Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է

Օգոստոս 24,2003 00:00

ՆԱԽԱՐԱՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը երեկ լրագրողներին ասուլիսի էր հրավիրել հենց այն ժամին, երբ ստորագրում էր արդեն ուսանող դարձած դիմորդների ցուցակները: Նախապես մշակված սցենարով մի կողմից նախարարը (սկզբում առանց կոստյումի, հետո կոստյումով) ստորագրում է թղթերը, հետո փոխանցում դրանք կնքելու: Մեկը խմբավորում է ցուցակները: ՀԸՀ մամուլի պատասխանատուն օպերատորներին խորհուրդ է տալիս ֆիքսել հենց այն պահը, երբ նախարարը գրիչը հպում է թղթին: Մի խոսքով, տպավորիչ էր: Նախարարի կարծիքով այս տարվա ընդունելության քննություններն անցան կազմակերպված, թերությունները եղել են զուտ կազմակերպչական, այն էլ միայն առաջին օրը՝ ուշ սկսելու առումով: Նկատենք, որ այս ընթացքում մի թերություն էլ է եղել. դա այն է, որ ԿԳ նախարարությունը լրագրողներին հավատարմագրերի հետ վարդագույն ակնոցներ չի բաժանել, ու հիմա մեզ համար դժվար է պարզապես հավատալ նախարարի խոսքերին: Գոնե մեր թերթն անդրադարձել է դիմորդների բողոքներին, որոնք վերաբերում էին քննությունների թե կազմակերպչական, թե բովանդակային թերություններին, թե նախարարի պոպուլիստական խոստումներին (ծնողներին ինչ-ինչ զիջումներ են խոստացվել), որոնցից թեկուզ մեկի իրագործումն, ինչպես նախարարն ինքն էր ասել բողոքող ծնողներից մեկին, շղթայական ռեակցիա կառաջացներ: Նախարար Սերգո Երիցյանին հիշեցրինք այն փաստը, որ քննությունների ժամանակ լիազոր ներկայացուցիչների շրջանում եղել են մասնագետներ, որոնք կարող էին միջամտել քննության նորմալ ընթացքին: Նախարարը փորձեց հիշել. «Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, մի դեպք եղել է մաթեմատիկայի քննության ժամանակ, լիազորին տարել ենք այլ հանձնաժողով: Սկզբունքորեն պետք է մասնագետ չլինի, բայց այդ լիազորը մասնագետ էր այնքանով, որքանով մաթեմատիկայից որոշակի գաղափար ուներ: Այնպես որ, նա որեւէ լուրջ մասնակցություն քննությանը չէր կարող ունենալ»: Փորձենք հասկանալ նախարարին. նախ, մաթեմատիկայից որոշակի գաղափար կարելի է ունենալ թեկուզ միջնակարգ կրթությամբ, իսկ այստեղ խոսքը, բնականաբար, նրանց մասին չէ: Իսկ եթե այդ լիազորը չէր կարող ազդել քննությունների ընթացքի վրա, ապա ինչո՞ւ նրան, այնուամենայնիվ, հեռացրին այլ առարկայական հանձնաժողով: Նախարարին հիշեցրինք նաեւ, որ շրջայցերից մեկի ժամանակ լրագրողներին տարբեր հանձնաժողովներում բացատրվեց, թե ինչպես է բողոքարկումն իրականացվելու: Ըստ նրանց, նախ բողոքարկման է գնում հանձնաժողովի անդամը, հետո, եթե հարկ առաջանա, նաեւ՝ հանձնաժողովի նախագահը: Սակայն նման փաստի երբեւէ ականատես չեղանք, եւ բողոքարկումներն էլ հիմնականում ձեւական բնույթ էին կրում: «Տարբեր հանձնաժողովներ տարբեր կերպ էին կազմակերպում բողոքարկումը: Օրինակ, անգլերեն գրավորի առարկայական հանձնաժողովի նախագահ Ելենա Երզնկյանն ինքն էր մասնակցում բողոքարկումներին: Մեծ ծավալ ունեցող աշխատանք իրականացնող հանձնաժողովները, օրինակ, մաթեմատիկան, ընդամենը կազմակերպում էին օրվա քննությունը»,- բացատրեց նախարարը: Մեկ այլ հիշեցում: Նախարարը խոստացել էր բողոքարկման արդյունքում չիջեցնել ոչ մի գնահատական: Սակայն նման փաստ գրանցվել էր, ինչին էլ նախարարը հակադարձեց. «դա անգլերենի բանավոր քննությունն էր, ու մենք արդեն իրավասու չէինք8230 (միջամտելու- Հ. Բ.), դրանից (չիջեցնելու խոստումից- Հ. Բ.) հետո նման դեպք չի եղել»: Եթե նախարարն իսկապես որոշել էր հրահանգել՝ չիջեցնել որեւէ գնահատական, այդ մասին առաջինը պետք է իմանային հանձնաժողովի անդամները եւ ոչ թե լրագրողները: Սերգո Երիցյանին հայտնեցինք նաեւ պտտվող այն կարծիքը, թե նախարարը անվստահություն է ունեցել պատմության հանձնաժողովների հանդեպ ու բարձր միավորներով գրավորներն անձամբ է վերստուգել՝ համեմատելով դասագրքի հետ: «Պատմության հանձնաժողովի հանդեպ անվստահություն չեմ ունեցել, պարզապես, ինչպես եւ բոլոր հանձնաժողովներում, բոլոր հանձնաժողովների աշխատանքներին, որքան որ իմ իրավասություններն էին ներում, ներկա եմ եղել: Եթե խորհրդակցելու խնդիր են ունեցել, խորհրդակցել եմ: Եթե առաջարկել են, նայել եմ: Եղել են դեպքեր, երբ ասել են, թե գրքից արտագրություն է սկզբից մինչեւ վերջ: Պարզապես թերթել ենք գիրքը»,- ըստ էության, լուրը չհերքեց նախարարը: Ընդհանուր առմամբ, այս տարի ուսանող է դարձել. պետպատվերի շրջանակներում՝ 2618 մարդ, վճարովի համակարգում՝ 3919, առանց տարկետման իրավունքի՝ 1548-ը: Այս տարի 47 թափուր տեղ կա Բժշկական համալսարանում, 130 տեղ Վանաձորի բուհերում: Վերջինիս վիճակը «բարելավելու» նպատակով, ԿԳ որոշման համաձայն, Լոռու մարզի դիմորդների շրջանում լրացուցիչ մրցույթ կանցկացվի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել