Լրահոս
Օրվա լրահոսը

Թաիլանդը կապ չունի

Օգոստոս 23,2003 00:00

Թաիլանդը կապ չունի Պատվավոր հյուպատոսը փորձում է օգտագործել իր բարձր կոչումը՝ տարածք սեփականաշնորհելու համար Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջանկյալ տարածքի կանաչ գոտու ուղիղ մեկ ամիս առաջ սկսված բնաջնջումը դադարեցվել է հենց հաջորդ օրը։ Կենտրոն համայնքի «Կանաչապատում» ընկերության նախագահ Կարապետ Գեւորգյանն ասաց, որ «մեր պատվիրատու «Դիսքավրի Տուր» ընկերությունից (նախագահ՝ Արթուր Մկրտչյան- Ռ. Ա.) խնդրել են մեկ շաբաթով դադարեցնել աշխատանքները, որովհետեւ պրոբլեմներ են առաջացել քաղաքապետարանի հետ, բայց մինչ օրս աշխատանքը վերսկսելու մասին խոսք չի եղել»։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հերթական «կանաչասեր» քաղաքապետ Երվանդ Զախարյանն անձամբ է զբաղվում այս գործի ուսումնասիրությամբ։ Դեռեւս նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որոշմամբ, Արթուր Մկրտչյանին վարձակալության հիմունքներով հատկացվել է Բժշկական համալսարանի եւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի շենքերի միջեւ գտնվող տարածքը՝ առեւտրի-սպասարկման տաղավար կառուցելու համար։ Որոշ ժամանակ անց, նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը որոշում է կայացրել մի տարածք էլ տալ Գետառից (ուշադիր քաղաքացիները նկատած կլինեն գետի մեջ տնկված հենասյուները)։ Սակայն երկու տարածքն էլ Ա. Մկրտչյանինը դառնալու եւ նրան հարստացնելու «բախտը չունեցան»։ Առաջինի համար բողոքեցին բժշկականի ուսանողները, երկրորդն էլ խանգարում էր Գետառին՝ ծառայելու որպես սելավատար։ Եվ արդեն այս տարվա մարտի 27-ին Ռոբերտ Նազարյանի տված թիվ 591-Ա հողհատկացման որոշմամբ, որպես փոխհատուցում երկու տարածքների, «Դիսքավրի Տուր» ընկերության նախագահին տրամադրվել է Բաղրամյան-Իսահակյան հատվածում տարածքը՝ 750 քառ. մետր ընդհանուր մակերեսով։ Ընդ որում, տարածքը տրվել է վարձակալությամբ՝ հետագայում սեփականացնելու արտոնյալ իրավունքով։ Սակայն քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության տված գլխավոր հատակագծում հողատարածքը նշված է՝ «սեփականության իրավունքով օգտագործման համար»։ Այս անգամ արդեն, անցյալից դառը դաս քաղելով, Արթուր Մկրտչյանը որոշել է հողամասն «ապահովագրել»՝ հողհատկացման փաստաթղթերը ձեւակերպելով Թաիլանդի Թագավորության հյուպատոսարանի շենք կառուցելու անվան տակ։ Ինչու՝ «անվան տակ», որովհետեւ ԱԳ նախարարության պաշտոնական պատասխանով «Թագավորությունը նման միջնորդությամբ ու խնդրանքով մեր կառավարությանը չի դիմել»։ Չնայած «Դիսքավրի Տուր» ՍՊԸ նախագահ Արթուր Մկրտչյանը Թաիլանդի Թագավորության պատվավոր հյուպատոսն է Հայաստանում, սակայն սեփական միջոցներով չորս հարկանի շքեղ շինության կառուցումը Թագավորությանը նվեր անելու նպատակ չի հետապնդում։ Ըստ նախագծի, շենքը պետք է ունենա հյուրանոց, հանգստի եւ զվարճանքի օբյեկտներ, ինչից արդեն խիստ անհանգստացած են մինչ օրս խաղաղ ապրող հարեւան երկու շենքերի բնակիչները։ Նրանք 50 տարի է, ինչ տնկել ու խնամել են տարածքի կանաչ գոտին, չմտածելով դրա սեփականացման մասին։ Վերջերս նրանք Հայաստանի ազգային արխիվից ձեռք են բերել տեղեկանք եւ թիվ 5 որոշման պատճենն այն մասին, որ 1946 թվականի մարտի 14-ին Հայկական ՍՍՀ ժողկոմիսարիատը ֆիզկուլտկոմիտեին տրամադրել է 3000 քմ հողատարածք Բաղրամյան փողոցի անկյունում՝ երկհարկանի բնակելի շենք կառուցելու համար։ Շենքը կառուցվել է, իսկ հարակից տարածքն էլ, որը ներկայիս վիճելի տարածքն է, մնացել է որպես հետնաբակ։ Բայց այս որոշումն, ինչպես երեւում է, հիմք չէ ներկայիս իշխանությունների համար, եւ տարածքը Երեւանի գլխավոր հատակագծում արտացոլված է որպես ազատ եւ վաճառքի ենթակա։ Այժմ խնդրի լուծումը նոր քաղաքապետի ձեռքին է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել