Լրահոս
Օրվա լրահոսը

29 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ԷԻՆ ՍԿՍԵԼ

Օգոստոս 23,2003 00:00

29 ՀՈԳԻ ՀԱՑԱԴՈՒԼ ԷԻՆ ՍԿՍԵԼ Հայաստանում մահվան դատապարտվածները վերսկսել են հացադուլը: Այդ մասին «Արմինֆո»-յի թղթակցին հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից: Վերոհիշյալ գործողության համար հիմք է ծառայել Հայաստանի նախագահի հրամանագիրը, որով ներում է շնորհվել 42 մահապատժի դատապարտվածի եւ մահապատիժը փոխարինվել ցմահ ազատազրկմամբ: Մահվան դատապարտվածները դժգոհ են նախագահի այդ հրամանագրից եւ պահանջում են կա՛մ ցմահ ազատազրկումը փոխարինել 20 տարվա ազատազրկմամբ, կամ էլ ի կատար ածել մահապատիժը: Նրանք նաեւ հանդիպում են պահանջում աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի պատվիրակության հետ, որի կազմում են համազեկուցողներ Եժի Յասկերնիան եւ Ռենե Անդրեն: Այդ տեղեկատվությունը մասամբ հաստատել են Հայաստանի արդարադատության նախարարությունում: Ինչպես հաղորդեց ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը, երեկ առավոտյան ժամը 9-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող մահապատժի դատապարտված 29 անձ հրաժարվել է սնունդ ընդունելուց: Ըստ Արա Սաղաթելյանի՝ մահապատժի դատապարտվածները նամակ են հղել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ ԱԺ ղեկավարության հետ հանդիպելու խնդրանքով: Ժամը 13:00-ին նամակը փոխանցվել է ՀՀ ԱԺ աշխատակազմ: ՀՀ խորհրդարանում նամակը ստանալուց հետո՝ մահապարտները որոշել են դադարեցնել հացադուլը՝ մինչեւ տվյալ հարցի շուրջ վերջնական որոշման ընդունումը: Նշենք, որ առկա տեղեկատվության համաձայն՝ մահապարտները հացադուլի անցկացման մասին նշել են դեռեւս օգոստոսի սկզբին՝ հանդիպում պահանջելով ՀՀ ԱԺ ղեկավարության հետ: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն՝ Աժ նախագահի հանձնարարությամբ՝ խորհրդարանի պատգամավորների ու փորձագետների խումբը կայցելի Նուբարաշեն՝ հանդիպելու դատապարտյալներին եւ լսելու նրանց փաստարկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել