Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կկազմակերպվի վոկալիստների մրցույթ

Օգոստոս 23,2003 00:00

Երեւանում կկազմակերպվի վոկալիստների մրցույթ Խոստանում է ամերիկաբնակ երգիչ Վաղարշակ Օհանյանը, որն այս օրերին Երեւանում է Օրերս Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի եւ մեքսիկացի դիրիժոր Կառլոս Գարսիայի հետ նա ձայնագրել է հատվածներ Պուչինիի «Թիկնոց» օպերայից: Երգիչը Մեքսիկա մեկնելու հրավեր է ստացել Կ. Գարսիայից, ուր Ալֆրեդի դերերգով հանդես կգա Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերայում։ Հունվարի 30-ին, դարձյալ Մեքսիկայում, Վ. Օհանյանը կերգի «Աշխարհի աստղերը» գալա համերգին։ Նա ներկայումս աշխատում է հեղինակավոր «Mid America Production» եւ «Musical Artists» ընկերությունների հետ, սակայն գտնում է, որ դա չպետք է ընկալվի որպես կախվածություն այդ կազմակերպություններից։ «Ոչ ոք առանց իմ գիտության իրավունք չունի իմ ձայնը վաճառել՝ կոմերցիա անվան տակ։ Քաղաքակիրթ երկրներում նման գործարքները բացառվում են»,- հայտարարում է երգիչը, երեւի նկատի ունենալով Հայաստանին բնորոշ աշխատաոճը։ Հիշեցնենք, որ 80-ական թվականների վերջին, երբ դեռ կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանող էր, ուսանողական պատվիրակության կազմում փորձի փոխանակման նպատակով մեկնեց Իտալիա՝ Պավիայի համալսարանում ուսանելու։ 1990 թվականին արդեն Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ էր։ Իր առաջին բեմելի առիթով Վ. Օհանյանը հիշեց հետեւյալը. «Անուշում» Մոսի էի։ Կոխի տեսարանում Սարոն (Արա Ավանյան) ծնկով այնպես հարվածեց, որ կողոսկրի կոտրվածք ստացա։ Շտապօգնության բժիշկը եւ ինձ փոխարինող երգիչ Կոնստանտին Սիմոնյանը սպասում էին ետնաբեմում, բայց Սարոյին սպանելու ցանկությունս այնքան մեծ էր, որ հրաժարվեցի նրանց օգնությունից ու խաղացի մինչեւ վերջ։ Պրոֆեսիոնալ երգիչը պետք է շուտ կողմնորոշվի, ինչ պայմաններում էլ որ հայտնվի»։ Վ. Օհանյանը 1994-ին ուսման հրավեր էր ստացել նաեւ Ջուլիարդի համալսարանից եւ այնտեղ մեկնել Հայաստանի այն ժամանակվա առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի եւ լուսահոգի Վազգեն Առաջին կաթողիկոսի աջակցությամբ։ Երկու տարի ուսանել է աշխարհահռչակ Դանիել Ֆերոյի դասարանում եւ վերջնականապես հաստատվել է ԱՄՆ-ում. «Պատճառը Նյու Յորքի «Սիթի» օպերային թատրոնից ստացված հրավերն էր։ Հենց նրանք էլ օրինականացրին իմ օտար երկրում մնալը»։ Վ. Օհանյանը անցյալ տարի եւս եկել էր Հայաստան՝ հայ վոկալիստ կարիքավոր ուսանողներին դրամական օգնություն տրամադրելու նպատակով. «Ցավում եմ, որ ֆինանսի պատճառով շատ լավ ձաներ չեն կարողանում ուսում ստանալ։ Իսկ կոնսերվատորիայի լավագույն մասնագետները՝ Աննա Սարաջյան, Սվետլանա Կալասարյան եւ այլք զրկված են շնորհալի վոկալիստների հետ աշխատելուց»։ Ի դեպ, Վ. Օհանյանը եւ իր դասախոս՝ պրոֆեսոր Ս. Կալասարյանը մտադրվել են 2004-ին Երեւանում անցկացնել երիտասարդ վոկալիստների միջազգային մրցույթ։ 2004-ի ձմռանը երգիչը կերգի նաեւ Թեհրանի նորաբաց օպերային թատրոնում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել