Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄԵԴԱԼՆԵՐ ՉԵՂԱՆ

Օգոստոս 24,2003 00:00

ՆՈՐ ՄԵԴԱԼՆԵՐ ՉԵՂԱՆ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտվեցին ծանրամարտի Եվրոպայի պատանիների 13-րդ եւ աղջիկների 10-րդ առաջնությունները։ Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի մարզիկ-մարզուհիները առաջին երեք օրում նվաճել էին մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ։ Ընդ որում, միակ բարձրագույն պարգեւը մեր պատվիրակությանը բերեց Հռիփսիմե Խուրշուդյանը։ Ուրախալի է, որ հայ աղջնակը Դորտմունդում սահմանեց այդ տարիքային խմբի չորս ռեկորդ։ Պոկում վարժությունում Հռիփսիմեն նախ ռեկորդի սահմանը հասցրեց 82,5 կգ-ի, այնուհետեւ այն բարելավեց եւս 2,5 կգ-ով։ Համապատասխանաբար, երկու անգամ թարմացավ նաեւ երկամարտի արդյունքը, սկզբում՝ 185 կգ, հետո՝ 187,5։ Ցավոք, հաջորդ օրերին մեր թիմի հաշվարկը նոր մեդալներով չհամալրվեց։ Մեր մյուս աղջիկներից 48 կգ քաշային կարգում Թեհմինա Կարապետյանը երկամարտի 130(57,5+72,5) արդյունքով բավարարվեց 8-րդ տեղով, 58 կգ-ում Մելինե Դալուզյանը ճանաչվեց 4-րդը (70+90=160), իսկ Քրիստինե Թորոյանը հանգրվանեց 11-րդ հորիզոնականում (65+82,5= 147,5)։ Տղաների մրցակցությունում 50 կգ քաշային Գառնիկ Աբրահամյանին ընդամենը մեկ քայլ չբավականացրեց բրոնզե մեդալին։ Նա ցույց տվեց 192,5 կգ (85+107,5)։ Նույն քաշում Արայիկ Միրզոյանը 177,5 (77,5+100) կգ-ով 9-րդն էր։ 69 կգ-ում Գոռ Հովհաննիսյանը (115+135) եւ Դավիթ Հովհաննիսյանը (110+140) երկամարտում ցույց տվեցին հավասար արդյունք՝ 250 կգ եւ անձնական քաշով համապատասխանաբար զբաղեցրին 15-րդ եւ 16-րդ տեղերը։ Գառնիկ Մանուկյանը (77 կգ, 120+157,5=277,5) եւ Արտակ Մկրտչյանը (85 կգ, 125+155=280) համապատասխանաբար գրավեցին 7-րդ եւ 9-րդ հորիզոնականները։ Աղջիկների թիմային պայքարում Հայաստանի քառյակը 241 միավորով 11-րդն է, իսկ տղաների թիմը 380 միավորով՝ 6-րդը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել