Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

Օգոստոս 23,2003 00:00

ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ ուժերի առաջարկած փոփոխությունները որեւէ դրական տեղաշարժ չեն կարող առաջացնել «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» խնդրի հանգուցալուծման մեջ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնախմբի համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում բազմակարծություն ապահովելու եւ «Ա1+»-ին եթեր վերադարձնելու առնչությամբ նրանց մտահոգություններին ի պատասխան՝ հատկապես իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորները շեշտել էին, թե իրենք փոփոխություններ են նախաձեռնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում՝ ակնարկելով, թե այդ միջոցով կլուծվի նաեւ այդ հարցը: ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ իրոք կան նման փոփոխությունների երկու օրինագծեր: Դրանցից մեկը հեղինակել են ՀՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ «Օրինաց երկրի» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը: Իսկ մյուսի հեղինակն «Արդարություն» խմբակցությունն է: Անդրադառնանք նախ կոալիցիայի նախաձեռնությանը: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեզ հայտնեց, որ սա նորից ներկայացված հին նախաձեռնություն է, «որը շրջանառության մեջ էր դրվել 2002-ի տարեվերջին»: Հիշեցնենք, որ Եվրախորհրդի փորձագետները փորձաքննության էին ենթարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը՝ այն ԵԽ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Եվ կոալիցիայի այս նախաձեռնությունը մշակվել է փորձագիտական այդ եզրակացության հիման վրա: Տիգրան Թորոսյանը նաեւ խոստացավ. «Այդ նախագծում կլինեն լրացումներ: Մեկ-երկու շտկումներ էլ պիտի արվեն, որոնք նկատվել էին ժամանակին»: Նշենք, որ նախագիծը գրեթե որեւէ աղերս չունի «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի խնդրի հետ: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են պաշտոնական հաղորդագրության սահմանմանը, հեռուստահաղորդումների բարեգործական հովանավորությանը, հեռուստաընկերությունների կանոնադրությանը, հիմնադիրներին: Դաշնակիցները չգիտես ինչու նաեւ փորձում են սահմանել. «Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ»: Ընդամենը 1-2 հոդվածներ կան, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են կապուղիների մրցույթների անցկացման վերաբերյալ մտահոգություններին: Եվ դրանցից կարեւորագույնն է, որ արտոնագրատիրոջ ընտրության մասին հոդվածում պետք է ավելացվի հետեւյալ պարբերությունը. «Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ Ազգային հանձնաժողովը սահմանում է հստակ պահանջներ, իսկ ֆինանսական հնարավորությունները գնահատվում են ըստ «բավարար է, բավարար չէ» սկզբունքի»: Ըստ էության՝ ՀՌԱՀ նախագահն առանց այս օրինագծի էլ հենց այդպես էլ վարվում է, եւ մրցույթում որեւէ մեկին առավելություն տալու կամ չտալու պարագայում ընդամենն ասում է «բավարար է» կամ «բավարար չէ»՝ առանց որեւէ հիմնավորման: Եվրախորհրդի փորձագետների հիմնական մտահոգությունը վերաբերում էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նշանակման կարգին: ԵԽ-ն գտնում է, որ ներկայումս գործող կարգը չի ապահովում այդ մարմինների անկախությունը: Սակայն դաշնակիցների օրինագծում չկա այս մտահոգությանն անդրադարձ: Փոխարենն «Արդարության» նախաձեռնությունն ամբողջապես է վերաբերում այդ խնդրին: Ընդդիմադիրներն առաջարկում են փոխել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ Ազգային հանձնաժողովի ձեւավորման սկզբունքը: Ըստ այդմ՝ ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի անդամներին պիտի նշանակի ոչ թե հանրապետության նախագահը՝ ինչպես այժմ է, այլ խորհրդարանական կուսակցություններն ու դաշինքները: Ակնհայտ է, որ սա դատապարտված նախաձեռնություն է ոչ միայն այն պատճառով, որ հեղինակել է ԱԺ փոքրամասնությունը: Իշխանամետներն անմիջապես կմատնանշեն այն հիմնավորումը, որը բերվել է Մարդու իրավունքների պաշտպանի կամ Քաղաքացիական ծառայության խորհրդի առնչությամբ, թե համաձայն գործող Սահմանադրության՝ ԱԺ-ն չունի նման նշանակումներ անելու լիազորություն: Ի դեպ, եթե անգամ ունենար էլ՝ այն ոչինչ չէր փոխի այժմ Ազգային հանձնաժողովում առկա պատկերում, երբ հանձնաժողովի գերակշիռ մեծամասնությունը քվեարկում է այնպես՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանին է հաճո, իսկ մի երկու հոգի էլ ջանում են լայնախոհություն դրսեւորել: Ներկա ԱԺ-ում ուժերի դասավորությունից դատելով՝ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչներն այդ հանձնաժողովում էլ չէին կարողանա որեւէ հարց լուծել: «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանն անդրադառնալով այն հարցին, թե արդյոք որեւէ դրական ազդեցություն կարող են ունենալ այս օրինագծերը, ինչպես դա խոստացվում է եվրոպացիներին՝ ասաց. «Տպավորություն ունեմ, թե նորից ինչ-որ բարելավման իմիտացիա է արվում՝ խաբելու համար եվրոպական կառույցներին: Ո՛՛չ մի դրվագով ընդհանրապես ոչի՛նչ չեն փոխում այս օրինագծերը եւ հակառակը՝ ավելի որոշակի են դարձնում այն անհեթեթությունները, որոնք առկա են արդեն այսօր: Ավելի է հստակեցվում, թե Գրիգոր Ամալյանն իրավունք ունի անել, ինչ ցանկանում է»: «Ա1+»-ի նախագահը որեւէ դրական փոփոխություն չի ակնկալում նաեւ այն պարագայում, եթե ընդունվեր «Արդարության» օրինագիծը եւ խմբակցությունները որոշեին ՀՌԱՀ անդամներին. «Սա էլ է յուրօրինակ իմիտացիա, թե ցանկանում են ինչ-որ բան բարելավել: Փո՜քր «բարելավում» է, որ մրցույթում քաղաքական պատճառներով պարտված հեռուստաընկերությունն էլ չի կարողանա որոշ հարցերում դիմել քաղաքական ուժերի աջակցությանը: Հստակեցրել են ընդամենն այդ դրվագը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել