Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՈՒԺԵՂՆԵՐԸ

Օգոստոս 22,2003 00:00

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՈՒԺԵՂՆԵՐԸ Համահայկական խաղերում առջեւում է Երեւանի թիմը Մեկօրյա հանգստից հետո Համահայկական երրորդ խաղերի մասնակիցները երեկ վերսկսեցին մարզական պայքարը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աթլետներն ու լողորդները որոշել են հաղթողներին ու մրցանակակիրներին, բայց այդ մարզաձեւերում հանդես եկող սփյուռքահայ մարզիկները չեն շտապում վերադառնալ տուն, այլ գերադասում են եւս մի քանի օր անցկացնել հայրենիքում, հանդիսականի կարգավիճակով ոգեւորել մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներին։ Դեռեւս շարունակվող ութ մարզաձեւերում ավարտվել են նախնական փուլերի մրցումները եւ ասպարեզում մնացել են ավելի ուժեղ թիմերն ու մարզիկ-մարզուհիները։ Բասկետբոլիստներն այս փուլում մրցելու են միայն Մարզահամերգային համալիրում եւ «Գրանդ» մարզասրահում։ Երեկ հանդիպեցին. կանայք՝ Ստեփանակերտ-Փասադենա, Երեւան-Լոս Անջելես, Գյումրի-Մոսկվա, Սպահան-Գլենդել, տղամարդիկ՝ Գլենդել-Ֆրանկֆուրտ, Երեւան-Փասադենա, Վալլեյ-Սոչի, Բեյրութ-Թեհրան քաղաքները։ Վոլեյբոլի մրցաշարում տղամարդիկ հանդես եկան ՖԻՄԱ-ի մարզասրահում։ Զույգեր կազմել էին Վանաձորն ու Թբիլիսին, Նոր Հաճընը ու Գլենդելը։ Թենիսի մարզադպրոցի ծածկած մարզադահլիճում պայքարը շարունակեցին ֆուտզալի մասնակիցները։ Թբիլիսին հանդիպեց Թեհրանի, Երեւանը՝ Ստեփանակերտի, Գյումրին՝ Վանաձորի, Կահիրեն՝ Սան Պաուլոյի հետ։ Իսկ մինչ այդ նույն տեղում կայացան բադմինտոնի եզրափակիչները։ «Դինամո» մարզադահլիճում սեղանի թենիսիստները մրցեցին անհատական պայքարում եւ զուգախաղերում, շախմատիստները Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մասնակցեցին չորրորդ խաղափուլին։ Թենիսիստուհիները «Արարատ» մարզական ակումբի կորտերում մենախաղերում եւ զուգախաղերում ավարտեցին կիսաեզրափակիչ փուլը, իսկ տղաները քաղաքապետարանի թենիսի մարզադպրոցում պայքարեցին անհատական մրցումներում եւ զուգախաղերում՝ քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլին, այստեղ նախնական խաղերից հետո թիմերի գրաված տեղերի հետ կապված որոշ կնճռոտ խնդիրներ կային, որոնք հարթելու համար կազմկոմիտեն նախորդ օրը նիստ էր հրավիրել, թիմերը պետք է մեկնեին Արարատ, Աշտարակ եւ Արտաշատ եւ ուժերը չափեին տեղերի ստադիոններում։ Համահայկական երրորդ խաղերում առաջին երկու օրերի արդյունքով (լողի եւ աթլետիկայի մրցումների ավարտից հետո) տարբեր մաքրության մեդալներ նվաճել են 17 քաղաքների թիմեր, ընդ որում, «ոսկի» իրենց հաշվարկում գրանցել են միայն 6-ը։ Դրանք են. ոսկի արծաթ բրոնզ ընդ. 1. Երեւան 18 10 5 33 2. Թեհրան 3 5 4 12 3. Վանաձոր 2 5 7 14 4. Գյումրի 2 2 2 6 5. Թբիլիսի 2 2 1 5 6. Մոսկվա 1 0 0 1 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել