Լրահոս
Օրվա լրահոսը

Կգործի՞ նորաստեղծ խորհուրդը

Օգոստոս 24,2003 00:00

Կգործի՞ նորաստեղծ խորհուրդը Հարցազրույց ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի հետ – ԱԺ նախագահին կից ստեղծվեց փախստականների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների խորհուրդ: Արդյո՞ք դա չի նշանակում, որ Միգրացիայի եւ փախստականների վարչությունն իր ֆունկցիաներում թերանում է: – Խորհրդի ստեղծումը ես այդ կերպ չէի մեկնաբանի: Ընդհակառակը, ես դա կմեկնաբանեի հետեւյալ ձեւով, որ փախստականների հիմնահարցերը շատ լուրջ մարտահրավեր են պետության համար եվ պետության երկրորդ դեմքը, որը նախկինում եւս զբաղվել է այդ հիմանհարցերով եւ որին հոգեհարազատ է այս թեման, որպես կարեւորագույն խնդիր, որոշել է դրանք պահել իր ուշադրության կենտրոնում: Խորհուրդը կհանդիսանա լավ ֆորում, որտեղ կարող ենք մեր վարչության ծրագրերը ներկայացնել եւ մանրամասն քննարկման արդյունքում բարեփոխել, բարելավել դրանք: Սա՝ մեկ: Եվ երկրորդը՝ այն շատ լավ տրամպլին կլինի ծրագրերը ընդունող համապատասխան օղակների առջեւ ավելի լավ ներկայանալու եւ դրանց ընդունման գործընթացն ավելի դյուրին դարձնելու համար: – Հնարավո՞ր է, որ այս խորհրդին սպառնա նույն ճակատագիրը, որը սովորաբար ունենում են հասարակական կազմակերպությունների եւ որեւէ պետական օղակի միությունները, խորհուրդները, ինչպես եղավ ասենք, Սոցիալական Լիգայի դեպքում: – Ձեր հարցին պատասխանելու համար առաջին հերթին պետք է նշեմ, որ շատ բան այստեղ կախված է այն կառույցներից, որոնք պետք է ապահովեն այս խորհրդի ամենօրյա աշխատանքը: Սկզբում պետք է մշակվի խորհրդի աշխատանքների ծրագիրը, ով ինչպիսի հարցեր պետք է ներկայացնի խորհրդի քննարկմանը, այդ փաստաթղթերը եւ դրանց տարածումը խորհրդի անդամների մեջ ժամանակին եւ որակով ապահովվի, իսկ բոլոր նիստերը արձանագրվեն: Սրանք կազմակերպչական բնույթի աշխատանքներ են, որոնք հստակ ժամացույցի մեխանիզմի նման պետք է իրականացվեն: Երկրորդը՝ քննարկվելիք հարցերը պետք է արդիական լինեն, լինեն կոնկրետ ծրագրերի հիմքի վրա եւ ոչ միայն ցանկությունների: Երրորդ՝ նման մեծաթիվ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ որոշումներ ընդունելը ինքնին բարդ գործընթաց է: Ինչու՞: Որովհետեւ իրենք՝ հասարակական կազմակերպությունները նույնիսկ մի հարցի շուրջ երբեմն խիստ իրարամերժ կարծիքներ են ունենում եւ բոլորին բերել մեկ ընդհանուր հայտարարի, իրոք, շատ բարդ է: Առավել եւս, որ դրան առնչվում են նաեւ պետական օղակներ: Բայց այս հարցում մտահոգություններ չունեմ, քանի որ ԱԺ նախագահը փորձառու է բարդ իրավիճակներում որոշումներ կայացնելու հարցում: Բայց մնացած հարցերը ապարատը պետք է ապահովի: Հակառակ դեպքում կունենանք մինչ այդ չկայացած ֆորումներ-լիգաների փորձի կրկնությունը: – Այս նախաձեռնությունը ավելի շատ չի՞ բխել վերեւից, այսինքն ԱԺ նախագահից, քան ՀԿ-ներից: Նկատի ունենալով կառավարության ծրագիրը, որում այս տարի վերջապես տեղ է հատկացվել միգրացիայի եւ փախստականների հարցերին: – Հստակ չեմ կարող ասել ում կողմից է նախաձեռնությունը: Կարծում եմ, հանդիպակաց է եղել ցանկությունը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ ԱԺ նախագահը առաջին անգամ է իրեն փախստականների հարցերով խորհրդական նշանակել: Իսկ Կառավարությունն իսկապես առաջին անգամ է իր վրա կոնկրետ պարտավորություն վերցրել ՝ առաջիկա 3 տարվա ընթացքում լուծելու չորս հազար առավել կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային հիմնահարցերը: Բացի այդ, սա կոալիցիոն կառավարության ծրագիր է, ԱԺ նախագահն էլ դրա մեջ մտնող կուսակցություններից մեկի ղեկավարն է: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել