Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կախաղանը ոչ մեկին բարեկիրթ չի դարձրել

Օգոստոս 27,2003 00:00

Կախաղանը ոչ մեկին բարեկիրթ չի դարձրել Մահապարտները՝ քաղբանտարկյալի շապիկով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող եւ Հայաստանի անկախացումից ի վեր մահվան դատապարտված 42 դատապարտյալներ, ովքեր սվիններով ընդունեցին Ռոբերտ Քոչարյանի՝ նրանց ցմահ բանտարկության տեսքով ներում շնորհելու հրամանագիրը, միաժամանակ պահանջեցին հանդիպում ԱԺ պատգամավորների հետ: Որեւէ այլ պահանջ մահապարտները չեն ներկայացրել: Այդ մասին վկայեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը: Վերջինիս ասելով, մահապարտները չեն դիմել որեւէ այլ՝ տեղական կամ միջազգային ատյանների: Մահապարտներին շնորհված նախագահական ներումը չընդունելու պատճառներն ու բարձրացված աղմուկը սկզբում մեզ այնքան էլ հասկանալի չէին: Բայց հետո, կամաց-կամաց պարզ դարձավ, որ մահվան դատապարտվածներն ակնկալում են ոչ ավել, ոչ պակաս՝ վերանայել իրենց գործերը եւ, ըստ ամենայնի, այնպիսի պատժաչափ կորզել, որ առ ժամանակ անց ազատության մեջ լինելու հնարավորությունը միանգամայն ենթադրելի լինի: Բայց սա խնդրի մի կողմն է: Օրերս մեր թերթում ՀՀ նախագահի հրամանագրի դեմ արտահայտվեց նաեւ «Դրոյի» քրգործով մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանի հայրը՝ Լեւոն Մնջոյանը, որը հրապարակավ հայտարարեց, թե իր որդու մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելն ավելի խիստ պատժամիջոց է: Նա դժգոհ է, որ իր որդուն ժամանակին չեն գնդակահարել, որ ինքն էլ համարեր, թե նա հատկապես Շուշիի գրավման ժամանակ է զոհվել թուրքի գնդակից: Ընդունեք, որ շատ էմոցիոնալ հայտարարություն է, եւ եթե ՀՀ իշխանություններն, իրականում լրջորեն որոշեին մահվան դատապարտվածների մահապատիժն իրականացնել, դրանից նրանց ծնողները, կարծում ենք, իրենց ավելի թեթեւ չէին զգա: Հիմա, օրինակ Ա.Մնջոյանը բանտում, ասում են, ստեղծագործում էլ է, բանաստեղծություններ է գրում, նկարում է, Արմեն Տեր-Սահակյանը հաղորդակցվում է լրագրողների հետ, հարցազրույցներ է տալիս եւ այլն: Սա է իրականությունը: Ի վերջո, ցմահ բանտարկության ամբողջ իմաստն ու փիլիսոփայությունը մարդու ամենաթանկը՝ կյանքը, չխլելու հանգամանքն է, առավել եւս, որ, ինչպես Ռոբինզոն Կրուզոն էր ասում՝ կախաղանը դեռ ոչ մեկին բարեկիրթ չի դարձրել: Այն կենդանի տականքին դարձնում է ընդամենը տականքի դիակ: Ավելին, ցմահ բանտարկությունը, կարծես, գործնականում չի էլ բացառում երբեւէ ազատության մեջ հայտնվելու՝ մարդասպանի երազանքի իրականացումը: Ընդունված նոր Քրօրենսգրքի հոդվածներից մեկը սահմանում է, որ դատապարտումից 20 տարի անց մահապարտը կարող է ներում հայցել: Մյուս կողմից, ազատության մեջ գտնվողներիս, հատկապես տեռորի զոհ դարձածների կամ նրանց հարազատների համար, թերեւս, ամենասարսափելին այն է, որ կատարած սպանություններից հետո մարդասպաններն իրենց բարոյական իրավունք են վերապահում քաղբանտարկյալի շապիկ հագնել եւ իրենց գործերը վերանայելու պահանջ ներկայացնել: Ի վերջո, կարո՞ղ էին նրանք նման ակնկալիքներ ունենալ, եթե վաղուց նրանց մահապատիժն իրականացրած լինեին: Վստահաբար կարելի է ասել, որ ոչ միայն «Դրոյի» կամ «31»-ի քրգործով մահվան դատապարտված 4 անձինք, այլեւ մնացած 39 հոգին, ովքեր մահվան էին դատապարտվել հատկկապես ծանր հանգամանքերում կատարած սպանությունների համար, նրանց հավելած Նաիրի Հունանյանը, որը մինչեւ հանձնվելն այդքան շահագրգիռ էր մահապատժի վերացման խնդրով, ցավոք, մի օր միանգամայն հնարավոր է, որ հայտնվեն ազատության մեջ ճիշտ այնպես, ինչպես, ասենք, Ռոբերտ Քոչարյանի ջանքերով Օռլեանի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած եւ մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած Վարուժան Կարապետյանը: Նրանք կարող են ամենատարբեր առիթներով, պատճառաբանություններով, կամ՝ «իրավիճակի փոփոխությունների» պատճառով ազատ արձակվել եւ նույնիսկ՝ Վարուժան Կարապետյանի թարմ օրինակով, ասենք, հավակնել երթուղային տաքսիների գծի տեր դառնալուն: Եթե ավելի լուրջ մոտենանք այս խնդրին եւ մահապարտների բողոք-պահանջներին, հարկ կլինի արձանագրել, որ դա ահաբեկչության, մարդասպանության նկատմամբ այս իշխանությունների դրսեւորած հանդուրժողականությանը համահունչ պահանջ է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել