորների պակասից, ինչի պատճառով հայ գեղեցկուհիներին տրվող մրցանակները ճոխ չեն։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել շուրջ 100 աղջիկ, սակայն ընտրվել է միայն 15-ը։ Նրանցից 7-ը մարզերից են, մյուսները՝ Երեւանից։ Եվ մարզերի ներկայացուցիչների նկատմամբ պահանջներն ավելի մեղմ են եղել։ Կ. Արիստակեսյանը վստահ է, որ 15 հայուհիներն էլ համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Ըստ փոխնախարարի, «Միսս Եվրոպան» անցյալ տարի «Միսս Հայաստան» գործակալությանը որոշ դիտողություններ է արել։ Դրանք մասնավորապես վերաբերում են այն փաստին, որ «Միսս Հայաստան» մրցույթը տարրալուծվել էր տարբեր կազմակերպությունների սահմանած մրցանակներում եւ «ինչ տեսակ «միսս» ասես, որ չկար»։ Հիմա արդեն դառը դաս ստացած «Միսս Հայաստան» գործակալության նախագահը համոզված է, որ պետք է խուսափել շատ կազմակերպությունների «միսսեր» ունենալուց. «Ընդամենը պետք է ունենալ լավ հովանավորներ, որոնք իսկապես կգնահատեն գեղեցիկը»։ «Առավոտի» հարցին՝ ազդեցիկ հովանավորներն արդյո՞ք ճնշում չեն գործադրի ժյուրիի վրա, Կ. Արիստակեսյանը պատասխանեց. «Մեզ մոտ ամեն ինչ պետք է արդար լինի։ Ժյուրին էլ այսօր առաջին անգամ է տեսնելու գեղեցկուհիներին։ Դա նաեւ «Միսս Հայաստան» գործակալության պատիվն է։ Ճնշումներ գուցե եղել են նախկինում (նկատի ունի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Երնջակյանի կազմակերպած մրցույթները- Գ. Հ.)։ Իսկ հիմա դրանք բացառվում են, որովհետեւ բացառվում են դրանց մեխանիզմներն ի սկզբանե»։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ պետական միջոցներից մրցույթի կազմակերպմանը որեւէ լումա չի հատկացվել եւ մինչեւ հիմա ծախսված 15.000 ԱՄՆ դոլարը հովանավորներն են տրամադրել։ Նա նաեւ հյուրերի փոխարեն պատասխանեց «Առավոտի» մյուս հարցին, թե արդյոք մյուս երկրներո՞ւմ էլ գեղեցկության մրցույթը մշակույթի նախարարը կամ փոխնախարարն է կազմակերպում. «ԱՊՀ մի քանի պետություններում նման մրցույթները կազմակերպվում են կամ մշակույթի, կամ տուրիզմի նախարարությունների հովանու ներքո»,- ասաց փոխնախարարը։ Նաեւ տեղեկացրեց, որ «Միսս Հայաստան-2003»-ի ժյուրիի կազմում են «Միսս Ռուսաստան-2002»-ի հաղթող Սվետլանա Կորոլյովան, «Միսս Ուկրաինա», «Միսս Վրաստան» գործակալությունների ներկայացուցիչները, կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանը, բարետմայստեր Վիլեն Գալստյանը եւ նույնիսկ մի ԱԺ պատգամավոր՝ Հարություն Փամբուկյանը։ «Սխալ են պատկերացումները, թե «Միսս Հայաստանը» միայն մերկություն ցուցադրող մրցույթ է»,- լրագրողներին զգուշացրեց մրցույթի կազմակերպիչ փոխնախարարը։ Նա հորդորեց նաեւ միայն դրական շեշտադրումներով հոդվածներ գրել «Միսս Հայաստան-2003»-ի մասին, հակառակ դեպքում՝ «ցանկացած ոչ բարենպաստ հոդված կխոչընդոտի Հայաստանի մասնակցությանը այս կամ այն միջազգային մրցույթին։ Բացի այդ, կընկնի «Միսս Հայաստան» գործակալության վարկանիշը»։ Գուցե նաեւ՝ մշակույթի նախարարությա՞ն: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Երեկոյան հայտնի դարձավ նաեւ մրցույթի հաղթողը. «Միսս Հայաստան-2003» ճանաչվեց Լուսինե Թադեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել