Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Օգոստոս 27,2003 00:00

ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ Գուցե, այնուամենայնիվ, սիրո՞ւց Մի քանի օր առաջ Անկախության հռչակագրի ընդունման տարելիցն էր: Անկախություն, որով ինձ եւ շատ-շատերի համար սկսվում է Հայրենիքը: Հենց այդ օրերին պատահաբար ձեռքս ընկավ 2000թ. «Հրազդան» հրատարակչությունում լույս տեսած Սմբատ Հովսեփյանի «Հիշողություններ» գիրքը, որն ուղղակի շնչում է անկախության հանդեպ ատելությամբ: Հեղինակը, որն, ըստ ամենայնի, Հայաստանի Կոմկուսի անդամ է, իրեն իրավունք է վերապահում անառարկելի տոնով հայտարարել որեւէ տրամաբանական քննության չդիմացող «ճշմարտություններ»: Օրինակ, «1988թ. հայ ժողովուրդը տեսավ երկու խոշոր դժբախտություն՝ ավերիչ երկրաշարժը եւ Հայոց համազգային շարժումը դրեց Հայաստանի կործանման սկիզբը»: Ըստ կոմունիստի, այդ թվականին հայ ժողովուրդը ամբոխ դարձավ. «Ժողովրդական զանգվածները մի քանի օրում վերածվեցին տգետ ամբոխի եւ հավատում էին ՀՀՇ-ի ստին ու կեղծիքին»: Ավելին, հեղինակի կարծիքով, «ԳԽ ընտրությունների ժամանակ՝ 1991թ., ՀՀՇ-ականները ընտրողների նկատմամբ բացահայտ սպառնալիքներ գործադրելով կարողացան մեծամասնություն կազմել ԳԽ-ում եւ իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Սկսվեց հայ ժողովրդի տանջանքի եւ տառապանքի ժամանակաշրջանը»։ Այս բացահայտ կեղծիքը տպագրվել է 500 օրինակով եւ կմնա դարերին ի պահ: Հայոց պատմության փառավոր էջերից մեկը գնահատվեց որպես տանջանքի եւ տառապանքի դարաշրջան. «1991թ. Հայաստանի սրբազան հողի վրա ձեւավորվեց քրեական հանցագործների առաջին իշխանությունը»: Ավելին, կա նաեւ այսպիսի մի միտք. «1990-91թթ. սկսվեց ահաբեկչության եւ սպառնալիքների ժամանակաշրջանը: ՀՀՇ-ական ջոկատներն իրենց կամքն էին թելադրում ԳԽ պատգամավորներին: Նրանց դեմ գործող ահաբեկչական խմբերը ղեկավարում էր Բաբկեն Արարքցյանը: Նրանք շրջապատում էին ԳԽ շենքը եւ հայտարարում, որ եթե պատգամավորները չընդունեն իրենց պահանջած որոշումները, ապա ոչ մեկը կենդանի դուրս չի գա այդ շենքից: ԳԽ-ն սպառնալիքների տակ հարկադրված էր ընդունել պահանջները: Այն է՝ Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը, ատոմակայանի փակումը եւ այլն»: (Հիշեցմենք, որ Ատոմակայանը փակվեց 1989-ի հունվարին՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ, երբ «Ղարաբաղ» կոմիտեն ձերբակալված էր): Կան նաեւ այլ բացահայտ զրպարտանքներ: Օրինակ. «1991թ. մայիսի 27-ին ՀՀՇ-ականները Սովետաշենում ավտոմատի կրակոցով սպանում են քսանչորս հոգու»: Որակումներ են տրված ոչ միայն հեղինակին այդքան ատելի ՀՀՇ-ին եւ մեր Հայրենիքի սրբությանը՝ Անկախությանը, այլեւ անհատների: Այսպես, օրինակ, «Խոսրով Հարությունյանը Կոմկուսից հեռացավ եւ կուսակցությունից կուսակցություն թռչելով՝ իր գոյությունն էր քարշ տալիս», «Գագիկ Հարությունյանը բոլորից խորամանկն էր, սուսիկ-փուսիկ մի խորամանկ գործիչ»: «Աշոտ Մանուչարյանն արտակարգ ինքնահավան եւ պաշտոնամոլ էր»: Շատ ավելի խիստ բնութագրումների են արժանացել նրանք, ովքեր այսօր էլ շարունակում են մնալ ՀՀՇ անդամ: Օրինակ, «Բաբկեն Արարքցյանը շողոքորթությամբ հասավ ֆակուլտետի կուսբյուրոյի քարտուղարի պաշտոնին: Բացել էր գաղտնի դպրոց, ու մաթեմատիկա էր ուսուցանում բուհ ընդունվողներին»: «Արա Սահակյանը՝ ծպտված կոմունիստ, որը ՀՀՇ-ականների ժամանակ պատռեց ու դեն նետեց իր վրայի գառան մորթին ու ժողովրդին ցույց տվեց իր գայլային ժանիքները: Նա ինստիտուտի տարիներին ամբիոնից ամբիոն էր գնում եւ խնդրում մի բաժակ օղի, ինչ որակի ուզում է լինի»: ՀՀ առաջին նախագահին նույնպես հեղինակը հիշատակում է անթաքույց ատելությամբ. «Լեւոն Տեր-Պետրոսյանին հատուկ էր երկու հատկանիշ՝ թույն եւ սառնություն: Նա երբեք չէր հաղորդակցվում ժողովրդի հետ, չարությամբ էր լցված նրա նկատմամբ: Կարճ ասած, հայ ժողովրդին հասցված չարիքի բոլոր գործողությունները ղեկավարում էր Լ.Տեր-Պետրոսյանը»: Մեծ տեղ է հատկացված Վանո Սիրադեղյանին. «Վանոն չէր սիրում հանրօգուտ աշխատանք կատարել, սոցիալիստական-կոմունիստական կարգ ու կանոնը նրան դուր չէր գալիս: Եվ տարիներ անց նա գտավ իր իսկական տեղը. թռավ ու բազմեց սկզբում ՆԳ նախարարի, ապա Երեւանի քաղաքապետի բազկաթոռին: Անարգել, հորդառատ գետի նման նրա գրպանները սկսեցին հոսել դոլարները: Երկու տարում Մյասնիկյան պողոտայում վեր խոյացավ նրա տուֆաշեն հոյակապ առանձնատունը, որի շինարարության վրա ծախսել էր մոտ մեկ միլիոն դոլար: Հարստության միակ աղբյուրը կաշառքն էր, որ նա ստանում էր մաֆիոզ խմբերի ղեկավարների ձեռքից»: Բաժին է հասել նաեւ լուսահոգի Վազգեն Սարգսյանին (հիշեցնենք, գիրքը լույս էր տեսել 2000-ին, երբ նա արդեն զոհվել էր). «Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը բանաստեղծ է, եւ շատ հեռու ռազմական գործից: Բանակում զարգանում էին կաշառակերությունը, ամենաթողությունն ու այլ հանցագործություններ: Այս ամենի հետեւանքը պիտի լիներ, որ Վազգենը հեռացվեր պաշտոնից եւ քրեական պատասխանատվության կանչվեր»: Բնականաբար, այս ոգով գրված «հուշերում» որեւէ խոսք չպիտի լիներ (եւ չկար) այդ տարիների դաժան պատերազմի եւ այդ պատերազմում անկախ Հայաստանի տարած հաղթանակի մասին: Մարդը, որը իր ժողովրդի միակ փրկությունը տեսնում է որեւէ տիրոջ ստրուկի կարգավիճակում («21172րդ դարը կարող է հայ ժողովրդի համար լինել երջանկության վերականգնման դար, եթե Կոմկուսին հանձնի իշխանությունը, եւ ռուս ժողովրդին հանձնի իր բախտն ու ապագան եւ նրա հետ գտնվի մեկ միասնության մեջ: Սա է հայ ժողովրդի փրկության միակ ելքը»), չէր կարող տեսնել ու գնահատել անուրանալին: Դա իր գործն է: Բայց ցավալին այն է, որ մեր անկախության առաջին շրջանի եւ ժողովրդի հերոսական պայքարի մասին հասարակական կարծիքի մեջ էլ գերիշխում է հենց այդ քաղքենիական առասպելաբանությունը, որը 1998-ից հետո ամրապնդվում է նաեւ պաշտոնական քարոզչությամբ: Եկող սերունդները կարդալու են նման բամբասկոտ «հիշողություններ», եւ ժողովրդի հոգեւոր հզոր զարթոնքի, Հայրենիքի կայացման տարիների մասին թյուր պատկերացում է ձեւավորվելու: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել