Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ

Օգոստոս 24,2003 00:00

ԿԸՀ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ Եվրոպական կառույցների ներկայացուցիչները 2003-ի ընտրություններից հետո կարեւորում էին «Ընտրական օրենսգրքի» այնպիսի բարեփոխումները, որոնց շնորհիվ ընտրական հանձնաժողովները քաղաքական ուժերի ներկայացվածության առումով կդառնան ավելի հավասարակշռված: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էլ էր ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի համազեկուցողների հետ վերջին հանդիպումից հետո «Առավոտին» ասել, որ նրանք «իրենց ոչ բավարարվածությունը հայտնեցին այն հանգամանքով, որ ԿԸՀ 3 անդամների նշանակում է հանրապետության նախագահը», որոնք եթե գումարվեն իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ «ստացվում է, որ իշխանություններն ընտրություններում ունեն բացահայտ առավելություն»: Արդեն նշել ենք, որ պրն Թորոսյանն այս հարցադրումը «օրենքի տեսակետից՝ ոչ լիարժեք» եւ «թերի» է համարում, թեկուզ հետեւյալ պատճառով. «Կուսակցությունների եւ նախագահի հարաբերությունները տարբեր ժամանակներում կարող են տարբեր լինել: Եվ այն, որ կուսակցությունների մեծամասնությունն այս պահին իշխանությունների նկատմամբ ունի բարեհաճ կամ լոյալ վերաբերմունք՝ փաստարկ չէ, որ մերժվի առկա մոտեցումը»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կոալիցիան մտադիր չէ «ԸՕ» փոփոխությունների միջոցով արձագանքել դիտորդների մտահոգություններին՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգի վերաբերյալ: «Այդ հարցադրումները կարող են հաշվի առնվել եւ դառնալ քննարկման նյութ: Բայց ակնհայտորեն՝ շատ ավելի օգտակար կլիներ մասնագետների հետ հանդիպումը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ սեպտեմբերի 23-ին պիտի Ստրասբուրգում հանդիպում լինի Վենետիկի հանձնաժողովի, ԵԽ ներկայացուցիչների հետ՝ ճշգրտելու համար հետագա անելիքները»,- պատասխանեց պրն Թորոսյանը: Այնուամենայնիվ՝ մեկ անգամ եւս նշեց, թե անտրամաբանական եւ սխալ է հանձնաժողովներում տեղերի թիվը իշխանությունների նկատմամբ դիրքորոշմամբ պայմանավորելը. «Օրինակ՝ «Օրինաց երկիրն» այսօր կոալիցիայի անդամ է, բայց նախկինում ընդդիմություն էր: Հիմա ո՞նց պիտի այդ փոփոխությունը հաշվի առնի օրենքը»: Նշենք, որ անգամ «ՕԵ»-ն չի հայտարարում, թե ինքը երբեւէ ընդդիմություն է եղել: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել