Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռակա բանավեճ

Օգոստոս 24,2003 00:00

Հեռակա բանավեճ Փաստաբանները եւ իրավապաշտպանները շարունակում են վիճարկել Արդարադատության նախարարության պնդումները՝ 2003-ի փետրվար-մարտին վարչական պատասխանատվության ենթարկվածների վերաբերյալ: Օգոստոսի 21-ի համարում ներկայացրել էինք Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի պարզաբանումներն այս խնդրի առնչությամբ, որին արձագանքեցին Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Հիշեցնենք, որ ժամանակին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել Հելսինկյան կոմիտեի հետ իր «կառուցողական համագործակցության» մասին: Ավետիք Իշխանյանը ներկայացրեց այդ համագործակցության պատմությունը. «Փետրվարի 27-ին դիմում հղեցինք արդարադատության նախարարին՝ խնդրելով, որ մեզ տրամադրեն ընտրությունների հաջորդ օրերին վարչական տույժերի ենթարկվածների ցուցակը, նրանց պատժաչափերը, նաեւ որոշումների պատճենները: Դա ձեւակերպվեց իբրեւ «կառուցողական համագործակցություն», որին ես դեմ չեմ: Բայց այդ համագործակցությունն ավարտվեց նրանով, որ մեր աշխատակիցը՝ նստած նախարարությունում, արտագրեց վարչական պատասխանատվության ենթարկվածների անունները: Սակայն այդպես էլ չստացանք պաշտոնական պատասխան, թե քանի հոգի են ձերբակալված, եւ ոչ էլ դատական որոշումների պատճենները: Մարտի 13-ին նորից գրավոր դիմեցինք՝ խնդրելով տրամադրել որոշումների պատճենները: Եվ միայն դրանից հետո՝ մարտի 19-ին պատասխան ստացանք, որտեղ նշված էր, թե դատական ակտերի պատճենները կարող է տրամադրել միայն դատարանը: Այդպիսով՝ կառուցողական համագործակցությունը դրսեւորվել է միայն այդ արտագրությամբ»: Այդ ցուցակին է առնչվում Արա Սաղաթելյանի կշտամբանքը՝ ուղղված Տիգրան Տեր-Եսայանին, թե Արդարադատության նախարարությունը երբեք չի հրապարակել 86 հոգու վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալ՝ ինչպես փաստաբանն էր պնդել: «Փետրվարի 27-ին Հայաստանի հելսինկյան կոմիտեին տրամադրված այդ ցուցակում նշվածներից 86-ը ենթարկվել է վարչական կալանքի:- ասաց պրն Տեր-Եսայանը:- Այդ ցուցակը համեմատեցինք մեր տվյալների հետ եւ նկատեցինք տարբերություններ: Մեկ օրինակ մեջբերեմ՝ Արամ Ավագյանի անունը, որը փետրվարի 25-ին ենթարկվել էր 10-օրյա վարչական կալանքի՝ չկա այս ցուցակում: Նրա քույրը՝ Անահիտ Ավագյանը գրավոր բացատրություն է ներկայացրել, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում իրեն մերժել են տրամադրել եղբոր դեմ կայացված վարչական կալանքի որոշման օրինակը: Մինչդեռ Արամ Ավագյանը Եղեգնաձորի պոլիկլինիկայում դիսպանսեր հսկողության ներքո էր, քանի որ գլխուղեղի սալջարդ էր տարել»: Թեկուզ միայն այս օրինակը բավարար է պնդելու համար, որ պաշտոնական տվյալները վարչական պատասխանատվության ենթարկվածների վերաբերյալ առնվազն ամբողջական չէին, ինչի վերաբերյալ Փաստաբանների միջազգային միության նախագահի պնդումն էլ դարձավ այս հեռակա բանավեճի պատճառը: Արա Սաղաթելյանի անգամ այն արտահայտությունը, թե «այդ օրերին Արդարադատության նախարարությունը վարչական պատասխանատվության ենթարկված անձանց վերաբերյալ ամեն օր էր ստանում տվյալներ»՝ նյարդայնացրել էր Տիգրան Տեր-Եսայանին. «Ի՞նչ է, համահայկական խաղե՞րն էին, որ դեռ գլուխ են գովում, թե ինչպես են կազմակերպել դրանց լուսաբանումը… Ցավալի է, բայց փաստ՝ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակի հետ երբեւէ չի ստացվել համագործակցությունը: Եվ թող պատերի տակ չասեն, թե ընդառաջ են գնացել մեզ: Ողջունելի կլիներ, եթե համագործակցություն լիներ եւ այդքան չսրվեին շատ խնդիրներ: Ու ոչ թե ամիսներ անց միայն արվեին պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»: Տիգրան Տեր-Եսայանը վիճարկեց նաեւ Արդարադատության նախարարության հրապարակած ամփոփ տվյալները, թե 2003-ի առաջին կիսամյակում քանի հոգի են ենթարկվել վարչական պատասխանատվության՝ հանրահավաքների կամ ցույցերի մասնակցելու առնչությամբ. «Բայց զուտ այդ թվերի շուրջ վեճը տեսական կլիներ: Թող անուն-ազգանուններով հրապարակեն այդ մարդկանց ցանկը եւ պարզ կդառնա, թե այդ տվյալները հավաստի՞ են»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել