Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու «գազի զոնան»՝ Հայաստանից դուրս

Օգոստոս 27,2003 00:00

Ալավերդու «գազի զոնան»՝ Հայաստանից դուրս Ութ շենքերի բնակիչները գրանցվում են միայն ընտրությունների ժամանակ Ալավերդու Սպանդարյան փողոցի, այսպես կոչված «Գազի զոնայի», բնակիչ Սեդա Թերզյանը տուբերկուլյոզով հիվանդ է արդեն 5 տարի։ Նա hամոզված է, որ իր, ինչպես նաեւ 21-ամյա որդու հիվանդության պատճառը Ալավերդու պղնձաձուլական գործարանն է։ Ս. Թերզյանը ACP ընկերությունից (նախկին պղնձաձուլական գործարան) վիրավորվելու եւս մի առիթ ունի։ Երկար տարիներ՝ մինչեւ 1990-ական թվականները, աշխատել է գործարանի լաբորատորիայում։ «Վերագործարկումից հետո հաշվի չառան իմ աշխատանքային երկարատեւ փորձն ու չընդունեցին աշխատանքի։ Դա իմ ընտանիքում է՛լ ավելի խորացրեց սոցիալական ճգնաժամը։ Հիմա հիվանդ են ընտանիքիս բոլոր անդամները»,-նշում է Ս. Թերզյանը։ Իմ այն հարցին, թե էլի կբողոքե՞ր օդի աղտոտվածությունից, եթե աշխատելիս լիներ գործարանում, նույն թաղամասի բնակչուհի Անժելա Մաթոսյանը պատասխանեց. «Աշխատողները վախենում են։ Եթե բողոքեն ինչ-որ հարցով, կազատեն աշխատանքից»։ Մեր զրույցին թաղամասի մի քանի բնակիչներ էլ միացան։ Նրանք նշեցին, որ օգոստոսի 5-ին թաղամասն իսկական գազի զոնա էր դարձել. «Եթե այստեղ լինեիք, կխեղդվեիք։ Մտել էինք տներն ու էս շոգին փակել բոլոր դուռ-լուսամուտները»,-ասաց բնակչուհի Ֆլորա Հովհաննիսյանը։ Այդ թաղամասում մեկ մարդ մահացել է շնչուղիների ուռուցքից (52 տարեկան), մեկը` արգանդի ուռուցքից (65 տարեկան), մեկը՝ լեղապարկի ուռուցքից (50 տարեկան), մեկը՝ տուբերկուլյոզից (51 տարեկան)։ Փողոցի 70 բնակչից 9-ը տուբերկուլյոզով հիվանդ է։ Չգիտեն, թե դեռ քանիսն են թաքցնում իրենց հիվանդությունը։ Տուբերկուլյոզով հիվանդներից մեկի դրությունը (37 տարեկան) այժմ խիստ ծանր է։ Թաղամասի 8 բնակելի շենքերից 7172ի տեր ու տիրականն, ըստ փաստաթղթերի, «Մանես» ԲԲԸ-ն է, որի բաժնետոմսերի 47 տոկոսը պատկանում է ACP ընկերությանը։ «Մանեսի» ենթակայության տակ են գտնվում պղնձաձուլական գործարանի նախկին օժանդակ տարածքները։ 180 բնակիչներից ընդամենը 70-ն են ապրում իրենց խարխուլ կացարաններում ու վարձ չեն մուծում։ Շենքերը դեռ 1980-ական թվականներին գործարանը հանրակացարանային օգտագործման պայմանագրով տվել է իր աշխատակիցների ընտանիքներին։ Այնուհետեւ գործարանը պետք է նրանց համար բնակարան կառուցեր։ Ամեն տարի երկարացվել է նրանց գրանցման ժամկետը։ Սակայն գործարանի վերագործարկումից հետո սեփականատերը հարմար չի գտել երկարացնել «իր տարածքում» նրանց ապրելու ժամկետը։ Խնդիրը խորացավ հատկապես 2000-ից հետո, երբ ACP տնօրեն Վալերի Մեջլումյանը գործարանի հարակից տարածքում զբոսաշրջության կենտրոն կառուցելու ցանկություն ունեցավ։ Եթե քանդվեին «Գազի զոնայի» շենքերը, Վ. Մեջլումյանը կարուսելներ ու սրճարաններ կկառուցեր նորակառույց եկեղեցու տարածքում։ Սակայն «պարզվեց», որ այդ շենքերի բնակիչներն ապրելու այլ տարբերակ չունեն։ Անտուն են մնում։ ACP-ի սեփականատիրոջ համար անընդունելի էր, որ բնակիչները կարող են դուրս չգալ իր տարածքից ու դեռ բնակարան պահանջել իրենից։ Բայց սոցիալական լարվածությունից խուսափելու համար այլ տարբերակ ընտրեց։ Այլեւս չեն երկարացնում նրանց ժամանակավոր գրանցման ժամկետները։ Փաստորեն, Ալավերդու Սպանդարյան եւ Մարքսի փողոցների ութ շենքերի բնակիչները ոչ միայն Ալավերդու, այլեւ Հայաստանի քաղաքացիներ չեն։ Նրանք որեւէ տեղ գրանցում չունեն։ Միայն ընտրությունների ժամանակ, առանց անձնագրերում ֆիքսելու, «ժամանակավոր երկարացնում են ընտրողների գրանցման ժամկետները»։ Ալավերդու քաղաքապետարանի ծրագրերի բաժնի վարիչ Գոռ Հովվյանը պատճառաբանում է, որ դրանով ապահովում են նրանց ընտրելու սահմանադրական իրավունքը։ Նշված շենքերի բնակիչները բազմիցս դիմել են ԱԺ, ACP-ին ու Ալավերդու քաղաքապետարան՝ ինչպես գրանցման հարցի, այնպես էլ իրենց թաղամասում ահագնացած էկոլոգիական խնդիրների մասին։ Վիճակը չի փոխվել։ ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել