Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Օգոստոս 23,2003 00:00

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Ինչպես էր աշխատում նախագահի նախընտրական շտաբի վերլուծական խումբը Նախագահական ընտրությունների օրերին նախագահի նախընտրական շտաբի վերլուծական խումբը «ՀՀ Նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարելիք այցի ընթացքում անհրաժեշտ վերլուծական տեղեկություններ եւ նյութեր» վերնագրով նյութեր էր պատրաստել։ Բովանդակությունը հետեւյալն էր՝ Քարտեզ, Սոցհարցումների համեմատական տվյալներ, Ազգագրական տեղեկություններ, Հիմնահարցեր եւ խնդիրներ, Հուշաթերթիկ-տեղեկանք, 1998-2002թթ-ին բացված աշխատատեղեր, Ելույթից դուրս առաջարկներ եւ Ուղերձ բնակչությանը։ Տասը էջից ավելի ծավալով այս նյութի սկզբում ՀՀ ներկայիս նախագահի համար ներկայացված էր Գեղարքունիքի մարզի չափերը, բնակչության խտությունը, եւ այլ տվյալներ։ «Ազգագրական բնույթի տեղեկություններ» խորագրի ներքո նշվում են շրջանների եւ գյուղերի միջեւ տարբերությունները՝ ըստ ժողովրդական բանահյուսության. ով է համարվում ժլատ, ով՝ վախկոտ, ով՝ «չարուխ կրծող», ով՝ «պարսիկ» եւ այլն։ Այդ բաժնում նշված է նաեւ. «Ընդհանուր առմամբ՝ մարզը բավական ծանր տնտեսական վիճակում է։ Բացի Վարդենիսի դաշտավայրից, ուր հացաբույսեր են մշակում, մնացած տարածքը պիտանի է հիմնականում անասնապահության եւ կարտոֆիլաբուծության համար։ Լրացուցիչ եկամուտի աղբյուրներ են արտագնա աշխատանքը, ձկնորսությունը, իսկ լճի հյուսիս-արեւմտյան մասում՝ տուրիզմը։ Ձկնորսության մասին պետք է նկատել, որ թեեւ մարզի բնակավայրերը տեղաբաշխված են Սեւանա լճի շրջագծով՝ առավելագույնը 10կմ հեռավորությամբ, շատ քիչ գյուղեր ունեն ձկնորսներ։ Առավել մասնագիտացած են Նորատուսը, Ծովագյուղը, Վարդենիկը։ Նախկինում նավակներ էին սարքում միայն Նորատուսում։ Մարտունու տարածքում հնուց հայտնի է սեզոնային «թարփով» ձկնորսությունը՝ ջրաղացների անիվի տակ փոս էին փորում, որի մեջ բռնում էին ձկնկիթը թողած ձկներին»։ Նախընտրական շտաբի վերլուծական խումբը, նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանին նաեւ տարբեր խորհուրդներ է տալիս։ Այսպես. «Ցանկալի արդյունք կունենա նաեւ կոմունալ-կենցաղային պայմանների, ճանապարհների բարեկարգման հարցերում անձամբ նախագահի կողմից հրապարակային հանձնարարականներ տալը մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին։ Սա ընտրազանգվածի մոտ առաջ կբերի հոգեկան բավարարվածություն եւ բարձրացված հարցն ինքնին կհամարեն լուծված։ Իսկ Ղարաբաղի հիմնահարցի լուծման վերաբերյալ Ռ. Քոչարյանին խորհուրդ էր տրվում. «Ցանկալի է, որ նախագահը տա հարցի ամենաժողովրդական եւ ընտրազանգվածին հոգեհարազատ պատասխանը, կարծում ենք, որ դա կարող է լինել նաեւ հետեւյալը. աշխարհում ցանկացած ազգ իրավունք ունի ինքնորոշվելու եւ Արցախի ժողովուրդն արդեն կատարել է իր ընտրությունը։ Ամեն ինչ արվելու է հարցի կարգավորման համար»։ Քարոզարշավի աշխատանքային այս նյութի վերջին խորագիրը այսպես է ձեւակերպված. «Առաջարկվող լուրջ եւ կատակային քայլեր Գեղարքունիքի մարզում բնակչության հետ հանդիպումների ընթացքում, նախագահի դրական վարկանիշի բարձրացման համար»։ Վարդենիսի համար գրված «հումորը», որ Ռ. Քոչարյանը պետք է աներ իր դրական վարկանիշի բարձրացման համար, հետեւյալն է. «Ինձ հայտնի է, որ Վարդենիսի տարածքում կան գյուղեր, ուր ծիրան է աճում։ Հետո էլ ասում են, որ այստեղ կարտոֆիլի երկիր է։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեզ մոտ անանաս էլ կարող է աճել»։ Կամ, օրինակ, Գավառում Ռ. Քոչարյանը պետք է կատակեր. «Հինգ տարի առաջ ես խոստացել էի ձեզ, որ մյուս անգամ անպայման հետս թթի օղի կբերեմ։ Եվ այսօր բերել եմ։ Ճիշտ է, ես չեմ օղու հեղինակը, բայց հաստատ կարող եմ ասել՝ ինքն ա»։ Սեւանում, ըստ նույն սցենարի, պետք է նախօրոք պատրաստված հարց տրվեր. «Պարոն նախագահ, դուք նախատեսու՞ւմ եք, արդյոք, կադրային փոփոխություններ կառավարությունում ձեր հաղթանակի դեպքում»։ Նախագահը պետք է պատասխաներ. «Քանի որ Սեւանում ենք գտնվում, պատասխանեմ այսպես՝ ձուկը ջրում բազար չեն անում»։ Մարտունիում Ռ. Քոչարյանին պետք է հարցնեին. «Դուք համաձա՞յն եք այն ասացվածքի հետ, որ «ձուկը գլխից է հոտում»։ Եվ նախագահի թեկնածուն պետք է պատասխաներ. «Այդ «ձկնային» հարցը ինձ միայն այստեղ կարող էին տալ։ Ես համոզված եմ, որ եթե մարմինը առողջ պահվի եւ կարեւոր հարցերում պոչ չխաղացվի, հայկական ձուկը ամբողջությամբ ողջ-առողջ աշխույժ կլողա եւ դեռ իկռա էլ կունենա»։ Այսքանից հետո Գեղամա աշխարհին Ռ. Քոչարյանը պետք է ասեր. «Մեզանից յուրաքանչյուրը ընտրություն կատարելուց առաջ ինքն իրեն պետք է հարց տա. ո՞ւմ եմ ես ընտրում։ Ո՞ւմ եմ ես վստահում իմ եւ իմ երեխաների վաղվա օրը։ Մարդո՞ւն, քաղաքական գործչի՞ն, նրա խոստումների՞ն։ Միգուցե նրան, թե տվյալ թեկնածուի խոսքն ու գործը որքանո՞վ են համապատասխանում իրար»։ Իսկապես՝ որքանո՞վ։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել