ԱՆՕՐԻՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ԸՍՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ «Առավոտի» ընթերցող Շավարշ Խաչատրյանը թերթին ուղղված իր նամակում հիշեցնում է, որ փոխադրական եւ ավարտական քննություններից հետո դպրոցների տնօրենների հրամանով դպրոցի բոլորուսուցիչները համարվում են արձակուրդի մեջ։ Աշխատանքային օրենսգրքի 103 հոդվածի պահանջն է, որ արձակուրդային գումարը աշխատողին վճարվում է արձակուրդ մեկնելուց երեք օր առաջ։ Մինչդեռ արձակուրդի առաջին շաբաթում հազիվ վճարում են հունիս ամսվա աշխատավարձը։ Ստացվում է այնպես, որ արձակուրդային գումար բառակապակցությունը դուրս է եկել շրջանառությունից։ Այս խնդրի շուրջ խմբագրությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել նաեւ ուսուցիչներից: Քաղաքապետարանի կրթության վարչության ֆինանսական բաժնից «Առավոտին» տեղեկացրին, որ դպրոցների՝ որպես պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, ֆինանսավորումն, ըստ նոր կանոնակարգի, իրականացնում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Իսկ այդ ֆինանսավորումը կատարվում է ամեն ամսվա համար առանձին: Կրթության վարչության ֆինանսական բաժնի պետ Լեյլի Եղոյանը հայտնեց, որ դպրոցներ կան, որոնք կարողանում են ներսում ծախսերն այնպես կազմակերպել, որպեսզի ուսուցչին արձակուրդայինը վճարեն ամբողջությամբ: Խնդրի էությունը նույն կերպ բացատրեցին նաեւ Ֆինանսների նախարարության լրատվական բաժնից. «դա դպրոցի ներքին խնդիրն է, մենք չենք կարող ուղղորդել նրանց»: Ֆինանսների նախարարությունը, արդեն 2 տարի, ֆինանսավորումն իրականացնում է ամեն ամսվա համար: Սակայն դպրոցները կարող են, ասենք, վերջին ամիսներին սահմանափակել այլ ծախսերին հատկացվող գումարները՝ դրանց փոխարեն վճարելով արձակուրդայինը: Այսինքն՝ շատ բան կախված է տնօրենի կամքից: Իսկ Աշխատանքային օրենսգիրքը ոչ մի կողմի համար ոչ մի դեր չունի: Միաժամանակ՝ ամեն մեկը գործում է կանոնակարգի համաձայն: Հ.Բ.