ԱԽ, ԱՅԴ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ Տիգրան Նաղդալյանի սպանության բացահայտմանը հետամուտ նրա ընկերներից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը, նախորդ օրը՝ մեր զրույցի ժամանակ կարծիք էր հայտնել, թե նրան սպանելու մոտիվներից մեկը կարող էր նրա նկատմամբ եղած չարացածությունը լինել: Ըստ նրա, «Տիգրանի վարքագիծը «27»-ից հետո ընկած ժամանակահատվածում ավելի քան խիզախ ու համարձակ էր: Իսկ խիզախ մարդկանց, որպես կանոն, չեն սիրում: Իհարկե, հասկանում եմ, որ դա բավարար մոտիվ չէ, բայց ես չգիտեմ, թե էդ մարդիկ ինչ են մտածել, ինչ են հաշվարկել: Ի վերջո, առջեւում նախագահական ընտրություններ էին: Եթե շատ անկեղծ լինեմ, ապա՝ Տիգրանի սպանության մոտիվի մասին սպառիչ բացատրություններ մենք երբեք չենք ունենա: Նույնիսկ, եթե Արմեն Սարգսյանը խոստովանի եւ այդ իմաստով ինչ-որ բան ասի, դա էլ համոզիչ չի լինի»: Վ.Հովհաննիսյանը որեւէ բանական պատճառաբանություն չկարողացավ գտնել ի պատասխան մեր այն հարցին, թե իր կարծիքով Տ.Նաղդալյանի նկատմամբ ավելի շատ չարացածությո՞ւն կար, քան, ասենք, Ալիկ Հարությունյանի եւ Հարություն Հարությունյանի նկատմամբ: Ի վերջո, այդ վերջինների անուններն ավելի շատ էին հոլովվել «27»-ի համատեքստում, նրանց նույնիսկ կալանավորել, կոնկրետ մեղադրանքներ էին առաջադրել: «Դուք ինձ ստիպում եք պատվիրատուի փոխարեն բացատրություններ տալ: Ինչ էլ որ ես այդ իմաստով ասեմ անպայման սուբյեկտիվ կստացվի»,- ասաց Վ.Հովհաննիսյանը, որ չէր խուսափել Տ.Նաղդալյանի սպանությունից անմիջապես հետո Հանրային հեռուստատեսությամբ հրապարակել իր սուբյեկտիվ կարծիքը՝ սպանությունն ընդդիմության կողմից պատվիրված լինելու մասին: Ի դեպ, քրգործի նախաքննությունն էլ, ի վերջո, ընթացավ հենց այդ սցենարով, ինչը կասկածներ է հարուցում նախաքննության օբյեկտիվության վերաբերյալ: Որտեղի՞ց էր Հ1-ի այդ համոզմունքը: «Էմոցիոնալ ֆոնը լարված էր: Տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ են տվել, ոմանք, գուցե, շատ կոնկրետ մեղադրանքների ակնարկներ են արել: Եկեք դա վերագրենք այդ էմոցիոնալ ֆոնին: Որեւէ մեկը ինչ-որ մեկի գլխին որեւէ բան ջարդելու մտադրություն չի ունեցել»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: Ն. Մ.