Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱ ՍՐԱՆՑ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷՐ»

Օգոստոս 27,2003 00:00

«ՍԱ ՍՐԱՆՑ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷՐ» Քաղաքական կրքեր «27»-ի դատավարության շուրջ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը թեւակոխել է ավարտական փուլ։ Ըստ որոշ դիտորդների, այն ավարտվելու է այս տարի։ Բնական է, որ լուրջ հետեւանքներ ունեցած այս դատավարությունը շարունակում է մնալ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Փորձելով պարզել կոալիցիայի անդամների կարծիքը Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի դատական նիստերը բոյկոտելու փաստի վերաբերյալ, ստացանք հետեւյալ պատկերը։ Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի. «27»-ի դատավարությունը այնպիսի գործ է, որի վերաբերյալ մանրակրկիտ գնահատականներ կարելի է տալ միայն գործի ընթացքին մանրամասն հետեւելով, հաշվի առնելով այդ գործի կարեւորությունը եւ հոգեբանական նշանակությունը։ Մյուս կողմից, քանի որ տուժող մյուս կողմը՝ Արամ Սարգսյանի ներկայացուցիչները շարունակում են մասնակցել դատավարությանը, ես կարծում եմ, թերեւս, հարց է առաջանում, որի պատասխանը արժե այսպես հնչի՝ ինչպե՞ս է, որ մոտիկ տեսակետներ ունեցող տուժողներից մեկի ներկայացուցիչը շարունակում է մասնակցել, մյուսը՝ չի շարունակում։ Ոչ թե ցանկանում եմ հակասություն որոնել երկուսի գործողությունների մեջ, այլ ուզում եմ ասել, որ ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է, որ այս հստակությունը լինի»։ Տիգրան Թորոսյանն ասաց, որ ինքն առայժմ ձեռնպահ կմնա որեւէ գնահատական տալուց։ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, մի բան հստակ է. «27»-ի դատավարությունը ի սկզբանե, դժբախտաբար, չկարողացավ զերծ մնալ քաղաքական շահարկումներից եւ գործի բացահայտմանը խոչընդոտող հանգամանքը հենց դա է»։ Մեր հարցին՝ ո՞ւմ կողմից է քաղաքականացվում «27»-ի դատավարությունը, պրն Ռուստամյանը պատասխանեց. «Քաղաքականացվել է բոլոր կողմերից։ Նախաքննության ընթացքում քաղաքականացվում էր մեկ նպատակով, դատավարության ընթացքում՝ մեկ այլ նպատակով եւ այդ ամենը չի նպաստում գործի բացահայտմանը»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, ինչպես եւ չորս տարի առաջ, շարունակում է մնալ այն կարծիքին, որ հասարակությունը «27»-ի վերաբերյալ գիտի այնքան, որքան գիտեր 1999թ. հոկտեմբերի 28-ին՝ ոճրագործությունից մեկ օր անց. «Փաստորեն, այսօր մենք «27»-ի կազմակերպիչների մասին որեւէ բան չգիտենք, կատարողների մասին էլ ամեն ինչ պարզ է եւ, ըստ էության, ամբողջ դատական պրոցեսի նպատակը պետք է լիներ կազմակերպիչների խնդիրը։ Ե՛վ Տիգրան Ջանոյանի, ե՛ւ Աշոտ Սարգսյանի, ե՛ւ Օլեգ Յունոշեւի ջանքերի շնորհիվ ակնհայտ է, որ կազմակերպիչներ կան։ Այսինքն, դատական պրոցեսի վերաբերյալ այն գնահատականը, որ որեւէ բան չի պարզվել, ես չեմ կիսում՝ ընդհակառակը, հենց դատական պրոցեսի ընթացքում պարզվել է, որ «27»-ը կազմակերպիչներ ունի։ Ընդամենը երկու փաստ վկայակոչեմ ի ապացույց ասվածի։ Վռամ Գալստյանի արտահայտությունը, թե՝ «սա սրանց խելքի բանը չէր», ինչն ասվել է 2001թ. ապրիլին։ Եվ երկրորդը՝ Դերենիկ Բեջանյանի ցուցմունքներում կա այսպիսի արտահայտություն՝ «մենք մեր անելիքն արել ենք, կգան մարդիկ եւ կանեն իրենց անելիքը»։ Այսինքն՝ դատարանում հրապարակված ամբաստանյալների ցուցմունքներն իսկ ապացուցում են, որ կազմակերպիչներ կան»։ Պրն Դալլաքյանին խնդրեցինք պարզաբանել Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի՝ դատական նիստերը բոյկոտելու հանգամանքը։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ԶԼՄ-ները անտեսել են մի շատ կարեւոր նրբերանգ. «Աշոտ Սարգսյանը պրոցեսից դուրս չի եկել, նա ընդամենը չի մասնակցում դատարանում գործի քննությանը, այսինքն, նա պրոցեսի մեջ է, կարող է ներկայացնել միջնորդություններ հատկապես անջատված մասի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ երկու ներկայացուցիչների միջեւ հակասություններ չկան։ Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչների ավելանալուն, ապա ես դա փորձում եմ կապել Տիգրան Նաղդալյանի սպանության հետ կապված գործին։ Հավանաբար կա ցանկություն, որ «27»-ի դատավարությունը պահել հասարակության ուշադրության կենտրոնում, իսկ մյուս դատավարությունը փաստորեն գտնվո՛ւմ է ուշադրության կենտրոնում»։ Այս տեսանկյունից գնահատական տալով իշխանության քայլերին եւս, Վ. Դալլաքյանը կարծիք հայտնեց, թե «Արմեն Սարգսյանի սարքովի գործը ուղղակի քայլ է, որպեսզի հավասարակշռվեն Տիգրան Նաղդալյանի գործի եւ «27»-ի գործի դատավարությունները։ Ցանկացած հանցագործություն կատարող անձ պետք է օրենքի առջեւ խիստ պատասխանատվության ենթարկվի, բայց Արմեն Սարգսյանի հետ կապված՝ ես բացառում եմ նրա կապը այդ գործի հետ։ Ուղղակի քաղաքական պատվերը այնպիսին էր, որ պետք է գտնվեր «27»-ին հակակշռող որեւէ աղմկոտ դատավարություն, որը, փաստորեն, գտնվել է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել