Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություններին՝ ինչպես ընտրություններին

Օգոստոս 27,2003 00:00

Քննություններին՝ ինչպես ընտրություններին Ընդունելության քննություններից 10 օր հետո միայն փակցվեցին բուհ ընդունված դիմորդների՝ տհաճ անակնկալներով լի ցուցակները: Խնդիրն այն է, որ մինչ ցուցակների փակցնելը, որոշ ֆակուլտետների անցողիկ միավորները կտրուկ փոփոխությունների էին ենթարկվել վերջին օրերի համեմատ, երբ արդեն պատրաստ էին վերջնական տվյալները: Թե ինչ «տեխնոլոգիաներ» էին գործում ներսում, սատանան գիտի, բայց անցողիկ միավորների արհեստական բարձրացումներն ակնհայտ էին: Բերենք մեկ օրինակ: Օգոստոսի 20-ին՝ կրկնակի բողոքարկումների վերջին օրը, ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի պետպատվերով տեղերի համար սահմանված էր 31 միավորը: Բնականաբար, դա վերջնական միավորը չէր, սակայն ընդամենը 3 օրվա ընթացքում 31-ը փոխարինվեց «կիսաանցողիկ» 35-ով (այդ միավորը ստացած դիմորդների կեսը ընդունվում են, կեսը՝ ոչ): Ստացվում է, որ վերջին օրվա բողոքարկումը այդքան մեծ տարբերություն է առաջացրել: Կեղծիքների ու կեղտոտ տեխնոլոգիաների համար պարարտ հող էր ստեղծված նաեւ քննությունների ողջ ընթացքում: Ներկայացնենք մի քանի կոնկրետ փաստեր: Լիազոր ներկայացուցիչների մասին, որոնց ինստիտուտն այս տարի կայացած համարեց ՀԸՀ փոխնախագահ Վիկտոր Մարտիրոսյանը, արդեն առիթ ունեցել ենք խոսել: Որ նրանց մեջ եղել են տվյալ առարկաների մասնագետներ, դա չժխտեց նաեւ ԿԳ նախարարը: Բացի այդ, ըստ լիազորների համար սահմանված աշխատանքային կարգի, նրանք պետք է նախապես չիմանան, թե որ քննությանն են մասնակցելու, եւ միայն այդ օրը, ասենք, վիճակահանությամբ իմանան այդ մասին: Սա նախկինում ընդունված կարգ է եղել: Նշենք նաեւ, որ յուրաքանչյուր հանձնաժողովում լիազորները պետք է լինեն գոնե երկուսը: Սակայն այս տարի հանձնաժողովներ կային, որտեղ աշխատում էր միայն մեկ լիազոր՝ իսկ մեկի հետ «գործ բռնելն» ավելի հեշտ է: Բոլոր տեսակի «ներկաները» սիրում են ժամանակ առ ժամանակ հիշել զանազան «նախկինների» վատ փորձերը ու՝ համառորեն չընդօրինակել լավը: Թեպետ «լավը» շատ հարաբերական է: Հաջորդ նորարարությունն այս տարի այն էր, որ որոշվեց հաշվի չառնել գրավորների սեւագիր մասը: Որոշ հանձնաժողովների նախագահներ այնքան էլ կողմ չէին արտահայտվում այս որոշմանը: Նրանց կարծիքով դիմորդի տրամաբանությունը շատ հաճախ երեւում է սեւագիր հատվածից, որտեղ նա գրելով մտածում է: Բացի այն, որ սեւագիր հատվածի անտեսումը արհեստականորեն մեծացնում է գանգատարկողների թիվը, նաեւ կաշկանդում է դիմորդին, եւ վերջինս մտածելու քիչ ժամանակ է ունենում՝ փոխարենը մտածելով արտագրելու մասին: Իսկ սեւագիր անող դիմորդը, բնականաբար, առավել շահեկան վիճակում է. նա մտածելու ավելի շատ ժամանակ ունի եւ ավելորդ անհանգստություն չի ունենում, թե կարող է չհասցնել արտագրել: Վերոնշյալ որոշման կողմնակիցները դիմորդներին մատուցած իրենց հերթական անակնկալը բացատրում էին նրանով, որ առանց այդ էլ գրավորների ծավալը մեծ է (խոսքը հատկապես մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա առարկաների մասին է), եւ հանձնաժողովի համար այս դեպքում դաշտն ավելի կոնկրետ է լինում: Փաստորեն, նրանք ամեն գնով հեշտացրել են հանձնաժողովի աշխատանքը: Իսկ «ամեն ինչ արվելու է հօգուտ դիմորդի» նախադասությունն արդիական էր միայն քննություններից առաջ, ասուլիսներում եւ դիմորդների ու նրանց ծնողների հետ հանդիպումներում: Ճիշտ այնպես, ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել