Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորման»՝ ֆիլմի նորմերով

Օգոստոս 22,2003 00:00

«Նորման»՝ ֆիլմի նորմերով Ռեժիսոր Բորիս Հայրապետյանը փոխել է «Նորմայի» գլխավոր դերակատարին «Պրոֆեսիոնալ կինոն իր օրենքներն է թելադրում եւ Հոլիվուդի աստղերն անգամ պատրաստ են տարբեր անակնկալների, նույնիսկ՝ մերժման։ Մեր մերժված արտիստների հետ էլ «Նորմայի» պարագայում, ընդհանուր հաշվով, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,- կարծում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Բորիս Հայրապետյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նա ՌԴ մշակույթի նախարարության հովանավորությամբ պետք է նկարահանի «Նորմա» ֆիլմ-օպերան։ Հուլիսի վերջին, փորձնական նկարահանումներից հետո կատարվել են դերաբաշխման փոփոխություններ։ Մասնավորապես, նախօրոք որոշված Անահիտ Մխիթարյանը տեղը զիջել է Հասմիկ Պապյանին։ «Համոզված եմ, որ ոչ ոք դեմ չէ՝ ֆիլմ-օպերան պետք է եկամուտ բերի։ Ի վերջո, դա ե՛ւ արվեստ է, ե՛ւ կոմերցիա»,- նկատեց Բ. Հայրապետյանը։ Ի դեպ, նա հասցրել է «քննել» 3 Նորմա՝ Անահիտ Մխիթարյան, Հասմիկ Պապյան, Մարինե Դեինյան։ Ֆիլմում օգտագործված են տարբեր ձայնային էֆեկտներ՝ ձիերի դոփյուն, զինվորի ոտնաձայներ եւ այլն։ «Սա ֆիլմ է, ոչ թե զուտ օպերային ներկայացում»։ Չնայած Բ. Հայրապետյանի համար ամենացանկալի Նորման Հասմիկ Պապյանն է, նա ամեն դեպքում չի թերագնահատում Անահիտ Մխիթարյանին. «Անահիտ Մխիթարյանի Նորմայի մեկնաբանումը վոկալ տեսակետից համարում եմ կատարյալ։ Նրա վոկալը օպերային թատրոնի բեմից չեմ փոխի աշխարհահռչակ որոշ երգչուհիների կատարման հետ»։ Ինչ վերաբերում է Մարինե Դեինյան-Նորմային, ապա ռեժիսորին ավելի շատ գրավել էին երգչուհու օպերային բեմին հատուկ կեցվածքն ու խաղը։ Ըստ Բ. Հայրապետյանի, սակայն, Նորմայի դերում հաստատվել է Հասմիկ Պապյանը, որովհետեւ ունի «էկրանով շահեկան դիտվող արտաքին, գրավիչ աչքեր եւ այն ամենը, ինչ պահանջում է ժամանակակից կինոն»։ Պարզվում է, որ նախնական նկարահանումների ժամանակ միմյանց հետ մրցել են աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյան-Պոլեոնը եւ Կարեն Միրզոյան-Պոլեոնը։ Նույն սկզբունքով տարվել են աշխատանքներ նաեւ մյուս դերերի համար։ Օգոստոսի սկզբից սկսված նկարահանումներին այժմ մասնակցում են Հասմիկ Պապյանը, Գեղամ Գրիգորյանը, օպերային թատրոնի մեներգիչներ Վարդուհի Խաչատրյանը, Միքայել Հովակիմյանը, Վարուժան Մարտիրոսյանը, Ալա Ավետիսյանը։ Էպիզոդներում եւ մասսայական տեսարաններում նկարահանվում են օպերային թատրոնի երգչախմբի, բալետի արտիստները՝ ավելի քան 500 հոգի։ Նկարահանումներն անց են կացվում Խոր Վիրապում, Ամբերդում, Գառնիում, Գեղարդում, Սիսիանում։ Բ. Հայրապետյանը հույս ունի, որ ամբողջությամբ ֆիլմ-օպերան պատրաստ կլինի նոր տարվա նախօրեին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել