Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ դեպի Մոնտե Կառլո

Օգոստոս 27,2003 00:00

Ճանապարհ դեպի Մոնտե Կառլո Նախընտրական Ադրբեջանը շարունակում է «լայնորեն քայլել» իր հարեւանի՝ Հայաստանի տրորած ճանապարհով, այդ ընթացքում ամենայն ճշգրտությամբ «ռաստ գալով» միեւնույն «ճանապարհատրանսպորտային պատահարներին»։ Պաշտոնական Բաքուն ներկայումս թեւակոխել է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին աջ ու ձախ երդումներ ուտելու պարտադրանքի փուլը։ Չուտել չի կարող, թեկուզեւ այն պատճառով, որ ժամանակին այդպիսի երդումներ էր ուտում նաեւ Հայաստանը, որի իշխանությունների մենթալիտետը հերիքում էր գոնե միջազգային «պատկան» կազմակերպությունների առջեւ ձեւեր թափելու համար։ Եվ ահա, առաջին նման լուրջ հավաստիացումը տվել է Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւը։ ԱՄՆ կատարած իր ոչ պաշտոնական այցի ժամանակ, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, առավելապես հետապնդել է հիվանդատեսի նպատակ, վերջինս հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթաջի հետ։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերի հաղորդմամբ, նրանց խոսակցությունը հիմնականում առնչվել է հոկտեմբերի 15-ին կայանալիք ընտրությունների թեմային։ Ըստ այդմ, ամերիկացի դիվանագետը նշել է, թե «ԱՄՆ-ը շահագրգռված է, որ ընտրություններն ընթանան Ադրբեջանի ընտրական օրենսգրքի, սահմանադրության եւ միջազգային չափանիշներին համապատասխան»։ Արմիթաջն ավելացրել է նաեւ, թե «մենք ուշադրությամբ հետեւելու ենք դրանց»։ Իլհամը, բնականաբար, առատ երաշխիքներ է տվել Արմիթաջին, խոստանալով իր տեսակի մեջ չտեսնված արդար ընտրություններ։ Ըստ հավաստի աղբյուրների, վերջինս, սակայն, որեւէ բան չի ասել ադրբեջանական մենթալիտետի եւ ադրբեջանական նորաբողբոջ ժողովրդավարության ժամանակավոր դժվարությունների մասին։ Դժվար չէ նկատելը, որ՝ շարունակելով հաջողությամբ քայլել Հայաստանի տրորած ճանապարհով, Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերի 15-ից հետո անպայման կզլեն նաեւ այդ երգը։ Թերեւս, հենց այդ մտահոգությունն է պատճառը, ու նաեւ հայկական ճանապարհի «վերջնամասի» դառը փորձը, որ Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներն, իրենց հերթին, ուղերձ են հղել Ջորջ Բուշին՝ խնդրելով հսկողության տակ պահել Ադրբեջանում նախագահական ընտրությունների գործընթացը։ Հատկանշական է, որ իրենց տագնապներով հանդերձ, ադրբեջանցի ընդդիմադիրները եւս ուղիղ գծով գնում են հայկական ընդդիմության տրորած ճանապարհով։ Այսինքն՝ ոչ մի կերպ չեն կարողանում ազատագրվել իրենց ամբիցիաներից եւ համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում։ Իսկ թե ինչի դա կհանգեցնի, պատկերավոր ասած՝ տես Հայաստանի անցած ճանապարհը։ Թերեւս միակ դրվագը, որտեղ կրկնություն չի սպասվում, դա Ղարաբաղի հարցն է։ Ի դեպ, Իլհամ Ալիեւի եւ Ռիչարդ Արմիթաջի հանդիպման ժամանակ այս հարցը եւս քննարկվել է։ Բնականաբար, որեւէ տեղեկատվություն քննարկման մանրամասների մասին չի տարածվել։ Ինչեւէ, նախընտրական Ադրբեջանի ուղեւորությունը շարունակվում է, ու ինչպես արդեն նշեցինք վերը, մեզ քաջ հայտնի երթուղով։ Ասենք, հանուն արդարության պետք է նշել, որ դա վատագույն ճանապարհը չէ, քանզի գոնե Հայաստանի պարագայում այդ ուղու շնորհիվ մի խումբ հայ բարձրաստիճաններ բոլորովին վերջերս Մոնտե Կառլոյում ինտեգրվել են եվրոպական քաղաքակրթությանը։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել