Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական «զանցառուները»՝ Վանաձորից

Օգոստոս 24,2003 00:00

Քաղաքական «զանցառուները»՝ Վանաձորից Հաշվեհարդարի երկրորդ փուլը «Թաքնված տեսախցիկից» հայտնի երգիծաբան Վահագն Սիմոնյանը մի հարցախույզ էր անցկացրել Վանաձորում ու միամիտ քաղաքացուց հետաքրքրվել, թե «Դուք հետախուզման մե՞ջ եք։ Դուք ոչ մի անգամ հանցանք չե՞ք կատարել։ Այ, հանցագործություն չես արել, դրա համար էլ հետախուզվում ես»։ Ընդդիմադիր կուսակցությունների որոշ անդամներ խորհրդարանական ընտրություններից հետո հայտնվել են հանցանք չկատարելու համար հետախուզվողի կարգավիճակում։ Բավական չէ, որ շատ դեպքերում ընտրական կեղծված արդյունքների պատճառով պարտվել են ու նախընտրական գումարներ կորցրել, հիմա էլ պատժվում են որպես «զանցառուներ»։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ի թիվս այլոց, դատի են տրվել ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը եւ «Ազգային միաբանությունից»՝ Սպարտակ Եսայանը, որոնք պատգամավորության թեկնածուներ էին առաջադրված թիվ 36 ընտրատարածքում: Այստեղ, ի վերջո, պատգամավոր է ընտրվել ընդդիմության ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Հարկ է նկատել, որ թե՛ Ա. Ղուկասյանը, թե՛ Ս. Եսայանը իրենց ելույթներում պարբերաբար քննադատել են թե հանրապետական եւ թե Լոռու մարզային եւ քաղաքային իշխանություններին։ Մարզի 1-ին ատյանի դատարանին ուղարկված ԿԸՀ-ի գրության մեջ նշվում է, որ վերջիններիս նկատմամբ վարչական օրենսդրությամբ պատասխանատվություն է հասնում՝ «ՀՀ ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով եւ ժամկետում թեկնածուների կողմից իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու համար»։ «Ես հաշվի համար եւ հիմնադրամ չեմ ունեցել»,- այդ առթիվ իր անհամաձայնությունն է արտահայտել Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանին Ա. Ղուկասյանը, միաժամանակ այդ առթիվ ներկայացնելով տեղեկանք թիվ 36 ԸԸՀ-ից. «Պատգամավորության թեկնածու Ա. Ղուկասյանի նախընտրական քարոզչություն իրականացնելու համար չի ձեւավորվել նախընտրական հիմնադրամ»։ Եվ, այդուհանդերձ, Լոռու մարզի 1-ին ատյանի դատավոր Մ. Հարությունյանը 13.08. 2003թ. որոշեց, որ Ա. Ղուկասյանը կատարել է «զանցանք»՝ նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ վարչ. օրենսգրքի 40-3 հոդվածով եւ տուգանեց 100.000 դրամ։ Այդպիսով, Ա. Ղուկասյանը «պատժվում» է նախընտրական հիմնադրամ չունենալու համար։ Ի դեպ, դատավորը նաեւ հետաքրքրվել է, թե ի՞նչ գումարներից է ֆինանսավորվել Ա. Ղուկասյանը՝ իր նախընտրական բուկլետները պատրաստելիս։ «Զանցառուն» պատասխանել է, որ քարոզչական ամբողջ ծախսերը ընդհանուր կուսակցական «կարգուսարքով» հոգացել է կոմկուսի կենտրոնական գրասենյակը։ Հետաքրքիր է, թե երբեւէ կգա՞ն այն ժամանակները, երբ որեւէ իրավապահ կհետաքրքրվի որեւէ պետական բարձրաստիճան պաշտոնյայից, թե ի՞նչ փողով են դղյակ կամ հյուրանոց կառուցում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել