Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԱԳՅՈՒՂՑԻՆԵՐԻՆ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ «ԳՐԳՌԵԼ»

Օգոստոս 24,2003 00:00

ԼՈՒՍԱԳՅՈՒՂՑԻՆԵՐԻՆ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ «ԳՐԳՌԵԼ» Այդ նպատակով Երեւանից ոստիկաններ են ուղարկել, որոնք ծեծել են գյուղացիներին Մեր թերթի 22.07.03թ. համարում՝ «Մենթական սեփականաշնորհում» վերնագրով հրապարակումն, ըստ թիվ 20 ընտրատարածքի պատգամավոր Լեւոն Խաչատրյանի, չի համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ հրապարակման շարժառիթը կառավարության շենքի դիմաց Ապարանի Լուսագյուղ գյուղի բնակիչների բողոքի ցույցն էր, որոնք պահանջում էին «չսեփականաշնորհել» Լուսագյուղի «9 աղբյուր» կոչվող ջրատարը: Լուսագյուղցիները ցույցի օրը նաեւ հայտարարել էին, թե Ապարանի միլպետ Գագիկ Խաչատրյանը, որը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ընկերն ու Լ. Խաչատրյանի սանիկն է, Երեւանից մահակներով ոստիկաններ էր տարել՝ գյուղացիներին դիմադրելու համար, որի արդյունքում վիրավորվել էին մի քանի լուսագյուղցիներ: Ցուցարարների պնդմամբ, այդ տարածքը ցանկանում է սեփականաշնորհել Ա. Հովսեփյանը, ինչը հերքեց պատգամավոր Լ. Խաչատրյանը: Վերջինս հաստատեց, որ Լուսագյուղում իսկապես ծեծկռտուք եղել է, սակայն ոչ տարածքի սեփականաշնորհման պատճառով: «Տարածքը սեփականաշնորհելու խնդիր չի եղել այդ օրերին: Ծեծկռտուքը եղել է, ամեն ինչն էլ եղել է, բայց այն պատճառով, որ աղբյուրի ջուրն ուզում են ջրագծով տանել Ապարան, որ ապարանցիները խմելու ջուր ունենան: Սակայն ժողովուրդը դրան համաձայն չի,- ասաց Լ. Խաչատրյանը՝ ավելացնելով,- ջուրն, իրոք, կարելի է տանել: Պետք է պայմանագիր կնքել բնակիչների հետ. ձմռանը գյուղացիներին այդ ջուրը պետք չէ, որպեսզի իզուր չկորչի, թող ձմռանը գնա-լցվի խմելու ջրի ջրամբարը, իսկ ամռանը լուսագյուղցիներին կտրվի այն քանակով ջուր, որքան իրենց անհրաժեշտ է»: Լ. Խաչատրյանից, որը շրջանցում էր գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի թեման, փորձեցինք պարզել՝ որպես այդ ընտրատարածքի պատգամավոր, արդյոք իրեն չի՞ հետաքրքրել, թե ինչու են ծեծի ենթարկել իր ընտրողներին: Այս հարցին ի պատասխան, Լ. Խաչատրյանն ասաց. «Հետաքրքրել է, պարզել եմ: Այդ հրապարակման մեջ իմ անունն էր շոշափվում, թե ես իմ ընկերների՝ Աղվան Հովսեփյանի հետ, ուզում ենք այդ հողերը սեփականաշնորհել: Նման խնդիր չկա, չի8217 եղել, չի էլ կարող լինել: Քաղաքից ոստիկանները դրա համար չեն եկել: Ծեծուջարդը դրա համար չի եղել: Խնդիրը եղել է այն, ինչ ասացի. ջուրն ուզում են տանել Ապարան, բնակիչները համաձայն չեն, որովհետեւ իրենց դաշտերն են այդ ջրով ջրվում, ու դիմացի դաշտն իրենց անասունների արոտավայրն է: Երեւի այդ ծեծկռտուքով ցանկացել են ժողովրդին գրգռել»: Ցուցարարների այն դիտարկմանն ի պատասխան, թե բացի «9 աղբյուրից» Լուսագյուղում եւ Ապարանի մյուս գյուղերում ուրիշ աղբյուրներ էլ կան, որոնցից բնակիչները չեն օգտվում, ու կարող են այդ աղբյուրների ջուրը «սեփականաշնորհել» կամ, ինչպես Լ. Խաչատրյանն է ասում՝ ջրատարով Ապարանին «ջուր տանել», պատգամավորն ասաց. «Այո, ուրիշ աղբյուրներ կան, բայց այդ ջուրը լրիվ հետազոտված չէ ու դրանից ոչ ոք չի օգտվում: Դա չի կարելի օգտագործել որպես խմելու ջուր: Ցույցի օրը ես հանդիպեցի գյուղացիների հետ, համոզեցի, տարա գյուղ: Հանձնաժողով կազմեցինք, որը ղեկավարում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպեսզի հետազոտենք կողքի աղբյուրների ջուրը»: Լ. Խաչատրյանի խոսքով, «9 աղբյուրի» ջրատարը Ապարան տանելու աշխատանքները պաշտոնապես հրահանգված է եղել չսկսել մինչեւ բնակիչների հետ համաձայնության գալը: Այդ մասին տեղյակ է եղել Լուսագյուղի գյուղապետ Աշոտ Կիրակոսյանը, որը զանգահարել ու տեղեկացրել է ծրագիրը «սառեցնելու» որոշման մասին: Սակայն չնայած դրան «որոշ մարդիկ» ցանկացել են շրջանցել այդ հրահանգն ու «գրգռել» ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է աղբյուրի հետ միասին դիմացի դաշտը սեփականաշնորհելուն, ապա Լ. Խաչատրյանն ասաց. «Եթե աղբյուրը չլինի, դաշտը վերցնում ենք ի՞նչ անենք: Աղբյուրը տանում են ապարանցիներին խմելու ջուր տրամադրելու համար»: Իսկ ծեծուջարդից տուժածներին հիվանդանոց չտեղափոխելու մասին գյուղապետի հրահանգի առնչությամբ, Լ. Խաչատրյանն ասաց, թե ինքը հանդիպել է տուժածներին ու պատրաստակամություն հայտնել անձամբ նրանց տեղափոխել հիվանդանոց, ինչից, սակայն, ըստ նրա, ծեծվածները հրաժարվել են. «Ասել եմ՝ ո՞նց եք ուզում, ո՞ր հիվանդանոց տանեմ, չհամաձայնեցին: Ես ինքս օգնել եմ նրանց դեղորայքով»,- ասաց Լ. Խաչատրյանը՝ վստահեցնելով, թե Լուսագյուղում հիմա հանգիստ է, ու աշխատանքները սառեցվել են անժամկետ: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել