Լրահոս
Օրվա լրահոսը

Որ դոփապարը տեղում չդոփի

Օգոստոս 24,2003 00:00

Որ դոփապարը տեղում չդոփի Այսօր ոչ միայն երգ-երաժշտությունն է մատուցվում ֆոնոգրամայով, այլեւ պարը՝ ստեպը։ Նախօրոք ձայնագրվում է երաժշտությունը, ապա ոտքերի դոփյունները։ Հետո՝ նկարահանման ժամանակ կատարողները ձեւացնում են, թե պարում են ստեպ։ Դա նույնն է, երբ երգի ժամանակ բերանը բացուխուփ են անում, իբր երգում են։ «Մենք երազում ենք դոփապարը (step) ներկայացնել միայն կենդանի կատարումով»,- զրույցի սկզբում ասաց Երեւանի պարարվեստի ուսումնարանի SNG ստեպ-ստուդիայի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթի դափնեկիր Սարգիս Գալստյանը։ Ըստ նրա, միակ վայրը, ուր կարելի է դիտել step-ի «կենդանի կատարում», երեւանյան «Պիոներ» ակումբն է։ «Step-ը երաժշտական գործիք է, որը բաղկացած է կոշիկից եւ բեմահարթակից։ Ցավոք, այդ արվեստը ցուցադրելու միակ միջոցը Հայաստանում նկարահանումներն են։ Նախօրոք ձայնագրվում է ամեն ինչ։ Նման աշխատաոճից, անկասկած, տուժում են արվեստի շատ տեսակներ»,- կարծում է Ս. Գալստյանը։ Նրա հետ զրույցից պարզվեց, որ դոփապարի համար անհրաժեշտ է գոնե 30 քմ մակերեսով հավաքովի բեմ, որի տակ հարմարեցված լինեն միկրոֆոններ։ Բայց Երեւանի պարարվեստի ուսումնարանը, ուր գործում է իրենց ստուդիան, չունի համապատասխան հնարավորություններ. «Ուսումնարանը մեզ տրամադրել է փորձասրահ, որը չի համապատասխանում step-ի պահանջներին։ Իսկ մեզ անհրաժեշտ է ստուդիական չոր հնչողություն ապահովող փորձատեղ»։ Ստուդիայի ղեկավարը հույս ունի, որ մշակույթի նախարարը որեւէ լուծում կգտնի իրենց ստուդիայի խնդիրների համար, քանի որ, նրա կարծիքով, յուրաքանչյուր օտար արվեստի տեսակ, եթե պրոֆեսիոնալ հիմքերի վրա է, հարստացնում է մեր մշակույթը։ Ինչ վերաբերում է SNG խմբին, 2002թ. Սոչիում կայացած միջազգային մրցույթում «Գրան պրի» է շահել։ «Step-ի հայրենիքը Եվրոպան է։ 13-րդ դարում անգլիացի ֆերմերները կրել են կոշիկներ, որոնց քթամասն ու կրունկը փայտից էին։ Պարելիս ուշադրություն են գրավել դոփյունները, իսկ ձեռքերի շարժումներն ու դեմքի արտահայտությունը մղվել է հետին պլան»,- ասաց Ս. Գալստյանը, հիշեցնելով, որ դոփապարը 19-րդ դարի սկզբին տեղափոխվել է Ամերիկա, իսկ 20-րդ դարի սկզբում՝ տարածվել Ռուսաստանում։ Ի դեպ, Կովկասում step-ը առաջինը Հայաստան է մուտք գործել։ Ժամանակին Արտեմի Այվազյանի ջազ նվագախմբում պարի այս տեսակով հիացրել են Օրդոյան եղբայրները։ Ս. Գալստյանի ղեկավարած Step ստուդիան արժանացել է նաեւ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, Մոսկվայի արվեստի ակադեմիայի պարային բաժնի դեկան Ա. Էլիզարովի բարձր գնահատականին։ Տեղեկացնենք, որ SNG-ն պատրաստվում է մասնակցել Ա. Կիրսանովի մոսկովյան հայտնի ստեպ-դպրոցի կողմից 2004-ին անցկացվելիք միջազգային մրցույթին։ «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է step ներմուծել հայկական պարի էլեմենտներ, Ս. Գալստյանը պատասխանեց. «Այո, բայց ես դա չեմ անի պարզ պատճառով։ Ունենալով դասական կրթություն, առաջնորդվում եմ «ամեն ինչ դասականի հիմքի վրա» սկզբունքով։ Ուսումնասիրել եմ դասական step-ի եվրոպական՝ սպիտակ եւ ամերիկյան՝ սեւ ոճերը։ Դրանցով էլ առաջնորդվում եմ»։ Սակայն մի նորամուծություն ստուդիայի ղեկավարն, այնուամենայնիվ, արել է։ Կովբոյական կոշիկների վրա նա ամրացրել է համապատասխան պտուտակներ, որոնք պարելիս, բեմի հետ շփվելով, կայծեր են առաջացնում, պարին տալով մեծ էֆեկտ։ 2000թ. հայաստանյան երաժշտական կյանքում առաջին անգամ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ SNG-ին կատարել է պարեր (երաժշտությունը՝ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի), ուր օգտագործված էին հայկական նվագարանները՝ զուռնա, պկու, պարկապզուկ, հարվածային գործիքներ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել