Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՈՉԻՆՉ ՉՍՈՎՈՐԵՑԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Օգոստոս 27,2003 00:00

ՆՐԱՆՔ ՈՉԻՆՉ ՉՍՈՎՈՐԵՑԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ Ըստ քաղաքագետի, իշխանական ճամբարում շուտով առնետավազք է սկսվելու Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք նշմարվու՞մ են իշխող կոալիցիայի մեջ տարաձայնություններ, որոնք կարող են պառակտել այն, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ այն ինչ մենք այսօր ունենք՝ քաղաքական կոալիցիա չէ՛, քանզի վերջինս ստեղծվում է օրինական ընտրությունների արդյունքնում եւ նպատակ է հետապնդում ընդլայնել գործող վարչակազմի սոցիալական բազան՝ տարաբնույթ քաղաքական ուժերին մասնակից դարձնելով իշխանության գործառույթների իրականացմանը: Մենք գործ ունենք սկուզբունքորեն այլ կարգի երեւույթի հետ: Կուսակցությունները, որոնք նպաստել են հրեշավոր ընտրակեղծիքներին՝ փաստորեն վերածվելով ընտրակեղծարարության քաղաքական տանիքների, այսօր հանդիսանում են բախտակիցներ. նրանց միավորում է կատարված հանցագործությունը եւ հանցագործության արդյունքում ձեռք բերված իշխանությունը: Ինչպես ցանկացած ոհմակի անդամներին, որոնց բացի հանցագործության արդյունքները մարսելու նպատակից ոչինչ չի միավորում, այնպես էլ «կոալիցիայի» անդամներին այսօր միավորում է միայն անօրեն իշխանությունը պահելու նպատակը: Երբ վերջնականապես պարզ կդառնա, որ իշխանափոխությունն ամիսների խնդիր է, «կոալիցիոն» եռյակի մասնակիցներն ընկնելու են իրենց միջից քավության նոխազների փնտրտուքի մեջ: Այդ «սրբազան գործի» թոհուբոհում նրանք միմիանց հասցնելու են ծանր հարվածներ: Արդյունքում «կոալիցիայի» անդամ հանդիսացող երեք կուսակցություններից երկուսը կամ առնվազն մեկը խայտառակ ձեւով եւ մեկընդմիշտ հեռանալու է քաղաքական թատերաբեմից, իսկ մյուսը՝ կամ մյուս երկու կուսակցությունները, ստիպված են լինելու փրկություն փնտրել Ռոբերտ Քոչարյանի խորտակվող նավը ժամ շուտ թողնելու եւ ընդդիմության հետ դաշնակցային հարաբերությունների հաստատման ճանապարհին: Այս կանխատեսումների իրականացման անխուսափելիության ապացույցներից մեկն էլ այն է, որ արդեն այսօր «կոալիցիոն» կուսակցությունների միջեւ մրցակցություն է գնում՝ ընդդիմության աչքերում «չարյաց փոքրագույնի» դափնիներին արժանանալու համար: Դժվար չէ կանխատեսել, որ այս մրցակցությունն արդեն վաղը տրամաբանորեն կհանգեցնի մեկ այլ նպատակի՝ ընդդիմության հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու միջոցով սեփական քաղաքական ապագան փրկելու նպատակին: Դե, ինչպես ասում են, խեղդվողների փրկությունը կդառնա հենց իրենց՝ խեղդվողների գործը: Սակայն մի բան է պարզ. ջրի երեսին շանս կունենան մնալու միայն նրանք, ովքեր ժամ շուտ մատնացույց կանեն մեղավորներին եւ, պատասխանելով «ո՞վ է մեղավոր» դասական հարցին, կապահովեն սեփական «ալիբին»: Կասկած չի հարուցում, որ «առնետավազքի» եւ «անասնագողության» հայտնի մասնագետները՝ զինված 1997-1998 թթ. հարուստ փորձով, այս անգամ էլ կցուցաբերեն իրենց բացահայտ առավելությունները մյուսների նկատմամբ, իսկ հասարակայնությանը միայն կմնա փիլիսոփայորեն վերհիշել հայտնի ասացվածքը՝ պատմությունը սովորություն ունի կրկնվելու: Այո, իսկապես, պատմությունն այսօր կրկնվում է: Կրկնվում է, որովհետեւ ժամանակակից «բուրբոնները» նույնությամբ կատարում են իրենց նախորդների կողմից թույլ տրված սխալները՝ ոչինչ չհասկանալով եւ ոչինչ չսովորելով պատմությունից: Գ. Վ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել