Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց մեռավ թաիլանդցին

Օգոստոս 23,2003 00:00

Ինչի՞ց մեռավ թաիլանդցին Երեկ արտասահմանյան լրատվամիջոցները լուր էին տարածել մի թաիլանդցու մասին, որը մահացել էր… ծիծաղից։ Ցավոք, այդպես էլ չի հաջողվել պարզել, թե հատկապես ի՞նչն է խեղդվելու աստիճան զվարճացրել 52-ամյա այդ դժբախտին, քանի որ ճակատագրական դարձած ծիծաղի նոպան վրա է հասել քնած ժամանակ։ Ի լրումն նշված դեպքի կապակցությամբ մասնագետների կողմից ներկայումս առաջ քաշվող վարկածների, մենք եւս փորձենք առաջադրել մի վարկած, որը, ստորեւ բերված տեղեկատվության լույսի ներքո, հաստատապես գոյության իրավունք ունի։ Եվ այսպես, ամենեւին չի բացառվում, որ տարաբախտ թաիլանդցին երազում պատահաբար կարդացել է ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ ԵԽ մոնիտորինգի խմբի այցի կապակցությամբ արված հայտարարության հետեւյալ հատվածը. «Հայաստանը վճռական է կատարել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները եւ շարունակել եվրոպական ինտեգրացիայի ուղին»։ Հենց այդ պահին էլ, հավանաբար, թաիլանդցին սկսել է միջին ուժգնությամբ քրքջալ, ինչը, սակայն, նրա առողջությանն առանձնապես վնաս չի հասցրել։ Քրքիջն, ըստ երեւույթին, վտանգավոր բնույթ է ստացել այն պահին, երբ վերջինս տեղեկացել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԽ զեկուցողների հանդիպման մի քանի մանրամասներին։ Բավական է նշել, որ Վ. Օսկանյանն ասել է, թե Հայաստանը պատրաստակամ է շարունակել եւ խորացնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը։ Բժիշկները համոզված են, որ դրանից հետո թերեւս խելամիտ կլիներ անմիջապես դադարեցնել ընթերցանությունը եւ մտածել ուրիշ բաների մասին։ Բայց ճակատագրի հեգնանքով երեւի հենց այդ ժամանակ էլ թաիլանդցին տեղեկացել է, որ ԵԽ ներկայացուցիչների ու ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ վերջինս նշել է, թե պատրաստ է պատասխանել համազեկուցողներին հետաքրքրող բոլոր հարցերին։ Մահը, մեծ հավանականությամբ, վրա է հասել հենց այդ պահին։ Թեեւ չի բացառվում, որ կործանիչ ծիծաղի վերջին ալիքի ժամանակ նա հասցրել է ծանոթանալ նաեւ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին եթերից զրկելու մասին ՀՀ իշխանությունների արտահայտած մտահոգություններին։ Ինչեւէ, այս, ինչպես եւ մնացած բոլոր վարկածները դեռեւս կարոտ են մանրազնին մասնագիտական ստուգման։ Ու եթե հանկարծ պարզվի, որ մեր վարկածն, այնուամենայնիվ, ճիշտ էր, ապա պետք է սպասել հայ-թաիլանդական երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացման։ Հարաբերություններ, որոնք ժամանակին մեծ դժվարությամբ կերտել է ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանը՝ այդ երկիր կատարած իր բեղմնավոր այցի ժամանակ։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում հայկական դիվանագիտության համար ամեն ինչ կորած չի լինի։ Վերը հիշատակված հայտարարության մեջ Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կավարտի ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը։ Եթե ՀՀ-ն իսկապես հասցնի անել այդ բանն առաջիկա 4 ամիսների ընթացքում, դա կլինի փայլուն դիվանագիտական հաղթանակ, եւ Թաիլանդն այլեւս ի վիճակի չի լինի առարկություններ ներկայացնել։ Հակառակ դեպքում ծիծաղից զոհվածների թիվը կտրուկ կաճի։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել