Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացու բախտ

Օգոստոս 24,2003 00:00

Վրացու բախտ Փորձենք պատկերացնել այսպիսի վիճակ. Ռ. Քոչարյանն ամիսներ շարունակ կատաղի պայքար է մղում խորհրդարանի դեմ, ջանալով անցկացնել ընտրակեղծիքների համար քրեական պատիժներ նախատեսող օրինագիծ, բայց չի հաջողում։ Ավելին, Քոչարյանը ձգտում է նաեւ փոփոխել հարկային եւ քրեական օրենսգրքերը, այս դեպքում հետապնդելով մեկ այլ վեհ նպատակ՝ ուժեղացնել մաքսանենգության եւ ստվերային եկամուտների դեմ պայքարը։ Սակայն, ավաղ, նա ձախողվում է նաեւ այս ճակատում։ Թերեւս արագորեն համոզվեցիք, որ նման բան պատկերացնելն անգամ դյուրին չէ, մինչդեռ Վրաստանում այսօր ճիշտ եւ ճիշտ այդպիսի դրություն է։ Իր ավանդական ռադիոելույթի ժամանակ Շեւարդնաձեն եռանդով դժգոհել է երկրի խորհրդարանից, պատգամավորներին մեղադրելով առաջիկա ընտրությունները «փողի տոպրակների պայքարի» վերածելու ձգտման մեջ, իսկ վերը նշված օրինագծերը հերթական անգամ տորպեդահարելու դեպքում՝ նա սպառնացել է օգտվել իրեն վերապահված սահմանադրական իրավունքից եւ պահանջել բաց, անհատական քվեարկություն։ Հարց է առաջանում. այդ ի՞նչ մոծակ է կծել Վրաստանի նախագահին, ինչի ազդեցությամբ նա հանկարծ հիշել է կոռուպցիայի դեմ պայքարի եւ հավանական ընտրակեղծիքների կանխման անհրաժեշտության մասին։ Կա առնվազն երկու հանգամանք, որոնք քիչ թե շատ հասկանալի են դարձնում Վրաստանի քաղաքական հոգեւարք ապրող նախագահի նմանօրինակ վարքագիծը։ Ըստ թբիլիսյան որոշ դիտորդների, ժամանակին կոռուպցիայի «պտուղներից» լիուլի օգտվող Շեւարդնաձեն այդ նույն կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ պարզելով, փորձում է իր համար քիչ թե շատ ընդունելի կերպով լուծել իր քաղաքական հետնորդի խնդիրը։ Վրաստանի սահմանադրությունը լայն լիազորություններով է օժտել խորհրդարանին, եւ մեկ անգամ չէ, որ խորհրդարան-Շեւարդնաձե հակամարտության սրացումների արդյունքում վերջինիս ճակատագիրը հայտնվել է տառացիորեն մազից կախված վիճակում։ Այսօր, սակայն, քարկոծելով «կոռումպացված» պատգամավորներին, Շեւարդնաձեն հնարավորություն է ստանում նպաստավոր նախընտրական ֆոն ապահովել կառավարամետ քաղաքական միավորման համար, որն էլ, ըստ էության, նրա ետնախագահական ապահով կյանքի երաշխավորը կարող է լինել։ Իրավիճակի յուրօրինակությունն այն է, որ այս դեպքում երկրի նախագահն է վախենում ընտրակեղծիքներից եւ փորձում հնարավորության սահմաններում կանխել դրանք։ Հաջորդ հանգամանքը, որն առավելապես առնչվում է Շեւարդնաձեի նախաձեռնած հակակոռուպցիոն արշավին, պայմանավորված է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Վրաստանի նկատմամբ գործադրվող ճնշմամբ։ Այս երկրի տնտեսությունը վերջին շրջանում կանգնած է դեֆոլտի հայտարարման վտանգի առջեւ։ Շուրջ 2 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտք ունեցող Վրաստանն այսօր ի վիճակի չէ գեթ նվազագույն չափով սպասարկել այդ պարտքը։ Փարիզյան ակումբի անդամ երկրների ճնշմամբ, ՀԲ-ն Վրաստանին պարտադրում է կտրուկ փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ։ Ուստի, Վրաստանի ոչ լավագույն ժամանակներ ապրող տնտեսության պատասխանատուները, ուզեն թե չուզեն, պետք է հակադրվեն մինչեւ կոկորդը ստվերային կապիտալի մեջ թաղված պատգամավորների շահերին։ Գոնե մինչ այն պահը, երբ «քեռի Սեմը» հերթական անգամ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իր հովանավոր գրկի մեջ կառնի Վրաստանը։ Ինչպես ասում են՝ վրացու բախտ։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել