Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱԶԵՐԾԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ՉԵՆ ՊԱԿԱՍԵԼ»

Օգոստոս 24,2003 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱԶԵՐԾԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ՉԵՆ ՊԱԿԱՍԵԼ» Ասում է քաղաքագետների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը – Ինչպե՞ս եք վերաբերում «Հոկտեմբերի 27-ի գործով» դատավարությունը բոյկոտելու մասին Կարեն Դեմիրճյանի ընտանիքի կայացրած որոշմանը: – Եթե Դուք ներկայացնեիք ոչ թե Հայաստանում տպագրվող օրաթերթերից մեկին, այլ արտասահմանյան պարբերականի, ինձ Ձեր հարցը չէր զարմացնի: Ի վերջո, ես այդ ողբերգական օրը դահլիճում ներկա տուժողներից եմ, ուստի, ինչպես մյուսներին, ինձ էլ կարելի է դիմել նման հարցերով: Սակայն, մյուս կողմից, Հայաստանում քաղաքական գործընթացներին քիչ թե շատ հետեւող մարդկանց մեջ չկա մեկը, ով չգիտի, որքան մեծ էր իմ անձնական կորուստը: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին գնդակահարվեցին 1991 թվականից իմ փայփայած այն ծրագրերը, որոնք երկար ու ձիգ ութ տարիներին՝ Կարեն Դեմիրճյանի հետ հաճախակի կրկնվող մեր երկարատեւ առանձնազրույցների ընթացքում հղկվել էին եւ պետք է կյանքի կոչվեին Կարեն Սերոբիչի քաղաքական խարիզմայի շնորհիվ: Այդ չարաբաստիկ օրը սպանվեց իմ սերնդի, որը հայտնվել էր երկու հակադիր հասարակարգերի բախման կիզակետում եւ մեկ արժեքային համակարգից մյուսին անցնելու ժամանակաշրջանում կարծես դատապարտված էր վերածվել կորուսյալ սերնդի, սեփական կյանքի իմաստը վերագտնելու եւ անկումային տրամադրություններից ձերբազատվելու հույսը: Եթե անցումային շրջանի մոխիրներից հրաշքով հառնած այդ հույսը հնարավոր էր գնդակահարել՝ հայտարարելով, որ հանցագործության պատասխանատուները միայն տականքների հայտնի հնգյակն է, նշանակում է մեր սերունդն իսկապես դատապարտված է լինել կորուսյալ սերունդ: Եթե խորհրդարանական մեծամասնության ղեկավարը կարող է մամուլի էջերից հայտարարել, որ իր կարծիքով այդ հնգյակի հետեւում կանգնած են դրսի ուժեր, այսինքն՝ բարձրաձայնել «Հոկտեմբերի 27-ի» կազմակերպման աշխարհաքաղաքական վարկածի հիմնավորվածության մասին իր տեսակետը, եւ միաժամանակ ձեռնպահ մնալ «անկախ Հայաստանի» իրավապահ մարմիններին դատական գործը ճիշտ՝ կազմակերպիչների բացահայտման ուղղությամբ տանելու պահանջ ներկայացնելուց, նշանակում է՝ մեր պետությունը այնքան «անկախ» է, որ իր քաղաքացիներին ի վիճակի չէ պաշտպանել արտաքին դավադրություններից կամ գոնե ապահովել այդ դավադրությունների բացահայտումը: Դեմիրճյանների ընտանիքին «լիրիկական զեղումների» պատճառաբանությամբ մեղադրելու փոխարեն արժեր ցուցաբերել հետեւողականություն եւ հարց բարձրացնել. արդյո՞ք հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ դրան հետեւած զարգացումների իմաստը այն չէր, որ որոշակի աշխարհաքաղաքական համոզմունքներ ունեցող Կարեն Դեմիրճյանին Ազգային ժողովի նախագահի աթոռին ի վերջո փոխարինի այլ աշխարհաքաղաքական նախասիրություններ ունեցող մեկը: Եթե հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպման աշխարհաքաղաքական վարկածը ճիշտ է, ուրեմն այս հարցը պետք է որ հետաքրքրեր հարգարժան Գալուստ Սահակյանին: Ինչպես նաեւ, օրինակ, այն փաստը, որ ո՛չ քննության եւ ո՛չ էլ դատավարության ընթացքում չպարզվեց, թե ինչու՞, ի՞նչ պատճառներով խորհրդարանական խմբակցություններից մեկի անդամները գրեթե ամբողջ կազմով բացակայում էին հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ նիստից: Հատուկ ծառայությունների հետ ամուր կապե՞րը, «պայծառատեսության» ձի՞րքը կամ, գուցե, «լավ ապրելու» ունակությու՞նը նրանց փրկեց հոկտեմբերի 27-ի մղձավանջի ժամանակ դահլիճում ներկա գտնվելուց: – Խոսակցություններ կան, որ Դուք իշխանությունների պատվերով նախագահական ընտրություններին պաշտպանեցիք Արտաշես Գեղամյանի թեկնածությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումները: – Գործող իշխանությունները չափազանց մտահոգված են այն իրողությամբ, որ Հմայակ Հովհաննիսյանի դեմ իրենք որեւէ կոմպրոմատ չունեն: Մինչդեռ Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես ցույց է տալիս իմ հրապարակախոսական գործունեությունը դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմի օրոք, ունի իշխանություններին ցնցելու ե՛ւ բազմաթիվ առիթներ, ե՛ւ համապատասխան ընդունակություններ: Այդ իսկ պատճառով օրվա իշխանություններն՝ իրենց լրտեսական ցանցի միջոցով, տարածում են տարբեր հերյուրանքներ: Եվ նրանք դատապարտված են դա անել նաեւ առաջիկայում, քանզի ես նրանց ոչնչով չեմ կարող օգնել՝ ո՛չ կարող եմ փարատել իրենց վախը, ո՛չ էլ չեղած տեղը ինքս իմ դեմ կոմպրոմատներ մոգոնել: Գ. Վ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել