Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԿԵՂՏԱՋՐԻՑ

Օգոստոս 22,2003 00:00

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԿԵՂՏԱՋՐԻՑ Էրեբունի համայնքի Արցախի փողոցի թիվ 20/2 շենքի բնակիչներն իրենց շենքի նկուղում տարիներ շարունակ լճացած կեղտաջրերի համար բողոքել են, բնականաբար, ոչ միայն «Առավոտին»։ Տարվա բոլոր եղանակներին շենքի նկուղում տիրող վիճակն առաջին հերթին անդրադառնում է ցածր հարկերում բնակվող մարդկանց առողջության վրա։ Բնակիչների խոսքերով, մարդիկ հատկապես ձմռան ամիսներին հաճախակի հիվանդանում են: «Ցուրտ եղանակին առաջին հարկի բնակարանները նույնիսկ շուրջօրյա ջեռուցելու դեպքում էլ արդյունք չի տալիս, քանի որ նկուղում հավաքված սառցակալած ջուրը մշտապես սառնություն է հաղորդում»։ Իսկ ամռան տապից ուժեղացած կեղտաջրերի հոտը լցվում է բնակարանները՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Շենքի առաջին հարկի մի բնակիչ իր նկուղը ջրից ազատելու համար սեփական միջոցներով ջուր քաշող մեքենա է բերել, սակայն՝ անօգուտ։ Ընդհանուր նկուղից ջուրը կրկին լցվել է։ Չնայած ստեղծված իրավիճակն արտառոց երեւույթ չէ եւ հատուկ է մայրաքաղաքի շատ բազմաբնակարան շենքերին, այնուամենայնիվ, փորձեցինք «Սասունցի Դավիթ 11» համատիրությունից (Արցախի 20/2-ը համատիրության հաշվեկշռում է) տեղեկանալ ձեռնարկվող միջոցառումների մասին։ Համատիրության նախագահ Վերա Սարգսյանի խոսքերով, նկուղի ջուրը վերջին անգամ հեռացվել է այս տարվա փետրվարին։ Իսկ շենքի ներքին ջրային ցանցի վնասված լինելու մասին բնակիչների ենթադրությունները համատիրության նախագահը հերքեց, նշելով, որ «դրանք նորմալ վիճակում են, պարզապես շենքի դիրքը փոս է եւ ձնհալն ու անձրեւաջրերը լճանում են նկուղում։ Մյուս շաբաթ ջուրը պետք է հեռացնենք, իսկ շենքի շրջակայքի անցքերը փակենք։ Մեծ մասշտաբով ծրագրված աշխատանքներ են տարվելու։ Ծրագրով նախատեսված է նաեւ ներքին ջրային ցանցի վերանորոգում»։ Համատիրության նախագահի այն պնդումը, որ Արցախի 20/2 շենքի ներքին ջրային ցանցը նորմալ վիճակում է եւ «մեղավորը» անձրեւաջրերն են, անհասկանալի է դարձնում այն հանգամանքը, թե ինչու է մեծածավալ մասշտաբով ծրագրված աշխատանքներում ընդգրկվել նաեւ ներքին ցանցի վերանորոգումը։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել