Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՒՅՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Օգոստոս 23,2003 00:00

ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՒՅՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ Եվրոպական դիտորդները փորձում են դրանք հավասարակշռել ԵԽ ԽՎ դիտարկման հանձնաժողովը Եժի Յասկերնիայի գլխավորությամբ արդեն չորս օր է, ինչ Հայաստանում է: Այցի նպատակը ԵԽ-ի առջեւ ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարման մոնիտորինգի անցկացումն է: Երեկ մոնիտորինգի հանձնաժողովն այցելեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ նախատեսված ժամանկահատվածից կարճ զրույց ունեցավ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ: Հանդիպումը եւ այս, եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովների նախագահների հետ լրագրողների համար փակ էր: Պատասխանելով «Առավոտին», թե՝ ի՞նչ հարցեր քննարկեցին հանձնաժողովի անդամները մասնավորապես ԿԸՀ նախագահի հետ, պարոն Յասկերնիան ասաց. «Հայաստանում եւ նախագահական, եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել են օրենքի որոշ չարաշահումներ եւ դիտորդներից ոմանք առաջարկել էին փոխել՝ «ՀՀ Ընտրական օրենսգիրքը»: Գ.Ազարյանի հետ մենք քննարկեցինք, թե հատկապես ինչ պետք է փոխել. ընտրական հանձնաժողովների ձեւավորման, քվեների հաշվարկման, դրանք հանրությանը ներկայացնելու կարգերը: Քննարկել ենք նաեւ ընտրական օրենսդրությունը եւ ընտրական պրակտիկան բարելավելու հարցերը, որոնք կբացառեն կեղծքիներն ու այլ օրինախախտումները»: Ընդհանուր առմամբ նկատելի էր, որ դիտարկման հանձնաժողովն այնքան էլ գոհ չէր մասնավորապես ՀՀ-ում կայացած վերջին ընտրություններից հետո ԵԽ-ի՝ ՀՀ իշխանություններին արած առաջարկների եւ դիտողությունների կատարման ընթացքից: Նա նշեց, որ Հայաստանը դեռ որոշակի խնդիրներ ունի. «Հայաստանյան ընտրություններից ստացված տպավորությունը, դժբախտաբար, դրական չէ: Ձեզ հայտնի է եւ ԵԱՀԿ-ի, եւ ԵԽ-ի զեկույցները: Այդ տպավորությունը փոխելու համար Հայաստանը դեռ շատ բան պետք է անի»: Մենք փորձեցինք նաեւ ճշտել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն պնդումը, թե ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունների հաստատումը պայմանավորվում է բացառապես մահապատժի վերացմանը վերաբերող 6-րդ արձանագրության վավերացումով, իսկ ընտրական կամ ժողովրդավարական գործընթացների մասին այդ իմաստով խոսք չկա: «Դա /մեր պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարց բարձրացնելը.- Ն. Մ./ մեր միջնորդությունը չէր, այլ՝ ՀՀ-ում ընտրությունները դիտարկող ԵԽ ԽՎ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում բարձրացված հարց էր: Ընդհանրապես այդպիսի հարցադրումը սովորական երեւույթ է. ամեն անգամ, երբ որեւէ երկրից նոր պատվիրակություն է գալիս Ստրասբուրգ, ԵԽ ԽՎ անդամները իրավասու են միջնորդագրով դիմել եւ հարցականի տակ դնել տվյալ երկրի մանդատի հարցը: Արտառոց ոչինչ չկա: Չի կարելի բացառել, որ ԵԽ ԽՎ որոշ անդամներ այդ հարցն առաջ քաշեն հենց ընտրությունների արդյունքների հիման վրա: Բայց ես, որպես զեկուցող, դեմ եմ այդ մոտեցմանը, որովհետեւ կարծում եմ, որ ՀՀ պատվիրակության մանդատի հարցը պետք է պայմանավորված լինի ԵԽ առաջ ՀՀ հանձնառությունների կատարման ընթացքից՝ նրա ամբողջական եւ ընդգրկուն գնահատման հիման վրա: Բայց 6-րդ արձանագրության վավերացումը մինչեւ ԵԽ ԽՎ հերթական նստաշրջանը խիստ կարեւոր է: Մենք շատ զգուշավոր եւ լուրջ ենք մոտենում ՀՀ կողմից մահապատժի վերացման հարցին, քանի որ ՀՀ-ն ԵԽ համակարգում մահապատիժը չվերացրած սակավաթիվ պետությունների թվում է մնում»,- հավաստիացրեց նա: ՀՌԱՀ-ում ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացուցիչները նախատեսվածից շատ ավելի երկար մնացին: Մենք ստիվպված էինք հարցնել՝ Գրիգոր Ամալյանի հետ քննարկելու շա՞տ բան կար: «Այո: Լրատվամիջոցների ազատությունը Հայաստանի համար շատ կարեւոր խնդիր է: Մեզ հետաքրքրում է ԶԼՄ-ների բազմակարծությունը: Մենք հատկապես հետամուտ ենք «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» մրցույթներին վերաբերող հարցերին: Հայաստանում ոմանք մեզ ասել են, որ իրենց չեն գոհացնում այդ մրցույթների արդյունքները եւ հիմա մենք փորձում ենք պարզել՝ խնդիրը օրինականությա՞ն շրջանակներում է: Արդյոք տնտեսակա՞ն, տեխնիկակա՞ն հարց է, թե՞ քաղաքական որոշում է դա: Ոմանք պնդում են, որ այդ հեռուստաընկերությունների փակումը հատկապես երկրում բազմակարծության վրա բացասաբար է անդրադառնում»: Ե.Յասկերնիայի ասելով, Գ.Ամալյանն իրենց շատ մանրամասն տեղեկություններ է տվել, որոնք մոնիտորինգի հանձնաժողովը կօգտագործի իր զեկույցը կազմելիս: Այդուհանդերձ, պարոն Յասկերնիան մանրամասնեց. «Որքան հասկանում եմ իրավական վարույթ կա, կա նաեւ ՀՌԱՀ-ի որոշումը բողոքարկելու հնարավորություն: Մենք տարբեր կողմերից տարբեր տեսակետներ ենք լսել: Հայաստանում պրոբլեմ կա. տարբեր մարդիկ նույն երեւույթի մասին տարբեր պատմություններ են պատմում: Մենք, որպես՝ զեկուցողներ, փորձում ենք հնարավորինս օբյեկտիվ լինել եւ իրավիճակը հավասարակշռել, որը հեշտ խնդիր չէ»: Պարզեցինք, որ այդ օբյեկտիվ տպավորությունը արտացոլված կլինի միայն հունվարյան զեկույցում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել