Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԱՔՆՆԵ՛Ք ԱԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Օգոստոս 27,2003 00:00

Զինդատախազությունն ինչպես ինձ, այնպես էլ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում եղած այլ լրագրողներին եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին տուժող չհամարեց՝ մինչդեռ տուժող են ճանաչված առաջին իսկ պահերին դուրս փախած որոշ պատգամավորներ: Իսկ դատարանն էլ մեզ զրկեց նաեւ վկայի կարգավիճակից:

Ուստի հարկադրված եմ հրապարակավ դիմել քննչական խմբին: Գլխավոր դատախազությունը մեկ շաբաթ առաջ հայտարարությամբ հանդես եկավ, որով առաջարկում էր 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում կատարված ահաբեկչության փաստի առթիվ քրեական գործից անջատված մասով բոլոր շահագրգիռ անձանց միջնորդություններ, «այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, վկաներ հարցաքննելու մասին եւ գործի հանգամանքների պարզաբանման համար տեղեկություններ ունենալու դեպքում դիմել քննչական խմբին»:

Հիշեցնենք, որ անջատված մասը կոչված է նաեւ քննել այս ահաբեկչության նախապատրաստման փուլում «այն խափանելու, կանխելու հնարավորություն եւ պարտականություն ունեցած պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների նկատմամբ դրսեւորած անփութության» վերաբերյալ նյութերը:

Համոզմունքս է, որ այժմ դատարանում քննվող «27»-ի մայր գործում առկա նյութերը լիովին բավարար են պատասխանելու այդ հարցին, թե արդյոք կայի՞ն պաշտոնատար անձինք, որոնք պարտականություն եւ հնարավորություն ունեին կանխելու կատարված ահաբեկչությունը:

Այլ հարց է, որ մեղադրողների միջնորդությամբ՝ դատարանը չշարունակեց քննել այն վկաներին, որոնք կարող էին լիովին լույս սփռել հանցագործության նախապատրաստման փուլի վրա:

Ինձ համարում եմ «27»-ի գործով շահագրգիռ անձ եւ միջնորդում եմ անջատված մասով քննչական խմբին՝ որպես վկա հարցաքննեք ԱԱՆ նախկին ղեկավար Սերժ Սարգսյանին: Որպես այս միջնորդության հիմնավորում՝ կներկայացնեմ քրեական գործից ինձ հայտնի տեղեկությունները, որոնք ապացուցում են, թե ԱԱՆ այս կամ այն աշխատակիցը վաղօրոք տեղեկացված է եղել Նաիրի Հունանյանի ծրագրերի մասին: Սակայն «27»-ի մայր գործում Սերժ Սարգսյանի հարցաքննությունից դատելով՝ նրան որեւէ հարց չի տրվել, թե արդյոք այդ զեկույցները հասե՞լ էին նրան: Ըստ այդմ պարզ կդառնա՝ միայն հանցավոր անփութությո՞ւն էր «27»-ը չկանխելը, թե՞ միտումնավոր, ծրագրված դավադրություն:

Գործով վկա Արթուր Ցոլակի Բարսեղյանը, մեղադրական եզրակացության համաձայն՝ ցուցմունք է տվել, որ 1999-ի հոկտեմբերի 8-ին, Էդիկ Գրիգորյանի ծննդյան օրը, Նաիրի Հունանյանն ԱԱՆ աշխատակից, մայոր Մելքոն Եսայանի ներկայությամբ հիմնավորել է «Վազգեն Սարգսյանի եւ մյուսների սպանության եւ հեղաշրջման անհրաժեշտությունը, զինված ԱԺ մուտք գործելու եւ նախատեսված սպանությունները կատարելու իր մտադրություններն ու դրա ի կատար ածման պրակտիկ հնարավորությունը»: Այս ցուցմունքները զետեղված են գործի 14-րդ հատորի 67-73, 155 էջերում, 16-րդ հատորի 45-46 էջերում, եւ 23-րդ հատորի 146-147 էջերում:

Դատարանում չհարցաքննվեցին ո՛չ Արթուր Բարսեղյանը, ո՛չ Մելքոն Եսայանը: Չհարցաքննվեցին նաեւ ԱԱՆ սպաներ Վահան Մանուկյանը, Կարեն Պարունակյանը կամ Արամ Բեգոյանը, որոնք օպերատիվ աշխատանքներ էին տարել Նաիրի Հունանյանի հետ՝ նրա Թուրքիա գործուղման կապակցությամբ եւ պարզ չդարձավ, թե արդյոք նրանք իրազեկ եղե՞լ են Հունանյանի ծրագրերին:

Իսկ ԱԱՆ հատուկ ջոկատի նախկին մարտիկ Ղազար Սարգսյանը նախաքննության ժամանակ ցուցմունք (հ. 7, գ. թ. 168-173) էր տվել, որ Նաիրի Հունանյանն 1999-ին իրեն ասել էր, թե երկրի ղեկավարներին «մորթել է պետք» եւ, որ ինքը կռված տղաներից միություն է ստեղծում: Ղազար Սարգսյանը նաեւ ցուցմունք էր տվել, թե այդ մասին զեկուցել է ԱԱՆ աշխատակից Կարեն Տեր-Թաշչյանին:

Ճիշտ է, դատարանում արդեն՝ էպիլեպսիայի նոպայի եւ մի շարք փոխհակասող ցուցմունքների արանքում Ղազար Սարգսյանը հասցրեց հերքել, թե Կարեն Տեր-Թաշչյանին զեկուցել է ղեկավարներին «մորթելու» մասին, այլ միայն պնդեց, թե հայտնել է Հունանյանի միություն ստեղծելու մտադրության մասին: Այնուամենայնիվ՝ չհարցաքննվեց Կարեն Տեր-Թաշչյանը, որ պարզ դառնա, թե ո՞ւմ է ինքը զեկուցել այս տեղեկության մասին եւ հատկապես ի՛նչ է զեկուցել:

Ի դեպ, Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւից հետաքրքրվեցինք, թե ինչու չի միջնորդում, որ հարցաքննվի ԱԱՆ այդ սպան եւս: Փաստաբանը հայտնեց, թե նման միջնորդություն անելու մտադրություն ունի եւ պատասխան հարց տվեց. «Իսկ ինչո՞ւ եք կարծում, թե ԱԱՆ այդ սպան չի հարցաքննվել: Հարցաքննվե՛լ է: Նրա հարցաքննության արձանագրությունն այն գաղտնի նյութերում է, որոնք գործի 42 հատորներից դուրս են: Ես ծանոթ եմ այդ փաստաթղթին»:

Ինչեւէ, 4 տարի անց հեռախոսով «27»-ի մասին տեղեկություններ հայցելու եւ անջատված մասի կարճման համար հասարակական կարծիք նախապատրաստելու փոխարեն՝ արժե, որ դարձյալ քննվեն ԱԱՆ վերոհիշյալ սպաները եւ հատկապես նրանց ղեկավարը: Թեեւ, անկեղծ ասած, անհույս է այժմ անջատված մասի գլխավոր հարցերին պատասխան ակնկալելը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031