Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՄ, ՀՈՒՄ, ՀՈՒՄԱՆԻԶՄ

Օգոստոս 23,2003 00:00

ՀՈՒՄ, ՀՈՒՄ, ՀՈՒՄԱՆԻԶՄ ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվեց դանդաղ մահով 2003թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որի հետ մեկտեղ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի հրամանագիր հռչակեց մարդասիրություն անվան տակ, իբր ներում շնորհելով 42 մահապարտների եւ այդ ներում կոչվածի անվան տակ մահապատիժը փոխարինեց ցմահ բանտարկության, որը ոչ թե ներում է, այլ իրականում պատժի խստացում։ Խոսքը վերաբերում է մինչ օրենսգրքի ուժի մեջ մտնելը 1990 թվականից մինչեւ օրս մահապատժի դատապարտված 42 մահապարտներին։ Ներկայումս ցմահ բանտարկությունը վերաբերում է ոչ միայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալներին, այլեւ նրանց ողջ ընտանիքին ու գերդաստանին։ Հայտնի է, որ 10 տարի անօրինական ձեւով մարդկանց պահել են բանտային կալանքի տակ, քանի որ նման պատիժ ոչ մի օրենքում կամ օրենսգրքում գոյություն չունի։ Եթե մահապատիժ էին տվել 10 տարի առաջ, թող ժամանակին այն իրագործեին, մենք էլ կհամարեինք, որ Շուշիի գրավման ժամանակ ընկել են թուրքի գնդակից։ Օրենսդիր մարմինը շատ լավ գիտի, որ դա մարդասիրական քայլ չէր, այլ խստացում, որը հետադարձ ուժ չի կարող ունենալ։ Նշենք, որ երբ դատապարտյալները դատապարտվել են, օրենսգրքում նման պատժաչափ չի եղել, ուստի եւ իրավունք չունեին նման պատիժ սահմանելու։ Ճիշտ է, նախագահի իրավունքները շատ մեծ են, սակայն այս դեպքում այդ բարելավում կոչված խստացումը ոչ թե հրամանագիր է, այլ ուղղակի դատավճիռ՝ առանց գործերը վերաքննելու։ Հենց այստեղից էլ ամենակոպիտ ձեւով ոտնահարվեցին մարդու իրավունքները, չհաշված պատվերով տեղի ունեցած դատավարությունները։ Խոսքը վերաբերում է աշխարհահռչակ «Դրո» գործին, որի պատճառով արգելվեց մի ավանդական կուսակցության գործունեությունը Հայաստանում, արգելվեցին «Երկիր» եւ «Ազատամարտ» թերթերի տպագրությունները, թալանվեցին բոլոր գրասենյակները, գույքն ու արխիվները։ «Դրո» գործը քաղաքական է, իսկ այդ գործով մահապատժի դատապարտված Արմենակ Մնջոյանը՝ քաղբանտարկյալ։ Ելնելով մեր հանրապետության շահերից, մենք չենք դիմում միջազգային կազմակերպություններին, փոշի ենք փչում բոլորի աչքերին եւ թաքցնում Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը, ինչը չի նշանակում, սակայն, որ մենք իրոք չունենք քաղբանտարկյալներ։ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը ներում շնորհեց եւ ազատ արձակեց այն թուրք գերիներին, որոնք անխնա կոտորել են Ղարաբաղի հայ բնակչությանը։ Վրաստանի նախագահ Շեւարդնաձեն ներում շնորհեց իր վրա մահափորձ կատարած անձանց։ Իսկ մեր նախագահը բարեփոխում անվան տակ մահապատիժը փոխեց դանդաղ մահով, որին էլ դեմ են թե դատապարտյալները եւ թե նրանց ընտանիքները։ Աշխարհին հայտնի «Դրո» գործի ողջ դատավարությունը եղել է քաղաքական պատվեր, որը տեղի է ունեցել խոշտանգումներով ցուցմունքներ կորզելու եղանակով եւ որպեսզի թացն էլ չորի հետ չայրվի, ստիպված ենք այսուհետեւ դիմել բոլոր միջազգային կազմակերպություններին, փաստելու, որ, այո, մահապատիժը վերացված է. այն փոխարինված է ավելի խիստ մահապատժով եւ, միեւնույն ժամանակ, ապացուցելու քաղբանտարկյալների գոյությունը Հայաստանում եւ համաձայն «Դրոյի» դատավճռի, Հայաստանը ահաբեկչական եւ թմրանյութերի տարածման երկիր է։ Չնայած այն բանին, որ 10 տարի անընդմեջ բողոքարկել ենք բոլոր ատյաններին եւ միշտ ստացել սովետական կարգերից ժառանգած, շաբլոնացված եւ ժանգոտված միեւնույն պատասխանը, ուստի քանի դեռ շարունակվում են պատվերով դատավարությունները, Հայաստանում չի կարող գոյություն ունենալ ոչ մարդու իրավունքների պաշտպանություն եւ ոչ էլ արդարադատություն։ Մահապատժի դատապարտված անձանց ծնողների անունից՝ ԼԵՎՈՆ ՄՆՋՈՅԱՆԱմենայն հավանականությամբ, տպագրելով ցանկացած կարծիք, «Առավոտը» միանգամայն այլ տեսակետ ունի «Դրոյի» գործի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել