Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՄԱՆՅԱՆԻՆ ԽՄԲԱԳՐԵԼ ԿԱՐԵԼԻ Է

Օգոստոս 23,2003 00:00

ԹԱՄԱՆՅԱՆԻՆ ԽՄԲԱԳՐԵԼ ԿԱՐԵԼԻ Է Եթե նրա գաղափարներին լուրջ այլընտրանքներ գտնվեն Հանրապետությունում արտադրական ենթակառուցվածքներից ամենավատ վիճակում տրանսպորտն է:Հատկապես մայրաքաղաքում, որտեղ սրան գումարվում են նաեւ ճանապարհները: Ավելորդ չի նկատել, որ սա իր հերթին դանդաղեցնում է տնտեսության զարգացումը: Մայրաքաղաքում տրանսպորտի խայտառակ վիճակի պատճառը, պարզվում է, ըստ մասնագետների, կապված է քաղաքաշինական որոշ սխալների հետ: Ու դասականներին (Թամանյանին) անընդհատ վկայակոչելով, գործն առաջ չի գնում: Մասնավորապես, չարաչար սխալվում ենք Թամանյանի փայլուն նախագծից մի հատված վերցնել-իրականացնելով (ասենք, Հյուսիսային պողոտան) ու համարելով, որ ծրագիրն իրականացնելու համար «երկաթե ալիբի» ունենք կամ լուծեցինք քաղաքաշինական խնդիրները: Նման փաստարկը որպես հիմք ներկայացնելիս, մասնագետները հուշում են, ու նախ եւ առաջ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ալեքսանդր Թամանյանը Երեւանը նախագծել է եւ վերջնական արդյունքում տեսել է որպես 300 հազարանոց քաղաք: Հիմա Երեւանը շուրջ 1 միլիոն 200 հազար բնակիչ ունի: Ուստի ճանապարհների հարցը առավել քան արդիական ու հրատապ է: Սա դեռ հիմա, երբ մեր ժողովուրդն աղքատ է համարվում: Կարելի է պատկերացնել, թե ինչ խցանումներ կլինեն փողոցներում մի 10-15 տարի հետո, հայաստանցիները (հուսանք) կհարստանան ու յուրաքանչուր ընտանիքից գոնե մեկ-երկուսը անձնական օգտագործման ավտոմեքենա կունենա: Նկատենք, որ մայրաքաղաքի հիմնական պողոտաները զուգահեռ կամ այլընտրանքային ճանապարհներ գրեթե չունեն: Որպես հակափաստարկ կասվի, թե, օրինակ, Նոր Նորքի զանգվածներ կարելի է գնալ նաեւ Զեյթունով, բայց պարզ է, որ ծանրաբեռնված են նաեւ քաղաքի կենտրոնը Զեյթունին կապող փողոցները: Զուգահեռելով, մասնագետները վկայում են, որ Մոսկվայի 120 մետր լայնությամբ առաջին օղակաձեւ ճանապարհը նախագծվել եւ կառուցվել է դեռեւս այն ժամանակ, երբ ավտոմեքենան հայտնագործված չի եղել: Այսինքն՝ մարդիկ կանխատեսել են քաղաքակրթության զարգացումներն ու ճշգրիտ հաշվարկել քաղաքի յուրաքանչյուր մետրը: Բայց, այնուամենայնիվ, այսօր Մոսկվայում քննարկում են այդ փողոցը միակողմանի երթեւեկությամբ դարձնելու հնարավորությունը: Այս ամենը կանխատեսելով, ինչպես նաեւ ելնելով քաղաքի ճարտարապետական առանձնահատկություններից, Թամանյանի անմիջական հետնւորդները նրա կազմած հատակագծին համապատասխան նախագծել են այլընտրանքային ճանապարհներ, որոնք կառուցելու կամ գոնե կառուցելու անհրաժեշտության մասին քաղաքի ներկայիս գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անգամ չի ակնարկում: Այդպիսով, ըստ էության,, այսօր աղավաղվում է Թամանյանի գլուխգործոցը: Այսպիսով, Երեւանի համար ուղղակի անհրաժեշտություն են այս կարգի ճանապարհները: Դրանցից մեկը Երեւանի Կայարանի մերձակա թաղամասերը քաղաքի հյուսիս-արեւմուտքի հետ կապող ավտոմայրուղին է, որը ենթադրվում էր կառուցել այժմ այդ նույն երթուղով ձգվող եւ գործող երկաթգծի տեղում: Իսկ նոր կառուցվող երկաթգիծը պետք է շրջանցեր քաղաքը: Իսկ Դավիթաշենը Թամանյանի հաջորդները նախատեսում էին Կենտրոնին կապել թունելով: Սկզբունքորեն, Թամանյանին էլ կարելի է խմբագրել, բայց եթե ավելի լավ լուծումներ են առաջարկվում: Բայց այսօր աջ ու ձախ, մեծ մասամբ քաղաքաշինական նորմերն անտեսելով, այստեղ-այնտեղ շինարարության թույլտվություններ տալու արդյունքում գուցե Նարեկ Սարգսյանից հետո եկած ճարտարապետները հետագայում նոր ճանապարհներ կառուցելու հնարավորություն չունենան: Կարելի է ասել, որ ցանկացած սխալ էլ կարելի է ուղղել, խնդիրը ուղղման արժեքն է. մասնագետների հաշվարկներով՝ ամենաթանկը (նյութական առումով) քաղաքաշինական սխալի ուղղումն է: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել